HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտ․ Ռուզան Աբրահամյանի ծաղկանոցն ու ժենգյալով հացը

Ռուզան Աբրահամյանն ամեն առավոտ ժամը 5-ին հասնում է Ստեփանակերտի Սասունցի Դավիթ փողոցի վրա գտնվող, ծաղկի խանութ հիշեցնող իր փոքրիկ տարածքը: Այստեղ նա 2020 թվականի մայիսից ժենգյալով հաց է թխում: 

Ասում է՝ պետք է շուտ գա շուկա, որ հասցնի անհրաժեշտ կանաչիները հայթայթել: Երբ գյուղից՝ Շոշից եկող մեքենա է լինում, կանաչին քույրն է ուղարկում: Շրջափակման պայմաններում նույնիսկ Ստեփանակերտի կենտրոնական շուկայում կանաչի գտնելը գրեթե անհնար է։ 

«Այսօր, օրինակ, ճակնդեղի թուփը Ակնաղբյուրից տեղահանված մի կնոջից եմ գնել։ Այստեղ` Ստեփանակերտում է ապրում, տնամերձ հողատարածքն էլ մշակում է, ստացված բանջարեղենը վաճառում»,- ասում է Ռուզան Աբրահամյանը։ 

Նա մասնագիտությամբ մանկավարժ է։ 55 տարեկանում որոշեց թողնել աշխատանքը և նոր գործ սկսել: 

«40 տարի աշխատել եմ որպես մանկավարժ, երկու տարի՝ Շոշ գյուղում, որն իմ  ծննդավայրն է, ամուսնանալուց հետո էլ՝ Ստեփանակերտի երեք տարբեր դպրոցներում: Մանկավարժի աշխատանքը Արցախում չի գնահատվում: Ես էլ որոշեցի թողնել այդ գործը և ուրիշ բանով զբաղվել: Ամենադժվարը հոգեբանական պատնեշը հաղթահարելն էր: Հիմա եթե ուզենամ, օդաչու էլ կարող եմ դառնալ»,- ասում է Ռուզան Աբրահամյանը՝ ժենգյալով հացի սեղանը կարգի բերելով:

Պետք էր շարունակել աշխատանքը, բայց լույսերը չպլանավորված անջատվում են: Արցախում 2023 թվականի հունվար ամսից հովհարային անջատումներ են։ Էլեկտրամատակարարումը կատարվում է գրաֆիկով։ Բայց երբեմն լինում են չնախատեսված անջատումներ։ Երբ խանութում լույս չի ունենում, գիրք է կարդում, միայն թե գրառումներ անելու ժամանակ չի ունենում։

Ասում է` եղած ժամանակ էլ էլեկտրականությունն այնքան թույլ է, որ մի ժամ ստիպված է լինում սպասել մինչև սալօջախը տաքանա: 

«Վիճակը ծանր է։ Շուկայում արդեն առանց ձեթ են թխում։ Իմ ունեցածն էլ շատ չէ` կտավատի ձեթի շիշը կեսից շատ դատարկ է, արևածաղկինը` կեսից շատ լիքը»,- ասում է նա` մատով ցույց տալով ալրոտ շշերը։

Տեղական ալյուրը, ասում է, մի քիչ խոնավ է, որակն այնքան էլ լավը չէ, գրտնակելիս խմորը ճղվում է:

«Թեկուզ վատ որակով, բայց դա էլ մի կերպ ենք ձեռք բերում։ Ծանոթներիս եմ խնդրում, ընկերներիս, բարեկամներիս»,֊ նշում է նա։

Մեր հանդիպումից մի քանի օր առաջ սոխի կիլոգրամը 1400 դրամով են գնել։

«Շուկան հո գրասենյակում չեն կարգավորում։ Եթե ապրանքը քիչ է, գնորդը` շատ, ուրեմն թանկ է լինելու: Սա շուկայի առաջին օրենքն է։ Ինչքան ապրանքը շատ լինի, այնքան էժան կլինի»,- ասում է Ռուզան Աբրահամյանը: 

Ռուզանի տարածքը շատերը ծաղկի խանութի հետ են շփոթում: Որտեղ ինչ գեղեցիկ ծաղիկ է գտնում, բերում աճեցնում է, փողոցն ավելի գեղեցկացնում։ 

«Սիրում եմ բույսեր, ծաղիկներ աճեցնել։ Գյուղում մեր բարեկամի հողատարածքը զրոյից սկսել եմ մշակել, բռունցքի չափ կարտոֆիլ էի աճեցնում»,- հիշում է Ռուզան Աբրահամյանը։

Ասում է` չգիտի՝ դեռ ինչքան կկարողանա աշխատել, բայց հույսը չի կորցնում։ 

«Ես գիտեմ` երբ իմ ձեթը լրիվ վերջանա, ինչ-որ մեկը ինձ կամ կնվիրի, կամ ես կգտնեմ ինչ-որ տեղից: Ալյուրս հիմա վերջանալու վրա է։ Ընկերներ, բարեկամներ, ով ինչքան կարողանա, եղածով-պահածով` կօգնի»,- ասում է Ռուզան Աբրահամյանը։ 

Զրույցից հետո նա շտապում էր հանրային սննդի կետերում աշխատողների հանդիպմանը, որը կազմակերպել էր Արցախի պետական եկամուտների կոմիտեն։ 

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է շրջափակման մեջ։ 2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Հակարիի կամուրջը, որը գտնվում է Արցախի ու Հայաստանի սահմանագծին: 2023 թվականի հունիսի 15-ից Ադրբեջանը արգելափակել է հումանիտար բեռների ներկրումը Արցախ։ 240 օր է Ստեփանակերտ-Գորիս մայրուղով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 669 բուժառու համապատասխան բուժում ստանալու նպատակով: Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 172 օր ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումն ամբողջությամբ խափանված է արդեն 210 օր շարունակ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter