
«Ամբողջ օրը մտածում եմ՝ ինչ կլինի, երբ երեխան ծնվի»․ արցախցի Ինեսան պատրաստվում է առաջնեկի ծննդին
Ինեսա Սարգսյանը հղիության չորրորդ ամսում է։ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց՝ արյան անալիզ հանձնելու էր գնացել հաց ու պանրով։
«Պետք է անոթի հանձնեի անալիզը։ Ոտքով մի ժամ քայլեցի, մինչև հասա հիվանդանոց։ Հերթում 50 հոգուց ավել մարդ էր սպասում, բոլորը հղիներ էին։ Երբ հերթս հասավ, գլուխս արդեն պտտվում էր»,- ասում է 25-ամյա Ինեսան։
Սա նրա երկրորդ հղիությունն է։ Առաջինն ընդհատվել էր 2021 թվականին 8-րդ շաբաթում՝ ինֆեկցիոն հիվանդության պատճառով։
Ասում է՝ ուզում է պատրաստվել երեխայի ծնվելուն, շորեր գնել, տակդիրներ ու մանկական այլ իրեր, եթե գտնի։ Բայց վախենում է ժամանակից շուտ ինչ-որ բան անել։
«Միշտ լավատես եմ եղել, չգիտեի, որ երբևէ մեր վիճակը կարող է այսքան վատանալ։ Բժիշկների հաշվարկով երեխան պետք է ծնվի 2024 թվականի հունվարի կեսերին, այսինքն՝ ձմեռը։ Ամբողջ օրը մտածում եմ՝ ինչ կլինի, երբ երեխան ծնվի, ի՞նչ վիճակում ենք լինելու, ուտելու բան ունենալո՞ւ ենք, թե՝ չէ, տունը կարողանալո՞ւ ենք ինչ-որ բանով տաքացնել, թե՝ չէ»,- ասում է Ինեսան։
Ինեսայի արյունը թանձր է, և պետք է մոտ 4 ամիս դեղ օգտագործի։ Բժշկի նշանակած դեղը Ստեփանակերտի դեղատներում չի գտել։ Միայն քիչ քանակի փոխարինող է գտել, բայց գնածը կհերիքի 2 ամիս։
Նրա խոսքով՝ ամառը գոնե բանջարանոցում մշակած մթերքներով գոյատևում են։ Հունվար ամսին հույս չունի երեխայի ու իր համար հիգիենայի պարագաներ գտնել։
«Հիգիենայի պարագաներ հիմա արդեն անհնար է գտնել, ինչ մնաց հունվար ամսում։ Ամենաշատը կաթնախառնուրդ չլինելուց եմ վախենում։ Մեր հարևանը մի շաբաթ առաջ է ծննդաբերել։ Կրծքով կերակրել չի կարողանում, կաթ չունի, կաթնախառնուրդ չի գտնում։ Չգիտեմ՝ ինչ եմ անելու, եթե նույն վիճակում հայտնվեմ»,- նշում է Ինեսան։
Ասում է՝ հույսը ձեռքով շորեր, տակդիրներ կարելն է, ինչպես առաջներում էին անում։
«Մերոնք ասում են՝ դե առաջ պամպերս էլ չէինք հագցնում երեխաներին: Կամ մեկը կար, լվանում էին, հետո նորից օգտագործում: Բարեկամներս են խոստացել, որ կօգնեն։ Երեխաների շորերը պահել են, որ տան ինձ, ես էլ իմ երեխայի համար օգտագործեմ»,- պատմում է նա։
Ասում է՝ միշտ ծննդաբերելու օրվա մասին է մտածում, թե ինչպես է հասնելու հիվանդանոց։ Միայն հույս է պահում, որ լավ կլինի, թե ինչպես՝ չգիտի։
Մինչեւ շրջափակումը Արցախի հանրապետական հիվանդանոց քաղաքացիները կարող էին գնալ արյան անալիզ հանձնելու երբ ուզեին։ Հիմա դա հնարավոր է անել միայն երկուշաբթի օրերին։
Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակից տեղեկացնում են, որ արդեն ամսից ավել է Արցախ դեղորայք չի մատակարարում: Գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյանի խոսքով՝ դեղորայք մատակարարելու շուրջ քննարկումները շարունակվում են, սակայն հրապարակման ենթակա որևէ տեղեկություն այս պահին Կարմիր խաչի գրասենյակը չունի:
Մեկնաբանել