HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Ժուռնալիստի ստորագրության պատիվը»․ Վարդգես Պետրոսյան

Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վարդգես Պետրոսյանը ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Մուտքը գրականություն եղել է` որպես բանաստեղծ։

Վարդգես Պետրոսյանը ապրել է 61 տարի։ 1994թ․ սպանվել է իր տան շքամուտքում, դեպքի հանգամանքները դեռևս մնում են չպարզված։

Նա եղել է «Գարուն» ամսագրի հիմնադիր խմբագիրը։ 60-ականների խորհրդային իրականության մեջ «Գարուն»-ը  անկախության փոքրիկ կղզյակ էր, որն իր շուրջն էր հավաքել Խորհրդային Հայաստանի գրական, ստեղծագործական, ազատական մարդկանց: Ամսագրում բացի գեղարվեստական ստեղծագործություններից լուսաբանվում էին տնտեսական, գիտական, հասարակական խնդիրները։ 

Վարդգես Պետրոսյանի գրական ստեղծագործություններից շատերը էկրանավորվել, բեմադրվել են․ 1986թ․ իր «Մենավոր ընկուզենի» վեպի հիման վրա Ֆրունզե Դովլաթյանը նկարահանեց իր համանուն ֆիլմը։ Բեմադրվել են Վարդգես Պետրոսյանի «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» (1975), «Վերջին ուսուցիչը» (1979), «Հայկական էսքիզներ» (1980), «Ապրած և չապրած տարիներ» (1982) ստեղծագործությունները։

Վարդգես Պետրոսյանի հրապարակախոսական, գրաքննադատական նյութերի, հոդվածների մեծ մասը տպագրվել է իր «Հավասարում բազմաթիվ անհայտներով» (1977) գրքում։ Այսօր՝ օգոստոսի 9-ին, Վարդգես Պետրոսյանի ծննդյան օրն է։  Ներկայացնում ենք իր «Ժուռնալիստի ստորագրության պատիվը» հոդվածից հատված․

«Ժուռնալիստի ստորագրության պատիվը։ Արժե՛ խոր­հել այս բառերի շուրջ: Թող յուրաքանչյուր ժուռնալիստ թերթի իր հիշողությունը՝ հաշիվ տա իր արածի և չարածի համար։ Թող յուըաքանչյուր ժուռնալիստ մտաբերի այն նյութերը, որոնց տակ դրվել է իր ստորագրությունը։ Կյա՞նքն է, արդյոք, թելադրել այդ նյութերը, կիրք ու կրակ կա՞, արդյոք, տողերի տակ, արդյոք մեկնումեկը՝ կարդա­լով դրանք, խորհե՞լ է, ուրախացել կամ տագնապե՞լ է ժուռնալիստի հետ և ցանկացե՞լ է, արդյոք, նորից հանդիպել այդ ստորագրությանը...

Ժուռնալիստի բնավորությունն է՝ միշտ դժգոհ լինել իր արածից, միշտ որոնել ավելի լավը, խորը, իր գրիչ-արորով բարձրացնել կյանքի նոր շերտեր-միայն այդ դեպքում է, որ ընթերցողը կորոնի նրա ստորագրությունը։

Այս ամենի մասին հարկ է, որ խոսենք մասնավորապես մենք՝ երիտասարդ ժուռնալիստներս, քննախույզ նայենք մեր արածին. չե՞նք ստորագրել, արդյոք, թույլ, անօգուտ ու ձանձրալի տողերի տակ, մի՞շտ ենք, արդյոք, այրվել այսօրվա կյանքի ողջ բարդությամբ, կարողանո՞ւմ ենք, արդյոք, իսկապես ճանաչել այն մարդկանց, ում մասին գրում ենք, սիրահարվա՞ծ ենք մեր գործին։ Ո՛չ բոլորս, ո՛չ միշտ,- միայն այսպիսին կարող են լինել այս հարցերի պատասխանները։

Հիրավի, եկեք խորհենք, թե ինչո՛ւ մեր թերթերում և ամսագրերում ժուռնալիստի ստորագրությամբ (երբեմն էլ՝ առանց ստորագրության) տպագրվում են անգույն, տխուր նյութեր, որոնց միակ ընթերցողը հաճախ միայն սրբագրիչն է լինում և տպարանի հերթապահը։ Եկեք խորհենք, թե ինչո՛ւ հաճախ ակնարկ ենք անվանում պատահական փաստերի անգույն շարադրանքը, որի մեջ երկու-երեք բնության նկարագիր կա և մի քանի տող ջրիկ խոսքուզրույց։

Խորհենք և այն մասին, թե հաճախ քանի՞ րոպե ենք զրուցում մեր գրվածքի ապագա հերոսի հետ, ըստ էության ի՞նչ ենք հասցնում իմանալ նրա բնավորությունից ու կենսագրությունից, հոգսերից ու երազներից։Եկեք մտաբերենք, թե քանի՞ ֆելիետոն ու քննադատական հոդված է մնացել մեր հիշողության մեջ կամ գոնե՝ քանի՞ վերնագիր։ Եկեք լրջորեն խորհենք, թե ինչո՛ւ մեր տողերում հաճախ պակասում են քաղաքացիական կիրքը, անկեղծ վրդովմունքն ընդդեմ այն ամենի, ինչ խանգարում է մեր մարդկանց, մեր գործերին, մեր երազանքներին։ Տխուր է, բայց փաստ, որ լրագրային ժանրերից շատերը մենք այնպես ենք իրար խառնել, որ երբեմն պարզապես դժվար է որոշել թղթակցությո՞ւն է, արդյոք, հոդվա՞ծ, լո՞ւր, թե՞ ակնարկ:

Իսկ լուսանկարնե՞րը, դըանք «ամենակարդացվող» նյութերն են. վառվռուն, կյանքով ու բնականությամբ լցված լուսանկարը անմիջապես կանչում է ընթերցողին, էջը դարձնում գրավիչ ու մտերիմ: Բայց ինչքա՜ն գորշ, կեղծ-թատրոնական լուսանկարներ են տպագրվում մեր թերթերում, մարդիկ ինչքա՜ն միանման են ժպտում մեր լուսանկարներից. եկեք մտածենք նաև ա՛յդ մասին:

Ստորագրության պատիվը...

Թերթում, ամսագրում չի կարող լինել փոքր կամ մեծ, կարևոր կամ անկարևոր նյութ, և դրա համար ժուռնալիստը ամեն պարագայում պետք է հարգի իր ստորագրությունը։ Խրվե՛նք կքանքի մեջ, այրվե՛նք այսօրվա երազներով, գրենք ավելի լա՛վ, ավելի կրքո՛վ, ավելի մարդկայի՛ն: Արժանի՛ լինենք այն երջանկությանը, որ ընթերցողը որոնի մեր ազգանունը, իսկ երբ ասեն՝ «Ընկերը ժուռնալիստ է» - մարդիկ դեպի մեզ թեքվեն հարգանքով և հետաքրքրությամբ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter