HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Արցախցիներն արդեն մոռացել են, թե ինչպես է ապրում ազատ մարդը, բայց հանձնվելու իրավունք չունենք». Արցախի բնակիչ

Օքսաննա Մարկոսյանը մեր զրույցը սկսում է այսպես․ «Ապրում ենք Ստեփանակերտ քաղաքում, Հեքիմյան փողոցում, հայրիկիս հիշատակին ստացած տանը, ես, ամուսինս, 3 որդիներս, մայրս։ Ես էլ ինչպես իմ հազարավոր հայրենակիցները, կորցրել եմ տունս, Շուշիս»։

44-օրյա պատերազմի սկսվելուց մեկ օր առաջ Օքսաննան երեխաների հետ Ստեփանակերտ՝ մոր տուն էր եկել։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, պատերազմ սկսվեց ու Օքսաննան այլևս Շուշի չվերադարձավ։ Տնից գրեթե ոչինչ չէին հասցրել վերցնել։

Նախքան Շուշի տեղափոխվելը Օքսաննան ապրել է Ստեփանակերտում, իսկ մանկությունն անցել է Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում։ 2017-ին տեղափոխվել են Շուշի։ Օքսաննայի ամուսինը` Գարի Մարկոսյանը զինվորական է։

Օքսաննան պատմում է, որ շրջափակման օրերը հատկապես դժվար են, երբ տանը փոքր երեխաներ կան։ Նրա մեծ որդին՝ Ելիսեյը՝ 11 տարեկան է, միջնեկը՝ Լյովան՝ 5 տարեկան, իսկ կրտսերը՝ Մարկը՝ 1 տարեկան 8 ամսական։ Այս տարի Լյովան կգնա 0 դասարան (նախադպրոցական խումբ), մայրը գրախանութներից մի քանի գրենական պիտույքներ է գտել։ 5-ամյա Լյովան անհամբեր դպրոցին է սպասում։

Ելիսեյը արդեն մեծ է, ոչինչ չի պահանջում։ Լյովան երբեմն մորը խնդրում է խանութ գնալ որևէ բան գնել։ Օքսաննան բռնում է որդու ձեռքը, միասին շրջում են Ստեփանակերտի խանութներով, տեսնում, որ ոչինչ չկա, նորից դատարկաձեռն տուն վերադառնում։ 

Նախկինում՝ մինչև շրջափակումը, Օքսաննան տանը քաղցրավենիքի կոմպոզիցաներ էր պատրաստում, այժմ դա անելու հնարավորություն չկա։ Արդեն մի քանի ամիս է՝ խանութներում քաղցրավենիքի ոչ մի տեսակ չկա։

Երեկ համացանցում աղի ձողիկի բաղադրատոմս էր գտել, պատրաստել ու բաժանել էր փողոցի երեխաներին։ Ասում է՝ նրանց ոգևովածությունն աննկարագրելի էր։

«Պետք է տեսնեիք՝ ոնց էին ուրախացել։ Էդ էլ շատ սահմանափակ ապրանքներով էի սարքել։ Շատ վաղուց մեր ուզածը չենք գնել։ Իրոք, շատ ծանր շրջան է, ծանր ու դժվար»,- ասում է նա։

Բանջարեղեն ու միրգ խանութներում գրեթե չկա, մեծ հերթեր են գոյանում, երբ որևէ խանութում մի արկղ բանջարեղեն են ստանում։ Եղածը շատ թանկ է, ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ գնել։

Օքսաննայի քույրը գյուղում է բնակվում, իրենց բոստանից է բանջարեղեն ուղարկում։ «Երբ քույրս մեզ ինչ-որ բան է ուղարկում, ամուսնուս միջոցով է ուղարկում։ Դե տրանսպորտ չկա, տաքսի չկա, ամուսինս էլ 6 օրը մեկ 3 օրով է աշխատանքի գնում,  մի կգ կարտոֆիլ, մի կգ պոմիդոր, ամեն գալուց ինչ-որ բան ուղարկում է, մենք էլ էդ ամենը խնայողաբար պատրաստում ենք»,- պատմում է նա։

Օքսաննայի մայրը շաքարային դիաբետ ու անոթների խնդիր ունիդ, դեղեր է ընդունում։ Շուտով կվերջանան այն դեղերը, որոնք Օքսաննան նախօրոք մեծ քանակությամբ ձեռք էր բերել։ Նա չգիտի, թե այդ ժամանակ ինչ են անելու։

Օքսաննայի հայրը՝ Արկադի Եգարոնյանը, զոհվել է Արցախյան առաջին պատերազմում։ Օքսաննան ասում է, որ այն տունը, որտեղ բնակվում են հիմա, ոչ թե հայրական տունն է, այլ հոր հիշատակի, քանի որ ստացել են նրա զոհվելուց հետո։

«Հայրս զոհվել է 1994-ին՝ ապրիլի 18-ին։ Ինչի եմ նշում, որովհետև պատերազմը համարյա ավարտված էր, ու մամաս միշտ պատմում է, թե ինչպես է պապաս ապրիլի 15-ին եկել պոստերից, խոզը մորթել էր, որ 20-ին գա ու իմ ծնունդը՝ 3-ամյակը նշեին, բայց նրան բերեցին զոհված»,- ասում է նա։

Օքսաննան պատմում է հերթերից։ Հաց կամ կաթնամթերք գնելու համար պետք է գիշերվանից հերթ կանգնել։ Խանութներում կաթնամթերք չկա, գնում են միայն գործարանից։ Մարդիկ ստիպված գիշերը ժամը 3-ին տնից դուրս են գալիս, շատերը ոտքով ճանապարհ անցնում, հասնում գործարանի մոտ ու մինչև կեսօր հերթ կանգնում։ Վերջերս հնարավոր չէ գնել կաթնամթերքի բոլոր տեսակները միանգամից։ Գործարանում առաջարկում են ընտրել, կարող են գնել մածուն կամ թթվասեր, կաթ կամ կաթնաշոռ։ 

Հաց գնելու համար ինքն ու ամուսինը, մեկը մյուսին փոխարինելով, հերթ են կանգնում։ Օքսաննայի մայրը երեխաներին է պահում, մինչ ամուսինները քաղաքում մթերքի համար հերթեր են կանգնում։

Օքսաննան ասում է, որ Արցախի յուրաքանչյուր բնակիչ այսօր փորձությունների միջով է անցնում, շատ զրկանքներ է կրում, բայց նաև չի մեղադրում Հայաստանում ապրող այն մարդկանց, որոնք չեն պատկերացնում արցախցիների վիճակը։ 

«Հիմա ոչ մեկ չի գնում այն, ինչ ուզում է, չի անում այն, ինչ ուզում է։ Շատ վաղուց մարդիկ արդեն մոռացել են, թե ինչպես է ապրում նորմալ ու ազատ մարդը, բայց իրավունք չունենք ո՛չ ընկճվելու, ո՛չ էլ հույսներս կտրելու, ո՛չ էլ Արցախից հրաժարվելու։ Ես հավատում եմ, որ մենք միշտ Արցախում ենք ապրելու։ Շատ հնարավորություններ ենք ունեցել Արցախը լքելու, ուրիշ տեղում ապրելու, բայց չենք օգտագործել, որովհետև չենք ուզել։ Էստեղ իմ տունն է, իմ սիրտը, հորս գերեզմանը, որը մենք լքել չենք ուզում»,- նշում է Օքսաննան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter