HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախցիների օրն անցնում է հացի ու կաթնամթերքի հերթերում

Անի Հովհաննիսյանին հանդիպեցինք Ստեփանակերտի «Արցախկաթի» գործարանի դիմաց՝ առավոտյան ժամը 7-ին։ Նա մի ժամ քայլել էր գործարան հասնելու և կաթնամթերքի հերթում գրանցվելու համար։ Գրանցվածների ցանկում նա 484-րդն էր։ Բայց մինչև իր հերթը կհասներ, կաթնամթերքը վերջացավ, և Անին մինչև ժամը 4-ը հերթում կանգնելուց հետո դատարկաձեռն վերադարձավ տուն։ 

Հաջորդ օրը առավոտյան 08:30-ին նա նորից կաթնամթերքի հերթ է կանգնել: Ասում է՝ 250 հոգու բաց են թողել, հետո նոր իր հերթն է հասել: Երբ գնումը հաջողվել է է, միանգամից զանգել է երեխաներին՝ ուրախացնելու. վերջապես թթվասեր է գնել: Բերել է տուն, դրել սեղանին ու թույլ տվել, որ երեխաներն ուտեն, ինչքան ուզում են: 

«Մեկ է չգիտեմ՝ նորից ե՞րբ եմ նրանց համար թթվասեր գտնելու»,- ասում է Անին: 

Գյուղերից այլևս կաթնամթերք չեն բերում Ստեփանակերտ, դրա համար ստիպված է հերթ կանգնել: 

«Ում հարցնում ես, ասում է՝ վառելիք չունեմ Ստեփանակերտ գալու համար: Ինչ էլ ունեն, արդեն իրենց համար են պահում, չեն վաճառում: Երևի ձմռանն են պատրաստվում»,- ասում է 30-ամյա Անի Հովհաննիսյանը:

Վառելիքի բացակայության պատճառով Ստեփանակերտի խանութներ հաց չի մատակարարվում։ Մարդիկ ստիպված հերթ են կանգնում փռերում` հաց գնելու համար։ 

Անիի և նրա ամուսնու օրը հերթերում է անցնում: Երկու դուստր ունեն՝ 4 տարեկան Մարիամը և 6 տարեկան Մարինեն։ 

«Մի օր ամուսինս առավոտյան ժամը 6-ին գնացել էր հացի հերթի, 11-ին դատարկաձեռն եկել: Հետո նույն օրը գիշերը ժամը 10-ին գնացել էր, գիշերը 3-ին հացով եկել: Երբ հաց չենք ունենում, ու նաև հնարավորություն չենք ունենում հերթ կանգնել, մայրս, ամուսնուս մայրը կամ հարևանն են տալիս: Ես կարող եմ մնալ առանց հացի, ամուսինս՝ նույնպես, բայց երեխաները չեն կարող: Հիմա ուտելու ուրիշ ինչ-որ բաներ չկան, դրա համար մարդիկ շատ են զգում հացի կարիքը: Դրանով են կշտանում»,- պատմում է Անին: 

Նրա խոսքով՝ երեխաները երբեմն այնպիսի բաներ են ուզում, որ հնարավոր չէ գտնել: 

«Ասում եմ՝ դուք արդեն մեծ եք, չգիտե՞ք, որ շրջափակում է, խանութները դատարկ են, որտեղի՞ց գտնեմ ձեր ուզածները»,- երեխաներին պատասխանում է մայրը:  

Անիի խոսքով՝ ամուսինը խնձորը բաժանում է կտորների և դրանց տարբեր մրգերի անուններ տալիս: 

«Խնձորի կտորը մեկնում է Մարիամին ու ասում՝ վերցրու, Մարիամ, սա բանան է, Մարինկա, վերցրու, սա անանաս է»,- ծիծաղելով պատմում է նա: 

Երբ տաքսիներն ու հանրային տրանսպորտը գործում էին, երեխաներին Անին պարի ու երգի պարապմունքների էր տանում: Հիմա էլ չի կարողանում։ 

«Տնից մինչև երաժշտական դպրոց երկու ժամվա ճանապարհ է: Ոտքով ամեն օր երեխային չեմ կարողանալու քաղաքի մի ծայրից հասցնել մյուս ծայրը: Պետք է լինելու ուրիշ՝ տանը ավելի մոտ դպորց ընտրել»,- նշում է նա: 

Անիի խոսքով՝ իրենց բախտը բերել է, տնամերձ հողատարածք ունեն: Բանջարանոց են մշակում ու օրվա դժվարություններից այդպես հանգստանում: 

«Ամբողջ օրը բանջարանոցում բույսերի հետ եմ խոսում: Երեխաները մտածում են՝ խելագարվել եմ: Բայց բույսերին պետք է սեր տալ, փաղաքշական խոսել հետները: Այդպես նրանք ավելի լավ են աճում»,- նշում է Անին: 

Հավեր էլ են պահում, որոնց կերը շուտով կվերջանա: 

«Ցորեն էի գնել ու դեռ մի քիչ ունեմ: Պետք է մի բան մտածեմ մինչև վերջանալը: Ձուն էլ շատ հաճախ բաժանում եմ բարեկամներին ու հարևաններին, որ նրանք էլ մի բան ունենան ուտելու: Մենք էլի բանջարանոց ունենք՝ լոբի, վարունգ, դդում, լոլիկ արդեն քաղում եմ: Շատերը դա էլ չունեն»,- ասում է նա:  

Անիին, ինչպես բոլոր արցախցիներին, անհանգստացնում, թևաթափ է անում անորոշությունը։  

«Ցուկինի (դդմիկի տեսակ-հեղ.) ունեի երկու հատ, կտրել էի ու որոշել թթու դնել ձմեռվա համար: Բայց մինչև հիմա չեմ արել: Չգիտեմ՝ ինչու: Մարդիկ ձմեռվա համար պատրաստություններ են տեսնում, բայց ես դեռ չգիտեմ՝ անե՞լ, թե՝ չէ, մենք այն կհասցնե՞նք վայելել, թե՝ չէ»,- նշում է Անին, որ ամեն օր արթնանալիս մտածում է միայն այդ օրվա մասին. վաղն անորոշ է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter