HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Ստեփանակերտցի Շուշան Եգանյանը բլոկադայի օրերին պաղպաղակի փոքրիկ արտադրություն էր սկսել

Ստեփանակերտի բնակիչ Շուշան Եգանյանը այս տարվա հունվարին իր երկու երեխաների համար տանը պաղպաղակ էր պատրաստել։ Հետո հյուրասիրել էր հարազատներին, բոլորը հավանել էին ու առաջարկել, որ շրջափակման օրերին, երբ քաղցրավենիքի պակաս կա Արցախում, պաղպաղակ պատրաստի ու վաճառի։

Շուշանը մի քանի անգամ պատրատել է փոքր քանակությամբ, հասկացել, որ պահանջարկ կա։ Որոշել է հարազատների առաջարկը կյանքի կոչել։

«էրեխեքիս համար մեր տանը պատրաստեցի։ Մի տուփ սերուցք կար, նախկիում էլ էի արել, բայց կաթով ու մրգերով։ Էս անգամ ավելի լավ ստացվեց, ես էլ զգացի, որ լավ է, հարազատներս էլ ասացին ու որոշեցի, որ՝ ինչու չէ, վատ բանի մեջ մի լավ բան գտնենք ու բլոկադայի օրերին նոր բանով զբաղվենք։ Էդ ժամանակ դեռ չէինք պատկերացնում, թե ինչքան երկար կարող է ձգվել այս վիճակը»,- պատմում է նա։

Պաղպաղակի համար սերուցք է անհրաժեշտ, որը  պետք է ներկրվեր Հայաստանից։ Շուշանը դիմել էր Արցախի կառավարությանը, որպեսզի նրանց միջնորդությամբ կարողանան մեծ քանակությամբ սերուցք տեղափոխել Արցախ։ Կառավարությունը չէր մերժել, երկու անգամ որոշակի խմբաքանակի սերուցք էին տեղափոխել Հայաստանից։ Այն ժամանակ դեռ Ադրբեջանը հումանիտար փոխադրումները չէր արգելել։ Շուշանի նորաստեղծ բիզնեսն աշխատեց ընդամենը մի քանի ամիս։ Այդ ընթացքում ապրիլին Շուշանը մասնակցել էր հրուշակագործության օնլայն դասընթացի, նոր գիտելիքներ ձեռք բերել՝ մտածելով, որ կկարողանա հետագայում ընդլայնել բիզնեսը։ Սերուցքի վերջին խմբաքանակը Շուշանը գնել էր հունիսի սկզբին, որը մոտ մեկ ամիս էր բավականացրել։ Հուլիսի սզկբից հումք չունենալու պատճառով նա դադարեցրեց պաղպաղակի արտադրությունը։

Վարձակալությամբ տարածք էր վերցրել, վերանորոգել ու կահավորել այն, գնել անհրաժեշտ տեխնիկան։ Չնայած արդեն երկրորդ ամիսն է՝ խանութ-արտադրամասը չի գործում, բայց տարածքը չի հանձնել, հուսով է, որ ճանապարհը շուտով կբացվի ու կկարողանա վերականգնել բիզնեսը։

Շուշանն ընտանիքի՝ ամուսնու և երկու երեխաների հետ ապրում է Ստեփանակերտում՝ Արցախ թաղամասում։ Ամուսինը զինվորական է։ Իր և ամուսնու ծնողները՝ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում են ապրում։ Երբ դեռ հնարավոր էր շրջաններից Ստեփանակերտ հասնել, միրգ ու բանջարեղեն էին ուղարկում։։ Արդեն 15 օր է՝ չեն կարողացել ոչ Ստեփանակերտ գալ, ոչ էլ որևէ մեկի միջոցով ինչ-որ բան ուղարկել։ 

Շուշանը վերջին 10 օրը չի կարողացել հաց գնել։ Հերթերը երկար են, փոքր երեխաների հետ չի կարողանում երկար հերթ կանգնել։ Նախ պետք է գիշերը հերթ պահի, որ կտրոն ձեռք բերի, որից հետո էլ առավոտյան վաղ պետք է հերթ կանգնի հաց գնելու համար։

«Տանը ալյուր ունեի, դրանով մի քանի օր թխում էի։ Ամուսինս էլ, որ աշխատանքի է գնում, ինձ ու էրեխեքի համար քիչ հաց է պետք լինում, բայց էսօր տոպրակը դատարկեցի, վերջին բաժին ալյուրով եմ հաց թխել»,- պատմում է նա։

Բանջարեղենն ու միրգը շատ թանկ են, ոչ բոլոր են կարողանում իրենց թույլ տալ գնել։

Վերջին մեկ ամսվա ընթացքում վիճակն ավելի է ծանրացել։ Օրեր առաջ սոցիալապես անապահով ընտանիքի մի երեխա աղբարկղում հաց էր փնտրում, այդ տեսարանը Շուշանը շատ ծանր է տարել։

«Հա գիտեի, որ էդ երեխան սոցիալապես անապահով ընտանիքից ա, բայց նախկինում անգամ վատ պայմաններում ապրող ընտանիքները աղբամանում հաց չէին փնտրի։ Դե ես էլ չունեի, որ ունենայի, կտայի, ես դուրս էի եկել մեր տան աղբը թափեի»,- պատմում է Շուշանը։

Հասարակական տրանսպորտը չի աշխատում Արցախում, եղանակը շոգ է, մարդիկ գրեթե տնից դուրս չեն գալիս։ Շուշանն ասում է, նախ՝ գնալու տեղ չունեն, հետո էլ՝ մարդիկ տրամադրություն չունեն։

«Չգիտենք ինչ կլինի վերջը, բոլորի պես մենք էլ գուշակություններով ենք ապրում։ Մի խոսք կա է, ասում են քարից հաց քամող․ ներկա պահին դա արցախցու մասին է, որ ամեն ինչ խաղաղ լինի, մենք էլի մեր հացը քարից կքամենք»,- ասում է Շուշանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter