HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Շարունակում ենք հետևողական ջանքերը՝ բարձրացնելու ճնշումն Ադրբեջանի հանդեպ». Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ողջունելի է համարում, որ միջազգային առաջատար լրատվամիջոցները շարունակում են ակտիվորեն անդրադառնալ լիակատար պաշարման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին:

«Միջազգային ԶԼՄ-ները իրենց նյութերում արծարծում են ինչպես Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյի զեկույցը և գնահատականները, վաղը կայանալիք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս իրավիճակի քննարկումը, այնպես էլ ներկայացնում են Արցախի իշխանությունների և հանրության կողմից տրված փաստերն ու տեսակետները:

Այսօր հեղինակավոր «Financial Times» լրատվականը ևս անդրադարձել է պաշարված Արցախի 120,000 բնակչության խնդիրներին, ինչպես նաև իրավիճակի հնարավոր զարգացումներին:

Իմ խոսքերից լրատվամիջոցը մեջբերել է մի հատված. «շրջափակումը հանգեցրել է սննդի պակասի, քանի որ սննդամթերքի 90 տոկոսը սովորաբար ներմուծվում էր Հայաստանից։ Վառելիքի մեծածավալ պակաս կա: Առողջապահությունը և այլ անհրաժեշտ ծառայությունները մեծ դժվարությամբ են աշխատում։ Դեղորայքը սպառվել է՝ վտանգի տակ դնելով մարդկանց կյանքը»:

Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ հայտարարություններին՝ նյութում ներկայացվել է իմ կոչը ՀՀ իշխանություններին՝ չգնալ այդ քայլին՝ ընդգծելով մեր ինքնորոշման իրավունքը:

Մենք, մեր գործընկերներն ու բարեկամները շարունակում ենք հետևողական ջանքերը՝ բարձրացնելու իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության իրազեկվածության մակարդակը և ճնշումն Ադրբեջանի հանդեպ՝ ցեղասպանության հետագա ընթացքի կասեցման նպատակով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter