HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

STEM Expo 2023` շրջափակված Արցախում

Այսօր՝ օգոստոսի 6-ին Արցախում տեղի ունեցավ Artsakh STEM Expo 2023-ը՝ «Գիտություն և մոտիվացիա» խորագրով: 

Expo-ի հիմնական նպատակն է մեծացնել բնագիտամաթեմատիկական առարկաների նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների և ուսանողների շրջանում: Տեղի ունեցանլ պանելային քննարկումներ, գիտական, ինժեներական, տեխնոլոգիական և բիզնես ոլորտների խոսնակների փորձի փոխանակում, գիտական, ինժեներական, աշակերտական-ուսանողական խմբերի հետազոտական արտադրանքների և աշխատանքների ցուցահանդես և STEM գաղափարների մրցույթ: 

Պանելային քննարկումը «STEM-ը կյանքում և բիզնեսում» թեմայով էր: Որպես բանախոսներ հանդես եկան Շուշիի տնտեսագիտական համալսարանի Ճարտարապետաշինարարական ֆակուլտետի դեկան Մանուշակ Տիտանյանը, «GG» ընկերության հիմնադիր տնօրեն Խաչատուր Գրիգորյանը, «Կապիտալ Սոֆթ» ընկերության հիմնադիր տնօրեն Արթուր Մնացականյանը: 

Երկու տարի է՝ Արցախում իրականացվում է Artsakh STEM Expo: 2022 թվականին այն տեղի ունեցավ Մարտակերտի շրջանի Մարտակերտ քաղաքում՝ ավելի քան 300 մասնակիցներով Արցախից ու Հայաստանի տարբեր շրջաններից: 

Կազմակերպիչներից Քրիստինե Կարապետյանն ասում է, որ շրջափակման պատճառով այս տարի Հայաստանից մասնակիցներ չկան: 

«Շրջափակման պատճառով մտավախություն կար, որ այս տարի Expo-ն չի  կազմակերպվի: Բայց որոշեցինք, որ այն անպայման պետք է տեղի ունենա՝ հատկապես ելնելով շրջափակված լինելու փաստից: Մենք սրա կարիքը շատ ունեինք: Ընտրել ենք հիբրիդային տարբերակը. խոսնակների մի մասն այստեղ՝ Ստեփանակերտում է, մյուս մասը՝ Հայաստանում, որոնք մասնակցում են հեռավար: Այս տարի գրանցվել է 120 հոգի, սակայն Արցախի շրջաններում գրանցվածները նույնպես չեն կարողացել գալ Ստեփանակերտ՝ տրանսպորտի բացակայության պատճառով»,- ասում է Քրիստինեն: 

Նրա խոսքով՝ միջոցառման նպատակն է ցույց տալ երիտասարդներին, որ գիտական ոլորտը մեծ հնարավորությունների աշխարհ է: 

Expo-ի ընթացքում կազմակերպվեց նաև գաղափարների մրցույթ, հաղթողներին տրվեց մենթորության հնարավորություն: Մենթորները հետագայում կցվում են հաղթած թիմերին՝ ներկայացված գաղափարի զարգացման ու իրականացման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter