HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«Չաարատ Կապան»-ը մեծացրել է ոսկու խտանյութի արտահանման ծավալը Հայաստանից

Ոսկու խտանյութը՝ Հայաստանից Շվեյցարիա

Հանքանյութը Հայաստանի արտահանման կազմում բարձր հորիզոնականներ է զբաղեցնում։ Մշտապես ամենաբարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների կազմում եղել և մնում են պղինձը, ոսկին, մոլիբդենը։

2022 թվականին թռիչքային աճել է նաև թանկարժեք մետաղի խտանյութի արտահանումը Հայաստանից։ Ինչպես ցույց տվեց մեր ուսումնասիրությունը, խոսքը ոսկու խտանյութի մասին է, որը դրսում վերամշակվում է՝ զտվում են ոսկին ու մնացած հանքանյութերը։

Ըստ Մաքսային ծառայության՝ 2022 թվականին Հայաստանից արտահանվել է մոտ 21 հազար տոննա թանկաժեք մետաղի հանքաքար և խտանյութ, որի արժեքը կազմել է 85 մլն դոլար։

Նախորդ տարվա համեմատ այս ապրանքախմբի արտահանման քանակն աճել է շուրջ 3.4 անգամ, իսկ արժեքը՝ 5.5 անգամ։ Այսինքն՝ ոչ միայն քանակն է աճել, այլև նախորդ տարվանից ավելի թանկ գնով է արտահանվել։

Շեշտենք, որ ոսկին Հայաստանից արտահանվում է ըստ տարբեր ապրանքախմբերի։ Օրինակ՝ դորե համաձուլվածքի տեսքով, չմշակված տեսքով, ոսկերչական իրերի և այլն։ Այս բոլոր ապրանքախմբերն ունեն հստակ տարանջատում արտահանման ծածկագրերով։ 

Այս հոդվածում խոսում ենք բացառապես ոսկու պարունակությամբ խտանյութի մասին։

Նախորդ տարի այն արտահանվել է մեծ մասամբ Շվեյցարիա (19.3 հազար տոննա, 82 մլն դոլար), մնացածն էլ՝ հիմնականում Մալայզիա, որով էլ գործնականում սկսվում և ավարտվում է Հայաստանից Մալայզիա ամբողջ արտահանումը։

Արտահանողը Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը շահագործող «Չաարատ Կապան»-ն է

Պետական եկամուտների կոմիտեի մեկ այլ բազայից տեղեկանում ենք, որ 2022 թվականին Հայաստանից ոսկու խտանյութի հիմնական արտահանողը Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը շահագործող «Չաարատ Կապան» ՓԲ ընկերությունն է։  Այն շահագործում է նաև Կապանի լեռնահարստացման կոմբինատը։

Վերջերս հայտնի դարձավ, որ բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված «Չաարատ Գոլդ Հոլդինգս» ընկերությունը (Chaarat Gold Holdings Limited, CGH) 55.4 մլն դոլարով վաճառում է հայաստանյան իր դուստր ձեռնարկությունը՝ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն: 

«Չաարատ Կապան»-ը  Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը շահագործում է ստորգետնյա եղանակով: Արտադրում է խտանյութեր՝ պղնձի, ցինկի, ոսկու և արծաթի պարունակությամբ:

Ըստ ՊԵԿ-ի՝ 2022 թվականին ընկերությունն արտահանել է 17.8 հազար տոննա ոսկու խտանյութ, որի արժեքը տարվա միջին փոխարժեքով կազմում է 82 մլն դոլար։ Բազայում նշված է, որ այն արտահանվել է որպես նմուշ։

Չնայած արտահանման այս բարձր ցուցանիշներին՝ «Չաարատ Կապան»-ը ֆինանսական կուտակված պարտավորություններ, վնասներ է կրել դրամի արժևորման հետևանքով։ Ակնկալվում է, որ ընկերության վաճառքից հետո պարտքերը կմարվեն։

«Չաարատ Կապան»-ին ուղարկած գրավոր հարցմամբ հետաքրքրվել ենք՝ արդյոք 17.8 հազար տոննա ոսկու խտանյութն ամբողջությամբ արդյունահանվել է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի՞ց, թե՞ կան նաև այլ աղբյուրներ։

Ընկերությունից դեռևս չեն պատասխանել։ Ինչպես նաև՝ բանավոր զրույցում չհստակեցրին՝ կպատասխանե՞ն, թե՞ ոչ։ Միայն նշեցին, որ մեր հայցած տեղեկությունները առևտրային գաղտնիք են պարունակում, որի պատճառով հնարավոր է չպատասխանեն։

Ոսկու պարունակությամբ ոչ մեծ քանակի խտանյութ են արտահանել նաև Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրը շահագործող «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն (մոտ 1.5 հազար տոննա, Շվեյցարիա), «Լիճքվազ» ՓԲԸ-ն (Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայր, 1.4 հազար տոննա), որն էլ ապահովել է դեպի Մալայզիա արտահանումը։

Վերջին տասը տարիներին Հայաստանից թանկարժեք մետաղների խտանյութի և հանքաքարի արտահանումը մինչև 2022 թվականը չի գերազանցել 6.5 հազար տոննան։ Նախորդ տարվա ցուցանիշը ամենաբարձրն է։

Ի դեպ, ըստ Մաքսային ծառայության՝ նույն ապրանքախմբի ներմուծում 2022 թվականին կամ չի կատարվել, կամ կատարվել է շատ փոքր քանակով։ Եվ ոչ միայն 2022-ին, այլև առնվազն վերջին տասը տարում։ 

Լուսանկարները՝ «Չաարատ Կապան»-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter