HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ինչպես է քաղաքապետարանի պաշտոնյան դուրս մղել մրցույթում հաղթած ընկերությանը

Երևանի քաղաքապետարանը հայտարարված մրցույթի արդյունքում «Իմպեքս» ՍՊԸ-ի հետ կնքել է ճանապարհային նշանների տեղադրման պայմանագիր: Սակայն, աշխատանքները դեռ չսկսած՝ քաղաքապետարանը միակողմանի լուծել է կնքված պայմանագիրը: Քաղաքապետարանն ընկերությունից պահանջել է 10 տարվա բանկային երաշխիք, ինչի կատարումը գրեթե անհնար է:

Պայմանագիրը լուծելուց հետո քաղաքապետարանը նոր մրցույթ է հայտարարել՝ հանելով այդ պահանջը, ինչը «Իմպեքս» ընկերությանը հիմք է տալիս ենթադրելու, որ պարզապես ցանկացել են իրենցից «ազատվել»:

Քաղաքապետարանը լուծել է նաև ընկերության հետ կնքված մեկ այլ պայմանագիր՝ հաշվի չառնելով, որ դեռ 4 ամիս առաջ այդ պայմանագրով ստանձնած պարտավորություններն ընկերությունը կատարել է:

Այժմ ավելի մանրամասն։

«Իմպեքս» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև 2023թ. փետրվարին կնքվել է ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքների կատարման պայմանագիր: Այդ ընթացքում մրցույթի մասնակիցներից «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ն դատական կարգով բողոքարկել է արդյունքները:

Քաղաքապետարանը, հաշվի առնելով հրատապ կարիքը, ցածր գին առաջարկած «Իմպեքս» ՍՊԸ-ի հետ մարտի 3-ին, մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով (առանց մրցույթի) կնքել է ճանապարհային նշանների տեղադրման պայմանագիր: Գինը կազմել է մոտ 9 մլն 636 հազ. դրամ: Իհարկե, այս պայմանագիրն ավելի փոքր ծավալներ ունի, քան մրցույթի արդյունքում կնքված պայմանագիրը:

Բողոքարկման գործընթացների ավարտից հետո, երբ մերժվել է «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ի հայցը, քաղաքապետարանը հունիսի 6-ին «Իմպեքս»-ին ուղարկել է համաձայնագիր կնքելու ծանուցում: Զուգահեռ նշել է, որ պայմանագրի որակավորման և կատարման ապահովումները պետք է ներկայացվեն բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով: Պայմանագրի կատարման համար թողարկման երաշխիքային ժամկետը պետք է լինի 10 տարի:

«Իմպեքս» ՍՊԸ-ի տնօրեն Միքայել Շահնազարյանն ասում է, որ  առաջին անգամ է հանդիպում դեպքի, երբ պահանջում են 10 տարվա բանկային երաշխիք: Ավելին, նշում է, որ Երևանի քաղաքապետարանը, թե այս տարի, թե նախորդ տարիներին նույն բնութագրերով պայմանագրեր է կնքել և նման պահանջ երբևէ չի ներկայացրել:

«Պայմանագրի տեխնիկական բնութագրով աշխատանքի կատարման 10 տարի երաշխիքային ժամկետ ի սկզբանե չի սահմանվել: 10 տարի երաշխիքային ժամկետը վերաբերում է բացառապես ճանապարհային նշանների թաղանթին: Իսկ մենք այդ հավաստագիրը ներկայացրել ենք, որ ապահովում ենք թաղանթի 10 տարվա որակը: Քաղաքապետարանի նման մոտեցումը խտրական վերաբերմունք է մեր նկատմամբ»,- ասում է Միքայել Շահնազարյանը:

Ընկերության տնօրենի փոխանցմամբ՝ քաղաքապետարանի հետ պայմանագիրը կնքվել է հիմք ընդունելով գնանշման հարցման դրույթները: Այնտեղ թվարկված է 17 անվանում ապրանք, որոնցից միայն 2-ի՝ լուսային փարոսիկների և փարոսի փայլաթերթի դեպքում է պահանջվում 10 տարվա երաշխիք, այն էլ՝ տեխնիկական բնութագրին համապատասխան վկայականի առկայությամբ:

Տեխնիկական բնութագրում գրված է, որ «նշանները պետք է պատրաստված լինեն 0,8մմ հաստությամբ ցինկապատ թիթեղից, ցինկային ծածկույթի հաստությունը պետք է կազմի նվազագույնը՝ 15 մկմ, բարձր լուսային ինտենսիվություն ունեցող լույսանդրադարձնող Б դասի միկրոպրիզմատիկ փայլաթերթից, հումքը՝ ակրիլ։ Երաշխիք՝ 10 տարի, աշխատանքային ջերմաստիճանը՝ -40˚C- +80˚C/, վերոնշյալ տեխնիկական բնութագրին համապատասխան վկայագրի առկայություն»:

Այս պայմաններում Միքայել Շահնազարյանը ոչ իրավաչափ է համարում բոլոր ապրանքատեսակների համար 10 տարվա բանկային երաշխիքի հարցը բարձրացնելը, երբ նման պահանջ դրված չի եղել: Նախորդ տարիներին քաղաքապետարանը բավարարվել է միայն տեխնիկական բնութագրին համապատասխան վկայականով՝ չպահանջելով բանկային երաշխիք:

Ավելին՝ պայմանագիրը վերաբերում է ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ կատարելուն, հետևաբար կարևոր հանգամանք է աշխատանքների կատարումը, որից հետո էլ պետք է վերադարձվի բանկային երաշխիքը: Այս պայմաններում ընկերության տնօրենն անտրամաբանական է համարում 10 տարվա երաշխիքի սահմանումը, երբ նախատեսված է, որ աշխատանքների ավարտից 5 օր անց բանկային երաշխիքը վերադարձվում է:

Միքայել Շահնազարյանի փոխանցմամբ՝ ստացվում է, որ քաղաքապետարանը պայմանագիրը կնքելուց հետո էական պայման է փոխում: Մինչդեռ, եթե այդ մասին հայտարարվեր սկզբում, գուցե չմասնակցեին մրցույթին: 10 տարվա բանկային երաշխիքի պահանջը գումարային առումով 8 մլն դրամ է, որն ընկերության գրեթե ողջ շահույթն է, ինչը քաղաքապետարանը պահանջում է ի պահ հանձնել 10 տարի ժամկետով:

«Իմպեքս» ՍՊԸ-ն 2023թ. հունիսի 23-ին դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Երևանի քաղաքապետարանի գործողությունները, որը վերաբերում է աշխատանքի և ապրանքի 10 տարվա բանկային երաշխիք պահանջելուն:

Ընկերության փաստաբանները նշել են, որ բողոքարկումն ինքնաբերաբար կասեցնում է գնման գործընթացը, այսինքն բոլոր գործողությունները` մինչեւ վեճի քննության արդյունքներով առաջին ատյանի դատարանի կայացրած եզրափակիչ դատական ակտի ուժի մեջ մտնելը: Մինչդեռ քաղաքապետարանը 30.06.2023թ. պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ ծանուցում է ուղարկել «Իմպեքս» ՍՊԸ-ին:

«Իմպեքս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Սեդրակյանը  քաղաքապետարանին գրավոր տեղեկացրել է, որ աշխատանքի և ապրանքի 10 տարի երաշխիքային ժամկետով բանկային երաշխիք պահանջելու վերաբերյալ քաղաքապետարանի գործողությունները բողոքարկվել են, մասնավորապես՝ ներկայացվել է հայցադիմում: Ընդ որում՝ հայցադիմումի օրինակն ուղարկվել է նաև քաղաքապետարան: Հետևաբար պետք է պահպանեն օրենքի պահանջը և որևէ քայլ չձեռնարկեն:

Պարզվել է, այս ընթացքում քաղաքապետարանն ավելի է խորացրել վիճակը: Ոչ միայն ընկերության հետ լուծել է պայմանագիրը, այլև հայտարարել է ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքների կատարման նոր մրցույթ ու փոփոխություն կատարել բնութագրերում: Մասնավորապես՝ նշել են, որ «լույս անդրադարձնող փայլաթերթի համար արտադրողը պետք է տրամադրի երաշխիքային հավաստագիր՝ 10 տարի, աշխատանքային ջերմաստիճանը՝ -40˚C- +80˚C/, վերոնշյալ տեխնիկական բնութագրին համապատասխան վկայագրի առկայություն»: Այսինքն այն, ինչն ապահովել էր արդեն մրցույթը հաղթած «Իմպեքս» ՍՊԸ-ն: Սրանից էլ ակնհայտ է դառնում, որ հաղթող ճանաչված ընկերության նկատմամբ քաղաքապետարանը որոշ վերապահումներ ունի:

Օրեր առաջ էլ՝ օգոստոսի 1-ին, քաղաքապետարանից ստացել են հերթական ծանուցումը՝ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով մարտին կնքված պայմանագիրը՝ մոտ 5 մլն դրամի չափով, միակողմանի լուծելու մասին: Քաղաքապետարանից նշել են, թե «Իմպեքս» ընկերությունը խախտել է ժամկետները:

«Ապրիլի վերջով աշխատանքները լրիվ կատարված էր, որի մասին այդ ժամանակ ծանուցել ենք քաղաքապետարանի տրանսպորտի վարչությանը, բայց քանի որ նրանք ուղարկել էին պայմանագրի արժեքը գերազանցող հայտեր, դիմել էինք իրենց, որ պայմանագրի արժեքը թույլատրելի մինչև 10%-ի չափով ավելացնեն։ Ստացել ենք դրական պատասխան։ Նրանք պետք է գումարն ավելացնեին ու հաշիվ գրեինք, վճարեին գումարը։ Գումարի մի մասը փոխանցել են, բայց մնացած մոտ 5,5 մլն դրամի չափով նշանները տեղադրված են արդեն 4 ամիս, ու փոխանցում չի կատարվել: Փոխարենը ստացանք գրություն, որ մեր պայմանագիրը միակողմանի լուծում են: Սա աբսուրդ է, նշանները վաղուց տեղադրված են»,- ասում է Միքայել Շահնազարյանը:

Ընկերության տնօրենը ցույց է տալիս գումարի չփոխանցված մասի հաշիվ-ապրանքագիրը, ինչը քաղաքապետարանը նույնպես ստորագրել է։ Հանձնման-ընդունման ակտերը ևս ստորագրված են, սակայն ընկերությանը չեն փոխանցում: Շահնազարյանի խոսքով՝ քաղաքապետարանի աշխատակիցը մի քանի անգամ sms հաղորդագրությամբ հայտնել է ընկերությանը, որ ակտերը վարչության պետի մոտ են, բայց չի տալիս:

«Մենք արդեն 4-5 տարի է՝ զբաղվում ենք պետական գնումներով, բայց նման ռեկետ դեռ չէինք տեսել։ Քաղաքապետարանի հետ էլ ենք շատ աշխատել, ոչ մի վարչություն նման պահվածք թույլ չի տվել»,- նշում է «Իմպեքսի» տնօրենը։

Նշենք, որ «Իմպեքս» ընկերության մասնակցությամբ երկու պայմանագրերի լուծումն էլ եղել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանի պաշտոնավարման ժամանակ:

Կարևոր է նշել այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետարանը ճանապարհային նշանների մրցույթում պարտված «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ին «չի նեղացրել»: 2023թ. մարտի 20-ին վերջինիս հետ կնքել է ճանապարհների գծանշման աշխատանքների պայմանագիր՝ մոտ 365 մլն 401 հազ. դրամ ընդհանուր արժեքով:

«Հետք»-ը դեռ հունիսին գրել էր, որ 2023թ. ընթացքում պետական և համայնքային մարմինները մոտ 1 միլիարդ դրամի գնում են կատարել «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ից, որի սեփականատերն ու տնօրենը մեղադրվում է պետությունից խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար (256 մլն դրամ) հափշտակելու մեջ։ Երևանի քաղաքապետարանը ևս պատվիրատուների ցանկում է:

Մասնավորապես՝ «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ի 100% բաժնեմասի սեփականատերն ու տնօրենը Հակոբ Ստեփանյանն է, որը տնօրենի պաշտոն է զբաղեցրել նաև ճանապարհային գծանշումներով զբաղվող «Ուկռինվեստ» ՍՊԸ-ում։ Այս ընկերությունը ևս պետգնումների ակտիվ մասնակից է եղել։

Հատուկ քննչական ծառայությունը 2020թ․-ին հայտնել էր, որ 2018-2019թթ․ «Ուկռինվեստ» ընկերության տնօրեն Հակոբ Ստեփանյանը, ինչպես նաև ընկերության հետ փոխկապակցված այլ անձինք, խմբով՝ նախնական համաձայնությամբ, կազմակերպել և կատարել են խարդախություն՝ խաբեության եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով` մոտ 256 միլիոն դրամ, ինչպես նաև կազմել և օգտագործել են կեղծ փաստաթղթեր:

Գործը 2021թ. ապրիլից գտնվում է դատարանում և արդեն 2 տարուց ավել քննվում է:

Ո՞վ է Վազգեն Հարությունյանը և ինչու է մրցույթների հարցում շահագրգռված

Վազգեն Հարությունյանը  «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնից ազատվել է 2023թ. մայիսի 3-ին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանի որոշմամբ: Դրանից հետո նշանակվել է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար:

Դեռևս 2020թ․-ին Քննչական կոմիտեն կեղծ փաստաթղթեր կազմելու և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ Երևան համայնքին պատկանող «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ից մոտ 771 մլն 463 հազ. դրամին համարժեք 1 մլն 598 հազ. 490 ԱՄՆ դոլար հափշտակելու վերաբերյալ տվյալներ է ձեռք բերել «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի բաժնետոմսերը Երևան համայնքին նվիրաբերելու գործընթացում։

Մասնավորապես՝ Հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանը «հորդորել» էր «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությունը նվիրատվությամբ հանձնել Երևան համայնքին։ Փաստացի ընկերությունը «նվիրաբերելու» փոխարեն վաճառելու նպատակով, «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը Երևան համայնքին նվիրատվությամբ փոխանցելու վերաբերյալ բանակցություններից օրեր առաջ՝ 2016թ. հոկտեմբերին, նախնական համաձայնության գալով ընկերության տնօրենի հետ` ընկերության սեփականատերը կազմել և ընկերության տնօրենի ստորագրմանն է ներկայացրել իրականությանը չհամապատասխանող` 10.02.2013թ.-ի թվագրմամբ «Փոխառության պայմանագիր» վերտառությամբ կեղծ փաստաթուղթ: Ըստ որի՝ Բելիզում գրանցված ՍՊԸ-ն, իբրև պարտավորվել է «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ին, տրամադրել փոխառություն՝ 1.999.990 ԱՄՆ դոլարի չափով՝ մինչև 08.06.2017թ. մարման պահանջով, տարեկան 21% տոկոսադրույքով՝ սկսած 2013թ. հունիսի 18-ից, ինչի հետևանքով «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից Բելիզում գրանցված ընկերության հանդեպ «ստանձնած պարտավորությունների» չափը արհեստականորեն ուռճացվել է:

Հետագայում, Երևան համայնքի ենթակայությանն անցած «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից Բելիզում գրանցված ՍՊԸ-ի հանդեպ ունեցած՝ ընկերության նախկին բաժնետիրոջ և տնօրենի հանցավոր գործողությունների արդյունքում արհեստականորեն ուռճացված, պարտավորության մարման նպատակով Երևան քաղաքի ավագանու` 30.05.2017թ. որոշմամբ` «Փարկինգ Սիթի Սերվիս»-ն ներգրավել է 3.300.000 ԱՄՆ դոլարի չափով վարկային միջոցներ, որոնք իբր ուղղել է փոխառության գումարի մարմանը:

Այդ ժամանակ, ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տվյալների, ընկերության տնօրենը եղել է Վազգեն Հարությունյանը:

Վազգեն Հարությունյանն անցնում է նաև ապօրինի գույքի բռնագանձման գործով: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի արդեն նախկին տնօրեն Վազգեն Հարությունյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • չորս անշարժ գույք, որոնցից երեքը՝ Երևան քաղաքում, մեկը՝ Կոտայքի մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները՝ 324 միլիոն 452 հազար 500 դրամ, մեկ շարժական գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, մեկ իրավաբանական անձում մասնակցության իրավունք,
  • 17 մլն 771 հազար 372 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ անհնար է նույնականացնել և բռնագանձել,
  • 107 մլն դրամ և 140 հազար ԱՄՆ դոլար ներդրված ավանդ,
  • 27 մլն 435 հազար 443 դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ։

«Հետքն» անդրադարձել է, որ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի բաժնետերը եղել է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, այժմ հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանի քեռու որդին՝ Տիգրան Հարությունյանը: Նա, ըստ պետական ռեգիստրում առկա տվյալների՝ 2012թ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին եղել է նաև ընկերության տնօրենը: Նրան փոխարինել է արդեն քաղաքապետարանի պաշտոնյա դարձած Վազգեն Հարությունյանը:

Դեռևս 2018թ․-ին գրել էինք, որ «Միկմետալ» ՓԲԸ-ի 75%-ի սեփականատերը «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությունում սեփականատեր եղած Տիգրան Հարությունյանի եղբայրն է՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Հարությունյանը՝ Միհրան Պողոսյանի մորեղբոր որդին: Մնացած 25%-ի փայատերը եղել է նրա հայրը՝ Միխաիլ Հարությունյանը:

Նախկինում հայտարարված մրցույթներում «Ուկռինվեստ» ՍՊԸ-ն և «Միկմետալ» ՓԲԸ-ն նույնիսկ ստեղծել են կոնսորցիում և մասնակցել են հայտարարած Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման վարկային ծրագրի մրցույթին, որպեսզի իրականացնեն Ճանապարհային նշանների մատակարարման և տեղադրման աշխատանքներ: Այսինքն՝ նրանք վաղուցվա գործընկերներ են:

Հաշվի առնելով այս ընկերությունների սեփականատերերի ու տնօրենների կապը՝ ակնհայտ է դառնում, որ Վազգեն Հարությունյանը շահագրգռված է «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ի մասնակցությամբ մրցույթներում, ինչից էլ կարող ենք ենթադրել՝ ամենևին պատահական չէ, որ խզվել է «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ին հաղթած «Իմպեքս» ՍՊԸ-ի հետ քաղաքապետարանի կնքած պայմանագիրը:

Պայմանագրի լուծման վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով դիմել էինք Երևանի քաղաքապետարան: Լրատվության վարչությունից պարզաբանել են, որ 2023թ. փետրվարի 6-ին «Իմպեքս»-ի հետ պայմանագիրը կնքվել է առանց ֆինանսական միջոցներ նախատեսելու: Հունիսի 7-ին «Իմպեքս» ՍՊԸ-ին ներկայացվել է ֆինանսական միջոցների առկայության մասին համաձայնագիրը և առաջարկվել է 15 աշխատանքային օրվա ընթացքում վավերացնել այն: Սակայն սահմանված ժամկետներում ընկերության կողմից չի ներկայացվել համաձայնագիրը, ինչպես նաև պայմանագրի և որակավորման ապահովումները բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի տեսքով: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ 30.06.2023թ. պայմանագիրը միակողմանի լուծվել է, քանի որ մասնակիցը չի պահպանել վերոնշյալ պահանջը:

Քաղաքապետարանից պնդում են՝ տեխնիկական բնութագրում հստակ նշված է եղել, որ 10 տարվա երաշխիք պահանջվում է տեղադրված ճանապարհային նշանի և կատարված աշխատանքների համար: Յուրաքանչյուր պայմանագրի համար բանկային երաշխիք պահանջվում է այնքան, որքան սահմանված է լինում տեխնիկական բնութագրում:

«Իմպեքս» ընկերության հետ կնքված պայմանագիրը լուծելուց հետո գնման նոր հայտարարության մեջ բացակայում է 10 տարվա բանկային երաշխիքի վերաբերյալ որևէ դրույթ: Ավելին, հստակեցվել է, որ 10 տարվա երաշխիքը վերաբերում է լույս անդրադարձնող փայլաթերթի համար երաշխիքային հավաստագրին, ինչը և «Իմպեքս» ՍՊԸ-ն իրականացրել էր: Քաղաքապետարանից հետաքրքրվել էինք, թե ինչո՞վ է պայմանավորված նման մոտեցումը և բանկային 10 տարվա երաշխիքի բացակայությունը, եթե նախորդ պայմանագրի դեպքում քաղաքապետարանի համար էական պայման է եղել:

«Նոր գնման հայտարարությունը հրապարակվել է, քանի որ կատարվել են մի շարք փոփոխություններ տեխնիկական բնութագրում, և փոփոխվել է գնման պահանջը»,- պատասխանել են քաղաքապետարանից՝ չտալով հարցի հստակ պատասխանը:

Նշել են նաև, որ նախորդ պայմանագրի համար էական պայման է եղել տեխնիկական բնութագրի պահանջը, որով սահմանված է եղել 10 տարվա երաշխիք ճանապարհային նշանի և կատարված աշխատանքի համար:

Հետաքրքրվել էինք նաև՝ արդյոք նմանատիպ բոլոր պայմանագրերի կնքման ժամանակ քաղաքապետարանը պահանջե՞լ է 10 տարվա բանկային երաշխիք: Եթե այո, խնդրել էինք տրամադրել օրինակներ: Մեր այս խնդրանքին քաղաքապետարանը որևէ պատասխան չի տվել, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ նախկինում նման պահանջ չի դրվել:

գլխավորը նկարը՝ Տիրայր Մուրադյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter