HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Կետից մինչև կետ». Աննա Թորոսյանի անհատական ցուցահանդեսը

«Ցանկացած երևույթ ծնունդից մինչև մահ սկսվում է մի կետից և ավարտվում է մեկ այլ կետում: Մարդը նման է մի կետի, որտեղից պոկվում է և ողջ կյանքի շարժման ընթացքում՝ գծի վերածված, հասնում և դառնում է նորից մի կետ՝ ուրիշ տեղ և ուրիշ տեսքով: Աշխատանքները գուցե չափից շատ են ընդգրկում երևակայականը, բայց միշտ էլ ստեղծագործում ենք այն, ինչ գոյություն ունի. ինչ չենք զգում, դրա շուրջ չենք կարող երևակայել: Արվեստն էլ երևույթների արտահայտման միջոց է, որը չունի և չի ճանաչում սահմաններ, այն ճանաչում է ցանկացածը, ինչ բնություն է»: Այսպիսին է նկարչուհի Աննա Թորոսյանի տեքստային ուղերձը իր «Կետից մինչև կետ»  անհատական ցուցահանդեսի այցելուներին։

Օգոստոսի 10-ից 20-ը «Արվեստի դեսպանատան» ցուցասրահում կգործի Աննա Թորոսյանի տարբեր տեխնիկաներով (մատիտ, գրիչ, ջրաներկ) և տարբեր շրջաներում արված նկարների ցուցահանդեսը։ Դա Աննայի երկրորդ անհատական ցուցահանդեսն է (առաջինը եղել է Վանաձորում):

Աննան Սպիտակից է, սովորել է տեղի գեղարվեստի դպրոցում, այնուհետև շարունակել է կրթությունը Վանաձորում, իսկ մագիստրոսի աստիճան ստացել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում՝ գրաֆիկա մասնագիտությամբ։ Ցուցահանդեսի առաջին սրահում նրա մագիստրոսական թեզի գրաֆիկական աշխատանքներն են՝ «Կետից մինչև կետ» վերնագրով, որը և ամբողջ ցուցադրության անունն է։

Նկարչուհու չվերնագրված նկարների վերաբերալ այցելուների հարցին պատասխանը կարճ էր․

«Էն, ինչ զգացել եմ, էն, ինչ մտածել եմ, նկարել եմ, էն, ինչ կմտածեք, կզգաք, արդեն ձերն է»:

Ցուցահանդեսի օրվա մասին խոսելով՝ նկարչուհին ասաց, որ այն ավելի շուտ պետք է տեղի ունենար, սպասում էր, որ նկարիչ Ալիկ Ասատրյանը, որը ստեղծագործական մեծ ազդեցություն է ունեցել նկարչուհիու վրա, լինի Հայաստանում, ներկա լինի ցուցադրությանը (նկարիչ Ալիկ Ասատրյանն ապրում և ստեղծագործում է Նիդերլանդներում): Իր վառ կերպարով ցուցահանդեսի բացման օրը սպասված հյուրը ներկա էր։

Արվեստի դեսպանատունը (Art Embassy Gallery) հարթակ է, որը խթանում է ժամանակակից հայ արվեստագետների տեսանելիությունը համաշխարհային արվեստի ասպարեզում և ներկայացնում է միջազգային ճանաչում ունեցող արտիստներին Հայաստանում:

 

Լուսանկարները՝ Հետք-ի

Գլխավոր լուսանկարում նկարիչներ՝ Ալիկ Ասատրյանը, Աննա Թորոսյանը և Դավիթ Մելիքսեթյանը (Արվեստի դեսպանատան համահիմնադիր)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter