HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Պաշտպանության նախարարությունը հրաժարվում է հայտնել՝ ՍՈՒ-25-երը արդիականացվե՞լ են, թե՞ ոչ

Պաշտպանության նախարարությունը հրաժարվում է հայտնել՝ ՀՀ զինված ուժերի սպառազինությունում առկա ՍՈՒ-25 գրոհիչ ինքնաթիռներն արդիկանացվե՞լ են, թե՞ ոչ։ 

Հիշեցնենք՝ 2020 թվականի օգոստոսի 24-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՀ ՊՆ-ի և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է ՍՈՒ-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր։ 

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը (ներկայում ազատված է պաշտոնից)  և «Միավորված ավիաշինարարական ընկերություն» ՀԲԸ գլխավոր տնօրենի վաճառքի և մարքեթինգի գծով տեղակալ Իլյա Տարասենկոն:

Ինչպես հաղորդել էր Պաշտպանության նախարարությունը, «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում կնքված պայմանագիրը հաստատում է ավիատեխնիկայի արդիականացման և ավելի վաղ թողարկված ինքնաթիռների ամբողջական կենսական ցիկլի պահպանման Միավորված ավիաշինարարական ընկերության իրավասությունը:

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի 2023թ․ օգոստոսի 1-ի նիստում այս պայմանագրից խոսել էր նաև Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որի օրոք էլ հենց կնքվել էր վերը նշված պայմանագիրը։ Նա ասել էր, որ տեղյակ չէ՝ գործընթացը հիմա շարունակվու՞մ է, թե՞ ոչ։ 

«3 տարվա մեջ մենք արդեն պետք է ունենայինք որոշակի առաջխաղացում, հնարավոր է՝ ռազմական գործողությունները և Ռուսաստանի կողմից տարվող հատուկ ռազմական գործողությունը (Ուկրաինայում, խմբ․) որոշակի խոչընդոտներ են ստեղծել»,- ասել էր Տոնոյանը։

Դավիթ Տոնոյանի այս հայտարարությունից հետո որոշեցինք գրավոր հարցում ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե ի վերջո ՍՈՒ-25-երն արդիականացվե՞լ են, թե՞ ոչ։ Պաշտպանական գերատեսչությանը հետևյալ հարցերն էինք ուղղել․

1․Կատարվե՞լ է արդյոք պայմանագրով նախատեսված ՍՈՒ-25-երի արդիականացումը։

2․Եթե այո, ապա ե՞րբ է սկսվել եւ ե՞րբ է ավարտվել արդիականացման պրոցեսը։

3․Քանի՞ ՍՈՒ-25 է արդիականացվել պայմանագրի շրջանակներում։

4․ Ի՞նչ փոփոխություններ են կրել ՍՈՒ-25-երը արդիականացումից հետո ֆունկցիոնալ առումով։ 

5․ Արդիականացումից հետո ՍՈՒ-25-երը թռիչքներ, ուսումնական վարժանքներ իրականացրե՞լ են, խոցե՞լ են թիրախներ։

6․Արդյունավետության տեսանկյունից ինչպե՞ս է գնահատում պաշտպանության նախարարությունը ՍՈՒ-25-երի ֆունկցիոնալ վիճակը արդիականացումից հետո։ Պայմանագրի արդյունքները դրակա՞ն են գնահատվում։

Պաշտպանության նախարարությունը հրաժարվել է տեղեկատվություն տրամադրել այս հարցերի վերաբերյալ՝ հղում անելով պետական և ռազմական գաղտնիքի մասին իրավակարգավորումներին։ 

Արդիականացված ՍՈՒ-25-երի, նրանց թռիչքների և արդյունավետության մասին տեղեկությունները գուցեև կարող են համարվել ռազմական գաղտնիք, սակայն անտրամաբանական է, թե ինչու Պաշտպանության նախարարությունը չի պատասխանում այն պարզ հարցին, թե ՍՈՒ-25-երն արդիականացվե՞լ են, այն դեպքում, երբ այդ պայմանագրի մասին հաղորդվել է պաշտոնապես։

Փաստորեն ստացվում է, որ ՍՈՒ-25-երի արդիականացման պայմանագիր կնքելու մասին հայտնելը Պաշտպանության նախարարության համար ռազմական գաղտնիք չէ, փոխարենը գաղտնիք է հայտնելը, թե վերիվերջո գրոհիչներն արդիկանացվե՞լ են, թե՞ ոչ։ 

Սա առաջին դեպքը չէ, երբ պաշտպանական գերատեսչությունը հրաժարվում է պատասխանել «Հետքի» հարցերին՝ հղում անելով պետական և ռազմական գաղտնիքին։ Պաշտպանության նախարարության համար այս գործելաոճն արդեն սովորական է դարձել, երբ հարցերի պատասխաններից խուսափելու համար, որոնք չեն կարող համարվել ռազմական կամ պետական գաղտնիք, հղում են արվում հենց այդ իրավակարգավորումներին։

Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter