HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչը ապօրինի գույքի գործով պահանջում է հայցային վաղեմություն կիրառել

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ օգոստոսի 16-ին, դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ՝ շարունակվեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, նրա հարազատների եւ փոխկապակցված անձանց դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով:

Այդ ցանկում են հայտնվել՝ նրա կինը՝ Լորետա Բարսեղյանը, որդիները՝ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, փեսաները` Էրիկ Համբարձումյանը, Ռուբեն Գալստյանը, և Խաչատրյանին փոխկապակցված այլ անձինք՝ Վարդան Բարսեղյանը, Հայկուհի Միքայելյանը, Մանվել Մալինցյանը, Լուսինե Բարսեղյանը և Նորայր Մնացականյանը:

Նախորդ դատական նիստին դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը միջնորդություն էր ներկայացրել հայցի հիմքի և առարկայի փոփոխություն թույլատրելու, ինչպես նաև գործում նոր պատասխանող ներգրավելու վերաբերյալ: Դատարանը բավարարել էր միջնորդությունը:

Գևորգ Քոչարյանը կրկին ներկայացրեց այդ միջնորդության բովանդակությունը, այն է` Սուրիկ Խաչատրյանի երկրորդ փեսային ևս` Ռուբեն Գալստյանին, գործում ներգրավել որպես նոր պատասխանող, ինչպես նաև դատարանը թույլատրել էր դատախազությանը փոխել իր պահանջը գույքերից մեկի բռնագանձման պահանջի մասով: Քանի որ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին օտարված Երևանի Այասի փողոց 10/1 հասցեի գույքի բռնագանձումը դարձել է անհնարին, Սուրիկ Խաչատրյանից բռնագանձման ենթակա է դարձել այդ գույքի միջին շուկայական արժեքը` 1 մլրդ 176 մլն 167 հազար 500 դրամ:

Այնուհետև պատասխանողների ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը միջնորդություն ներկայացրեց հայցային վաղեմություն կիրառելու մասին:

Գրիգորյանի խոսքով` Սուրիկ Խաչատրյանին պատկանող գույքերի առնչությամբ դատախազությունը ուսումնասիրություն սկսելու որոշում կայացրել է 2020 թվականի հոկտեմբերի 8-ին: Իսկ հայցի առարկան փոփոխելու միջնորդությունը դատախազությունը ներկայացրել է 2023 թվականի հունիս ամիսին:

Վահագն Գրիգորյանն ասում է` օրենքը սահմանել է ուսումնասիրության ժամկետ, այն է` 2 տարի, և դատախազության ուսումնասիրությունը կարող էր տևել մինչև 2022-ի հոկտեմբերի 8-ը: Սակայն եթե 2023-ի հունիս ամսին հիմքի և առարկայի փոփոխություն է եղել, նշանակում է, որ դատախազությունը շարունակել է ուսումնասիրությունը մինչև այդ պահը, ինչը, ըստ Գրիգորյանի, օրենքով սահմանված ժամկետի խախտում է:

Դատախազ Գևորգ Քոչարյանն ասաց՝ 2022 թվականին օրենքի փոփոխություն է կատարվել, ըստ որի` չավարտված ուսումնասիրությունների ժամկետը երկարացվել է` դառնալով 3 տարի: Քոչարյանը հարցրեց Գրիգորյանին, որ եթե պնդում է, թե մինչև 2023 թվականի հունիս ամիսը դատախազությունը շարունակել է ուսումնասիրությունը, արդյոք դա չի՞ նշանակու՞մ, որ օրենքի փոփոխությունը վերաբերելի է նաև այս գործին:

Գրիգորյանն ասաց, որ սա վիճելի հարց է: Ըստ նրա` դատախազի վկայակոչած օրենքի փոփոխությունն ունի սահմանադրականության հետ կապված լուրջ խնդիրներ: Գրիգորյանի խոսքով` դատարանի գործառույթն է նաև հասկանալ, թե որքանով է կիրառելի և սահմանադրական օրենսդիրի իրականացրած փոփոխությունը:

Քոչարյանը Գրիգորյանին հարցրեց նաև` եթե դատախազությունը, ըստ պատասխանող կողմի, իրավունք չունի հայցապահանջի ավելացում իրականացնել, ապա նվազեցում իրականացնելու իրավունք էլ չունի՞: Գրիգորյանն ասաց, որ նվազեցում իրականացնելու իրավունք ունի:

Այս միջնորդության դեմ առարկություն ներկայացնելու համար Գևորգ Քոչարյանը խնդրեց 2 շաբաթ ժամանակ, դատարանը տվեց այդ ժամանակը դատախազին:

Նիստի ավարտին Գևորգ Քոչարյանը հայտարարությամբ հանդես եկավ: Նա ասաց, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից ստացել է դիրքորոշում, որին կից ներկայացված է եղել մի փաստաթուղթ` 2 մլրդ դրամի չափով վճարման մասին: Ըստ դատախազի` ուսումնասիրության ընթացքում այս փոխանցման մասին տեղեկատվություն չի տրամադրվել իրենց բանկերի կողմից: Ուստի ստիպված են առաջիկայում ներկայացնել հայցի հիմքի և առարկայի փոփոխության ևս մեկ միջնորդություն: «Մենք, ըստ էության, Պղնձամոլիբդենային կոմբինատին այլևս որևէ պահանջ չենք կարող ներկայացնել, որովհետև պարտավորությունը փաստացի կատարվել է»,- նշեց նա:

Գործով հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 4-ին` 15:30-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter