HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Ես ավելի շատ զենքից օգտվել սովորել եմ պատերազմի ժամանակ». շրջափակման մեջ հայտնված զինծառայող

Կարեն Մանուկյանը Ջրականի նորակոչիկների գումարտակի այն զինծառայողներից մեկն է, որը Խուռհատ սարից 2020թ. հոկտեմբերի 10-ին նահանջել էր Հադրութի շրջանի Վանք գյուղ։ Հայտնվելով շրջափակման մեջ՝ Կարենն այնտեղ զինծառայակիցների հետ մնացել էր մինչև նոյեմբերի 21-ը, որից հետո հակառակորդը նկատել էր նրանց և գերեվարել։

44-օրյա պատերազմի ժամանակ նորակոչիկների 5-րդ գումարտակը Ջրականից նահանջել էր Հադրութ, ապա հրաման ստացել հոկտեմբերի 10-ին տեղակայվել Հադրութի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա։ 

Գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը Խուռհատ սարի վրա միայնակ է թողել նորակոչիկներին՝ պատճառաբանելով, թե վիրավոր է։ Նա մեղադրվում է պատերազմի ժամանակ նորակոչիկներին միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ։ 
Չիմանալով հակառակորդի տեղակայման մասին՝ նորակոչիկների մի մասը Վանք գյուղ նահանջելով՝ զոհվել կամ գերեվարվել է։

Գումարտակում հիմնականում 2-3 ամսվա զինծառայողներ են եղել։ Կարենը պատմում է, որ մինչև Խուռհատ բարձրանալը զինծառայողների և հրամանատարական կազմի հետ Հադրութի դպրոցում վիճաբանություն է եղել։

«Պետք է բարձրանայինք Խուռհատ, բայց համապատասխան զենք չունեինք, ասացին՝ բարձրանաք, կլինի զենք»,- ասում է տուժողը։

Ըստ քրեական գործում առկա տեղեկությունների՝ Իշխան Վահանյանը բեկորային վիրավորում է ստացել։ 

Կարենի խոսքով՝ ինքը լսել է, թե Վահանյանն իրեն անձամբ ոտքից վիրավորել է ու դիմել փախուստի։

«Հրետանային հարված մենակ եղել է Հադրութ քաղաքի մեջ՝ դպրոցի շրջակայքում։ Խուռհատ սարում, սարից ներքև հրետանային կրակ չի եղել»,- պատմում է գործով տուժողը։

Կարեն Մանուկյանը նշեց, որ նահանջելու ընթացքում հնարավոր է՝ հակառակորդը նռնակ էլ օգտագործած լինի։ Սակայն տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը հիշեցրեց, որ գործում առկա տեղեկությունների համաձայն՝ Իշխան Վահանյանը գտնվել է սարի ներքևի հատվածում, իսկ հակառակորդի հետ մարտը եղել է բավական հեռու՝ սարի վերևում։ Կարենը նշեց, որ այդ պարագայում տրամաբանական չէ նման հեռավորության վրա բեկորային վիրավորում ստանալը։

Նրա խոսքով՝ Խուռհատի վրա հարձակումը ցերեկն է եղել` ժամը մոտ 12-1-ի կողմերը։

Կարենը պատմում է, որ զինծառայողները հրամաններն իրար էին փոխանցում գոռալով, այդ պատճառով էլ չի կարող ասել, թե կոնկրետ ով էր հրամաններ տալիս։

Սարի վրա, որտեղ Կարենն էր տեղակայված, սպաներից իր մոտ եղել է կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանը։

«Երբ իմացանք Վահանյանը փախել ա, խառնաշփոթ ստեղծվեց։ Հովհաննեսը կազմակերպում էր զորքի դուրսբերումը շրջափակումից, ինքն էր մնացել որպես սպա մեզ հետ»,- նշում է Կարենը։

Նրա խոսքով՝ Հովհաննեսը խորհրդակցում էր Արտյոմ անունով «քեռու» հետ։

Քրեական գործում առկա տեղեկությունների համաձայն՝ կապի դասակի հրամանատար Հովհաննեսը և կամավոր գյումրեցի «քեռին», որի հրահանգներին ենթարկվել են զինծառայողները, նահանջելիս զոհվել են։ Մինչ այժմ չի հաջողվել պարզել «քեռու» ինքնությունը։ 

Երբ նահանջել են դեպի Վանք գյուղ, անձնակազմն, ըստ Կարենի, 100 հոգուց էր բաղկացած, հրամանատարներ Իշխան Վահանյանը, Վաhագ Բարսեղյանն ու Հայկազ Գրիգորյանն իրենց հետ չեն եղել։ 

Նահանջելիս խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել. «Հակառակորդը տարբեր ուղղություններով կրակում էր, ստորաբաժանումը չէր հասկանում՝ ով ոնց նահանջ կատարի, դրա պատճառով տարբեր զինծառայողներ տարբեր կողմերով են նահանջել։ Երբ ձորի մեջ էինք, կապ հաստատեցինք տղերքից մեկի հոր կամ հորեղբոր հետ, ասեցին՝ ծառայող բարեկամ ունեն, որ կարա ճիշտ ճանապարհը ցույց տա։ Խորհուրդ տվեցին իջնել Հադրութի կողմ»,- նշում է նա։

Նահանջի ճանապարհին գումարտակն ունեցել է զոհեր և վիրավորներ։ Կարեն Մանուկյանը նույնպես վիրավորվել է։ Զինծառայողները նահանջել են Վանք գյուղ ու մնացել այնտեղ։

Շրջափակման մեջ հայտնվելու առաջին օրը եղել են մոտ 20 հոգով. 

«Ով վիրավորում չուներ, ասեցինք՝ գնացեք հրամանատարությանն ասեք, որ ստեղ ենք, որ գան օգնության։ Մնացինք 9 հոգով, հետո մենք զանգեցինք Գարիկ Վարդերեսյանին (գումարտակի նախկին հրամանատար), որ գար մեզ օգնության, ասեց՝ մի երկու ժամից կլինեմ, տեղներդ չփոխեք, որ կարանամ ձեզ գտնեմ, տենց էլ չգտան»,- պատմում է Կարենը։

Տղաներից երկուսը մահացել են, 2-ն էլ Հադրութի մեջ քաղաքացիական մեքենա են նկատել և գնացել հետևից։

Զինծառայողները 5 հոգով մնացել են Վանք գյուղի տներից մեկի տանիքում։ Նոյեմբերի 21-ին հակառակորդը նկատել է նրանց և գերեվարել։

«Եթե ճիշտ կազմակերպվեր, էս ամեն ինչը չէր լինի». 70 օր շրջափակման մեջ

Գործով մեկ այլ տուժող Արթուր Հարությունյանը դատարանին հայտնեց, որ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը Խուռհատ սարի վրա հարձակման ժամանակ ասել է, որ վիրավոր է ու ինչ-որ մեքենայով գնացել։

«Ինքս չեմ տեսել որևէ վերք, արյուն կամ ինչ-որ վնասվածք նրա վրա»,- պատմում է նա։

Արթուրը 2020թ. հուլիսի 6-ին է զորակոչվել։ «Երկու անգամ եմ կրակային պատրաստություն անցել։ Ես ավելի շատ զենքից օգտվել սովորել եմ պատերազմի ժամանակ»,- ասում է Արթուրը։

Նա պատմում է, որ Խուռհատ սարի վրա մարտական դիրքում սկզբում միայն Հայկազ Գրիգորյանն է եղել իրենց հետ։

Դատախազ Գևորգ Ավետիսյանը հայտնեց, որ քրեական գործում տեղեկություններ կան, որ գումարտակի նախկին հրամանատար Սամվել Սահակյանի զոհվելու (զոհվել է սեպտեմբերի 29-ին,- հեղ.) ընթացքում վիրավորվել է նաև Իշխան Վահանյանը։

Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ տեղյակ չէ։

Որոշ ժամանակ Հադրութի դպրոցում մնալուց հետո նորակոչիկներին ասել են, որ գնում են մարտական դիրքեր, ստորաբաժանումը բաժանվել է և բարձրացել Խուռհատ սար։ Խուռհատի վրա դիրքավորվել են Իշխան Վահանյանի հրամանով։

Արթուրի խոսքով՝ Իշխան Վահանյանը մինչև մարտի սկսվելը քայլում էր սարի երկայնքով։

Տուժողը նշում է, որ կապի միջոց ընդհանրապես չեն ունեցել, հրամնաններն իրար գոռալով էին հասցնում։

Կրակոցներ սկսեցին տարբեր ուղղություններով, խառնաշփոթ իրավիճակ ստեղծվեց։

«Խուռհատի վրա հարձակման ժամանակ հրաման չենք ստացել՝ որ ուղղությունով պաշտպանության անցնենք, հստակ հրամաններ չեմ մտաբերում։ Հիշում եմ նահանջի հրամանը։ Եթե ճիշտ եմ հիշում, բայց վստահ չեմ, նահանջի հրաման Վահանյանն է տվել, ցույց է տվել՝ որ ուղղությունով։ Սկզբից մեր հետ էր քայլում, հետո ասեց վիրավոր եմ։ Ես էդ ժամանակ իրեն շատ մոտ էի քայլում, մոտ 2 մետր, էդ ընթացքում ասեց, որ վիրավոր է»,- ասում է նա։

Այդ ընթացքում, ըստ Արթուրի, հրաձգային կրակ է եղել։ 

-Եթե հրետանային կրակ լիներ, հնարավո՞ր էր՝ Վահանյանը վիրավորում ստանար, Դուք երկու մետր հեռավորության վրա չստանայիք,- հարցրեց դատախազը։

-Հնարավոր չէր,- պատասխանեց Արթուրը։

-Ինքըն էդ պահին ասեց վիրավոր եմ։ Մինչ այդ վիրավորման մասին չի ասել կամ էլ ես չեմ լսել։ Այդ ժամանակ քայլքի փոփոխություն եմ նկատել, կաղալով էր քայլում, բայց արյուն չեմ նկատել։

-Կաղալը սկսե՞ց հայտարարությունից հետո,- հարցրեց դատախազը։

- Այո։

- Այսինքն՝ մինչ այդ ձեզ հետ հավասար նահանջում էր, վիրավորվելու հայտարարությունից հետո սկսե՞ց կաղալ։

-Ասեց՝ վիրավոր եմ, վիրավոր եմ, նստեց ինչ-որ մեքենա, իր հետ այլ վիրավոր զինվոր նստեց և գնաց։

Արթուրը դատարանին հայտնեց, որ Վահանյանի հետ մեքենայում վիրավոր Արտակ Արսենյանն էր։

Խուռհատում հարձակումից հետո գումարտակի անձնակազմը նահանջել է։

«Նենց ստացվեց երկու մասի բաժանվեցինք, մի մասը հասցրեց անցնել, մի մասը հետ մնաց»,- ասում է նա։

90 հոգով մնացել են կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի ու «քեռու» հետ։ Հովհաննեսը հեռախոսով խոսել է ինչ-որ մեկի հետ, ասել են՝ նահանջեք դեպի Հադրութ, այնտեղ զինվորներ կան, չգիտենք՝ հայեր են, թե՞ չէ։ Անձնակազմը որոշել է գնալ դեպի Հադրութ։ Արթուրը նշում է՝ «քեռին» ու Հովհաննեսն իրար հետ էին քննարկում, միասին որոշում՝ ինչ ուղղությամբ գնալ։ Այդ ժամանակ ադրբեջանցիները վերևից նռնակներով և հրաձգով սկսել են հարձակումը։

-Ըստ քրգործի՝ ձեր խմբի բաժանվելուց հետո «քեռին» զանգել է Վահանյանին,- նշեց դատախազ Գևորգ Ավետիսյանը։

-Չգիտեմ՝ կոնկրետ ինչ են խոսել, նշել է, որ վիրավոր է,- պատասխանեց տուժողը։

Արթուրը նշեց՝ ինքը չի մտաբերում, որ որևէ մեկն ասած լինի՝ Հադրութում հակառակորդն է, այդ ուղղությամբ չգնան։

«Ծանր վիճակում էինք, ամբողջ ուղղություններով կրակում էին»,- նշում է նա՝ ասելով, որ չնայած դրան՝ ինքն անձամբ ի վիճակի է եղել հրամաններ լսել և կատարել։

Արթուրն «աբսուրդ» որակեց այն, որ հրամանատարները դատարանում հայտարարել են, թե զորքը եղել է խուճապահար վիճակում և չէր կարող հրամաններ կատարել։

Նահանջից հետո Արթուրը 20 հոգու հետ եղել է Վանք գյուղում։ Մի շաբաթ մնացել են գյուղի տներից մեկում, հետո գնացել անտառ։ Հոկտեմբերին զորամասի հրամանատար Արթուր Քարամայանի հետ են խոսել, ասել է՝ մի ձև գտեք, դուրս եկեք։ Նոյեմբերի 5-ին նրանք խմբերի են բաժանվել ու գնացել տարբեր ուղղություններով։

Արթուրն իր 5 ընկերների հետ 70 oր մնացել է շրջափակման մեջ, նրանց հաջողվել է շրջափակումից դուրս գալ դեկտեմբերի 20-ին։ 

«Եթե ճիշտ կազմակերպվեր, էս ամեն ինչը չէր լինի»,- ասում է նա։

Արթուրը դատարանին մանրամասներ ներկայացրեց նաև Ջրականից նահանջի վերաբերյալ։

Ըստ նրա՝ սեպտեմբերի 29-ին այդ ժամանակ առաջին վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը Ջրականում վերջիններիս հրամայել է նահանջել 2-րդ բնագծից։

Ըստ տուժողի տեղեկությունների՝ Հայկազ Գրիգորյանը նահանջի հրաման չէր ստացել։ Պարզվեց, որ գումարտակից այդ ժամանակ միայն տվյալ վաշտն է նահանջել։ 

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը նշեց, որ սա ևս պետք է դիտարկել որպես հաղորդում հանցագործության մասին։

Նիստի ավարատին Դատավոր Ջոն Հայրապետյանը հայտնեց, որ Նիկոլայ Ստեփանյանը, Արայիկ Գալստյանը, Էրիկ Գասպարյանը անհարգելի պատճառներով չեն ներկայացել դատարան և նրանց բերման ենթարկելու որոշում կայացրեց։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 17-ին՝ ժամը 13.00-ին։

Կարդացեք նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter