HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

«Ուզել են ինչ-որ բան սարքեն, բայց շատ անգրագետ ձևով են արել». կալանավորված դատավորի գործի քննությունը շարունակվում է

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ օգոստոսի 7-ին, շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի (լիազորությունները կասեցված են), նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործի քննությունը: Նախագահող դատավորն էր Վահե Դոլմազյանը: 

Հիշեցնենք՝ Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը` փոխելով Սերգեյ Գրիգորյանի խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատելով կալանքից։ 

Ըստ մեղադրող կողմի` Սերգեյ Գրիգորյանը Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է: Իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Արուսյակ Ալեքսանյանն արդեն 10 ամիս է` կալանավորված է: Էրիկ Ալեքսանյանն ազատ է արձակվել կալանքից:

Այսօրվա դատական նիստին շարունակվեց գործում առկա գրավոր ապացույցների հետազոտումը: Հանրային մեղադրող Արմեն Գևորգյանը ներկայացրեց Սերգեյ Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդության մակագրման մասին փաստաթղթերը: Ներկայացնելուց հետո Գևորգյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ ամփոփելով այդ փաստաթղթերում առկա բովանդակությունը:

Նա նշեց, որ այդ միջնորդությունը 2022-ի սեպտեմբերի 17-ին` ժամը 16:55-ին, ուղարկվել է դատարանի նախագահի պաշտոնակատար Գագիկ Պողոսյանի մակագրմանը, որը ժամը 17:51-ին այն մակագրել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, որից հետո ժամը 18:03-ին վերադարձվել է Գագիկ Պողոսյանին` վերամակագրման, և վերջինս 18:05-ին վերամակագրել է Արմեն Շիրոյանին ու վերադարձրել Կենտրոնի դատարան:  

«Այս ժամանակագրական հաջորդականությունը հատկապես եմ ցանկանում նշել, որովհետև հաջորդիվ հետազոտվելիք փաատաթղթերը, այդ թվում` հեռախոսային զանգերի վերծանումները ուղիղ կապվում են նաև այս ժամանակագրական հաջորդականությանը»,- ասաց Գևորգյանը:

Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանն ասաց, որ դատարանի նախագահը իրավունք ունի մեկ դատավորին մակագրած համապատասխան միջնորդությունը վերամակագրելու մեկ այլ դատավորի: «Միջնորդությունը պարտադիր չէր, որ քններ Արմեն Շիրոյանը, քանի որ այդ միջնորդությունը չի հանդիսացել անհապաղ քննության ենթակա միջնորդություն»,- ասաց նա:

Արուսյակ Ալեքսանյանն ասաց, որ ունի 4 հարց, որոնք ունեն առանցքային նշանակություն այս գործի հանգուցալուծման կապակցությամբ․

  • արդյոք կալանքը վերացնելու կամ այլընտրանքային խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը անհապաղ քննությա՞ն է ենթակա․ պատասխան՝ ոչ,
  • արդյոք անհապաղ քննության ենթակա միջնորդությունը ենթակա՞ է ձեռքով մակագրման․ պատասխան՝ ոչ,
  • ձեռքով մակագրելուց հետո արդյոք դատարանի նախագահը իրավասու՞ էր այն հետ պահանջելու․ պատասխան՝ ոչ,
  • երդյոք ես՝ որպես դատավոր, ում մակագրված է եղել տվյալ միջնորդությունը, ունե՞ի պարտականություն այն վերադարձնելու, եթե դատարանի նախագահը այն պահանջել է․ պատասխան՝ ոչ:

Ալեքսանյանն անդրադարձավ նաև իրեն մեղսագրվող արարքին՝ լիազորությունների անցմանը: Նրա խոսքով՝ մեղադրանքի մեջ չի նշվում գեթ մեկ իրավական դրույթ, որով իր լիազորություններն անցել են: «Մատնանշվում է ինչ-որ պայմանավորվածություն, որ իբր ձեռք է բերվել իմ և դատարանի նախագահի, դատարանի նախագահի և Աջափնյակ 1 նստավայրի դատավորների միջև»,- ասաց Արուսյակ Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ նման պայմանավորվածություն չի եղել, նման պայմանավորվածության մասնակից չի եղել: Ալեքսանյանն ասում է՝ եթե նույնիսկ այդպիսի պայմանավորվածություն լիներ, ապա պայմանավորվածություններից շեղվելու հետևանքով անձը չէր կարող ենթարկվել քրեական պատասխանատվության:

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ միջնորդությունը քննելիս չի եղել օրենքի հիման վրա ստեղծված դատարան: Նա այդ հանգամանքը բացատրելու համար մատնանշեց 2 հատկանիշներ:

Ըստ Էրիկ Ալեքսանյանի՝ առաջին հանգամանքն այն է, որ Արուսյակ Ալեքսանյանը անցել է իր լիազորությունները, որովհետև քննել է մի միջնորդություն, որն արդեն իսկ վերամակագրված է եղել մեկ այլ դատավորի: Սակայն Ալեքսանյանի խոսքով՝ վերամակագրման թերթիկը դատավոր Արմեն Շիրոյանի աշխատակազմ չի հասել, չի հասել նաև Արուսյակ Ալեքսանյանի աշխատակազմ: Նա մեջբերեց Գագիկ Պողոսյանի գրությունը, որտեղ նշված է եղել, թե աշխատակիցը, որը ունեցել է պարտականություն վերամակագրման թերթիկը համապատասխան դատարան ուղարկելու, նշել է, որ այդ թերթիկը ծանրաբեռնվածության պատճառով չի հասել: Ալեքսանյանը հարցրեց, թե ինչպե՞ս կարող է խոսք գնալ լիազորություններն անցնելու մասին, եթե վերամակագրման թերթիկը չեն ստացել երկու դատավորները:

Ալեքսանյանը խոսեց նաև գործում առկա այն հանգամանքի մասին, թե Գագիկ Պողոսյանը հեռախոսազանգի միջոցով հետ է պահանջել դատավոր Արուսյակ Ալեքսանյանի աշխատակազմից այդ միջնորդությունը: Նրա համոզմամբ՝ դատարանի նախագահը նման լիազորություն չուներ, իսկ Արուսյակ Ալեքսանյանն էլ նման պարտականություն չուներ վերադարձնելու: «Ունեմ համապատասխան փաստաթուղթը, ունեմ համապատասխան ապացույցը, որ այդ հարցի վերաբերյալ տալիս են միանշանակ պատասխան: Այն կներկայացնեմ համապատասխան փուլում»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Արուսյակ Ալեքսանյանն էլ կրկնեց. «Եթե նույնիսկ հաստատված համարենք, որ վերամակագրության թերթիկը հասել է, եթե նույնիսկ  հաստատված համարենք շինծու վկաների ցուցմունքները, որ իբր ես տեղեկացված եմ եղել, բայց այդպիսի ցուցմունք էլ չկա, միևնույնն է, ես որևէ պարտականություն չեմ ունեցել այդ միջնորդությունը վերադարձնելու»:

Նրա խոսքով՝ այդ թերթիկը ֆիզիկապես չի հասել, և չկա գեթ մեկ անձ, որ ցուցմունք տված լինի, որ ինքն այդ չհասնելու գործընթացի հետ կապ ունի: «Ուզել են ինչ-որ բան սարքեն, բայց շատ անգրագետ, շարքային ձևով են սարքել: Այս գործը երկար չի դիմանա, ինչքան էլ դուք կամ մեղադրանքի կողմը ցանկանաք ձգել»,- ասաց Արուսյակ Ալեքսանյանը:

Դատավոր Վահե Դոլմազյանը հարցրեց, թե ինչ նկատի ունի՝ ասելով ձգել: Ալեքսանյանն էլ ասաց, թե հունվարի 4-ից գործը վարույթում է, շուրջ 6 ամիս եղել են նախնական դատալսումներ, իսկ «ձգելու» հանգամանքը պայմանավորված է նրանով, որ դատարանը չի համաձայնել պաշտպանական կողմի այն խնդրանքին, որ ի սկզբանե հարցաքննվեն վկաները, այլ որոշել է, որ պետք է փաստաթղթերը հետազոտվեն: Ալեքսանյանի համոզմամբ՝ գործի քննությունը արհեստականորեն ձգձգվում է, որ որքան հնարավոր է՝ ինքը մնա կալանքի տակ: 

Դատավոր Վահե Դոլմազյանն էլ նշեց, որ դատաքննությունը երկար է տևել, քանի որ ապահովվել է դատավարության մասնակիցների խոսքի իրավունքը: Նա հիշեցրեց Ալեքսանյանին, թե ինչքան երկար ժամանակ էր տրամադրում վերջինիս պաշտպաններին խոսելու համար:

Ալեքսանյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը խնդրեց դատարանին իր պաշտպանյալի հուզական թվացող խոսքերն ընդունել ըմբռնումով՝ հաշվի առնելով, որ ներկայում անազատության մեջ է:

Հանրային մեղադրող Արմեն Գևորգյանն ասաց, որ ընդունում է Մանուկյանի նկատառումը, թե Ալեքսանյանի հայտարարությունները պայմանավորված են հուզական վիճակով և անազատության մեջ գտնվելով: «Սակայն տիկին Ալեքսանյանի հայտարարությունները ես կապում եմ ոչ այնքան հուզական վիճակի հետ, այլ առավելապես իր նախկին գործունեության բնույթի և ուղղվածության հետ»,- ասաց նա: Հանրային մեղադրողը հայտնեց, թե փաստաթղթերով հիմնավորված է, ինչ «գրագիտությամբ» է գործել Արուսյակ Ալեքսանյանի աշխատակազմը: 

Հանրային մեղադրողը հայտնեց նաև, որ միջնորդության քննության օրը դատավոր Արմեն Շիրոյանը, որին վերամակագրվել էր կալանքը փոխելու մասին միջնորդությունը, եղել է գործող դատավոր, գտնվել է հերթապահության մեջ: Նա անդրադարձ կատարեց Արուսյակ Ալեքսանյանի այն հայտարարությանը, որ ինքը պարտավորություն չի ունեցել վերադարձնելու որևէ միջնորդություն: «Այնինչ, հետազոտված ապացույցով հաստատվեց, որ ոչ միայն նման կարգ է գործել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աջափնյակ 1 նստավայրում, այլև վիճարկվող միջնորդության մուտքագրմնան օրը Արուսյակ Ալեքսանյանի կազմի կողմից դատավոր Արմեն Շիրոյանի կազմին է փոխանցվել մակագրված մեկ այլ միջնորդություն»,- ասաց Արմեն Գևորգյանը:

Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանը նշեց, որ եթե տվյալ միջնորդության դիմաց չկա իր ստորագրությունը, ապա նշանակում է՝ չի ստացել դա: Նրա խոսքով՝ շատ են լինում դեպքեր, երբ աշխատակիցները սխալմամբ միջնորդությունը նշում են այլ դատավորի անվան տակ, հետո ուղղում են սխալը՝ վրան գիծ քաշելով: Թամարա Պետրոսյանը նկատի ուներ, որ դատախազի հիշատակած միջնորդությունը, հնարավոր է, եղել է աշխատակիցների սխալը, քանի որ իր ստորագրությունը դրա դիմաց առկա չէ:

Դատական նիստը ավարտվեց, գործով հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 1-ին՝ 12:00-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter