HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ադրբեջանը մի կողմից արգելափակել է ալյուրի մուտքը ԼՂ, մյուս կողմից՝ թույլ չի տալիս ԼՂ ժողովուրդն իր ցանած հացահատիկը հավաքի. Փաշինյան

Օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցավ հրատապ քննարկում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության օգոստոսի 17-ի նիստում ամփոփեց քննարկման արդյունքները։

1. Միջազգային բարձրագույն ատյանում ընդգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը։ 

«Իհարկե, Հայաստանի հանրությանը կարող է տարօրինակ թվալ, որ սա արձանագրում եմ որպես ԱԽ-ում տեղի ունեցած քննարկման արդյունք, բայց չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն անընդհատ ու շարունակաբար պնդում է, թե Լաչինի միջանցքը փակ չէ»,- նշեց վարչապետը։

2. ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցած քննարկումը հաստատեց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առկայությունը, և այն, որ ԼՂ 120 000 բնակչության կյանքն ու անվտանգությունը դրված են կասկածի տակ։

3. Ընդգծվեց, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների ու բեռների 2 ոււղղություններով անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերյալ, Ադրբեջանի կողմից չի կատարվել։

«Այժմ կարող ենք արձանագրել, որ միջազգային բարձրագույն ատյանում ճշմարտությունը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ բարձրաձայնված է»,- ասաց Փաշինյանը։

Ըստ նրա՝ միջազգային հանրության կողմից նաև հավաքական կոչ է հնչել Ադրբեջանին՝ վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը։

«Իհարկե, այս կոչը այս պահի դրությամբ իրագործված չէ, և 22 բեռնատար շուրջ 400 տոննա հումանիտար բեռով Լաչինի միջանցքի մուտքի մոտ սպասում է ԼՂ մուտքի հնարավորությանը, մինչդեռ հումանիտար իրավիճակը ԼՂ-ում օր օրի սրվում է։

Միևնույն ժամանակ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող ղարաբաղցիները հայտնվում են Ադրբեջանի ԶՈՒ կրակահերթերի տակ, որ բերքահավաք իրականացնելու հնարավորություն չունենան։

Ադրբեջանը մի կողմից արգելափակել է Հայաստանի կառավարության կողմից 100 տոննա ալյուրի մուտքը ԼՂ, մյուս կողմից` թույլ չի տալիս, որ ԼՂ ժողովուրդն իր ցանած հացահատիկը հավաքի ալյուր ունենալու համար։ Սա ևս մեկ փաստ է, որը հիմնավորում է միջազգային փորձագետների կողմից առաջ քաշվող թեզը, թե Ադրբեջանը ԼՂ հայությանը սովահարության ենթարկելու միջոցով ցեղասպանության է ենթարկում, և հետևաբար Լաչինի միջանցքի բացումը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված քայլ պիտի դիրտարկել։ Կարծում եմ՝ միջազգային հանրությունը պետք է կենտրոնանա այս ընկալման վրա։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացումն է, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը միջազգային մեխանիզմի շրջանակում։

«ՀՀ-ն իր հերթին շարունակում է վերահաստատել իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և պաշտոնական Բաքվին կոչ է անում ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից»,- ելույթի ավարտին կրկին շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter