
Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման միջնորդության քննությունը հետաձգվեց
Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը հետաձգվեց․ այն կքննվի երկուշաբթի` օգոստոսի 14–ին՝ ժամը 12:30-ին։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողներին հայտնեց Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Պաշտպանի խոսքով՝ միջնորդության քննությունը հետաձգվել է, քանի որ քննիչը միջնորդությանը կից 9 ձայնասկավառակ է ներկայացրել՝ ընդհանուր 23 ժամ տևողությամբ։
Մինչ այդ Հակակոռուպցիոն դատարանի բակում Արմեն Աշոտյանի համակիրները ակցիա են իրականացրել՝ դատարանից պահանջելով ազատ արձակել նրան։
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը հունիսի 16-ից կալանավորված է: Հունիսի 15-ին Աշոտյանը ձերբակալվել էր Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։
Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Մեկնաբանել