HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Չնայած վստահորդների բողոքներին եւ կարգապահական վարույթներին, փաստաբանը շարունակում է ծառայություններ մատուցել

Գայանե Մուսաելյանը 2020 թվականի փետրվարի սկզբին դիմել է փաստաբան Լիդա Հակոբյանի օգնությանը՝ դատական կարգով իր նախկին ամուսնուց 2014 թվականից չվճարված ալիմենտը ստանալու համար։  

Լիդա Հակոբյանը փաստաբանական ծառայության համար Գայանե Մուսաելյանից վերցրել է նախ՝ 500 000 դրամ, ապա՝ 150 000 դրամ, հավելյալ հայց ներկայացնելու համար։

Գայանեն գոհ չի մնացել փաստաբանի մատուցած ծառայությունից, հայցադիմումը, որը նա կազմել է, վարույթ չի ընդունվել։ Մի քանի անգամ դատարանը վերադարձրել է այն սխալների ու ոչ ճիշտ ձևակերպումների պատճառով։

Գայանեն հիասթափվել է ու ցանկացել է հրաժարվել պաշտպանի ծառայությունից։

Մի քանի անգամ գնացել է գրասենյակ, խնդրել Լիդա Հակոբյանին՝ կամ վերադարձնել գումարը, կամ գործը կատարել պատշաճ կերպով։ Ըստ Գայանեի՝ փաստաբանի հետ հաճախ վիճաբանել են, սակայն ընդհանուր հայտարարի չեն եկել՝  փաստաբանը գումարը չի վերադարձրել։ 

Գայանեի պատմելով՝ վերջին անգամ, երբ փաստաբանի գրասենյակ է գնացել, Լիդա Հակոբյանն ու նրա ամուսինը ծաղրել են Գայանեին, անհարգալից վերաբերվել, վիրավորել։ 

Գայանե Մուսաելյանի հետ Լիդա Հակոբյանը պայմանագիր է կնքել  իբրեւ ««Համալի գրուպի» ղեկավար, բայց այժմ այդ ընկերությունը սնանկ է ճանաչվել։

Լիդա Հակոբյանը, ըստ Փաստաբանների պալատի կայքի, փաստաբանական գործունեությամբ զբաղվում է 2010 թվականից։ Մասնագիտացած է քաղաքացիական, վարչական ակտերի բողոքարկման ու բոլոր տեսակի քրեական գործերի ծառայությունների մատուցմամբ։

Լիդա Հակոբյանը փաստաբանական ծառայություններ մատուցելու համար հոնորարը կանխիկ է վերցրել։Գայանեի խոսքով՝ փաստաբանն անպարտաճանաչ է եղել իր վստահորդների նկատմամբ։ Չի պահել դատարան փաստաթղթեր ներկայացնելու սահմանված ժամկետները, չի ներկայացել դատական նիստերին։

«Իմ ներկայությամբ իր մյուս վստահորդների մասին շատ վատ էր արտահայտվում՝ վիրավորական բառերով, հետո բոլոր գործարնքների համար կանխիկ էինք վճարում՝ ՀԴՄ չէր տալիս, չէի էլ հասկանում՝ էդ գները ծառայությունների որտեղի՞ց է որոշում»,-պատմում է Գայանեն։

Չկարողանալով վերցնել գումարը՝ 2021-ին Գայանե Մուսելյանը դիմել է Փաստաբանների պալատ։

Հարուցվել է կարգապահական վարույթ։ Սա Լիդա Հակոբյանի միակ կարգապահական վարույթը չէ։ 2018-2021թթ. Լիդա Հակոբյանի նկատմամբ հինգ կարգապահական վարույթ է հարուցվել, որոնցից երկուսի դեպքում կիրառվել է խիստ նկատողություն։ 

Փաստաբանների պալատը բավարարել է Գայանե Մուսաելյանի պահանջը՝ փաստաբան Լիդա Գագիկի Հակոբյանին մեղավոր է ճանաչել «Փաստաբանության մասին» օրենքի մի շարք հոդվածների և ենթակետերի պահանջների խախտման համար: Լիդա Հակոբյանի նկատմամբ կիրառվել է  կարգապահական տույժ՝ տուգանք 200․000 դրամի չափով և որպես լրացուցիչ տույժ նշանակվել են վերապատրաստման դասընթացներ «Դեոնթոլոգիա» (Էթիկա) առարկայից՝ 8 ակադեմիական ժամ:

Լիդա Հակոբյանից տուժած մեկ այլ քաղաքացի, որը ցանկացել է անանուն մնալ, «Հետքին» պատմել է, որ փաստաբանական աջակցության համար Հակոբյանը 350 000 դրամ է պահանջել։ Գումարը վճարելու համար քաղաքացին գրավադրել է իր ոսկյա զարդերը, սակայն ծառայություն չի ստացել։

Լիդա Հակոբյանը 3 փաստաբանական ընկերություն է գրանցել՝ «Համալի», «Համալի գրուպ» և «Լիդէր գրուպ»։ Առաջին երկուսը սնանկ են ճանաչվել։

Ամենայն հավանականությամբ, փաստաբանն իր ղեկավարած ընկերույթյունները սնանկ է դարձրել վճարման պարտավորություններից խուսափելու համար։

Գրավոր հարցմամբ դիմել ենք Փաստաբանների պալատ ու հարցրել, թե այդքան բողոքների դեպքում ինչու՞ Լիդա Հակոբյանը չի զրկվել փաստաբանական լիցենզիայից։

Պալատից հայտնել են, որ «Փաստաբանության մասին» օրենքի համաձայն՝ փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցումը՝ որպես կարգապահական տույժի ամենախիստ տեսակ, ունի կիրառման որոշ առանձնահատկություններ, որոնք յուրաքանչյուր դեպքում ուղղակիորեն կապված են համապատասխան կարգապահական գործի հանգամանքների հետ: 

«Օրենքին համապատասխան՝ կարգապահական տույժ կիրառելիս հաշվի է առնվում խախտման հետեւանքները, փաստաբանի անձը, մեղքի աստիճանը, առկա տույժերը, փաստաբանին բնութագրող ուշադրության արժանի այլ հանգամանքները, որպեսզի տույժը համաչափ լինի կատարված»,-նշված է Պալատի պարզաբանման մեջ։

Գայանե Մուսելյանին հաջողվել է Լիդա Հակոբյանից տուժած բազմաթիվ քաղաքացիների հետ կապ հաստատել, նրանցից ոմանք դեռ փորձում են ստանալ իրենց գումարները, ոմանք դիմել են Փաստաբանների պալատ։ 

«Հետքը» փորձեց մեկնաբանություն ստանալ  փաստաբան Լիդա Հակոբյանից։ Մի քանի օր նա չէր պատասխանում հեռախոսազանգերին, ի վերջո Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով հաղորդագրություն ուղարկեցինք ու տեղեկացրինք, թե ինչ թեմայով ենք ցանկանում զրուցել։ 

Օր և ժամ պայմանավորվելուց հետո Լիդա Հակոբյանը արգելափակեց մեզ իր ֆեյսբուքյան էջում։ Պայմանավորված օրը «Վայբեր» հավելվածի օգնությամբ կապ հաստատեցինք նրա հետ։ Փաստաբանն ասաց, որ իր երեխան հիվանդ է ու խնդրեց հանդիպել մեկ այլ օր։

Մեկ շաբաթ անց հնարավոր եղավ Լիդա Հակոբյանի հետ հանդիպման օր համաձայնեցնել։

Կես ժամ սպասելուց հետո նա եկավ Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող իր գրասենյակ

Իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների առնչությամբ Լիդա Հակոբյանն ասաց, որ Փաստաբաների պալատը քննում է բոլոր գործերը, որոնցով դիմում են քաղաքացիները։ 

«Քաղաքացին դիմում է ներկայացնում Փաստաբանների պալատ, որտեղ նշում է իր ենթադրյալ իրավախախտումների մասին։ Փաստաբանների պալատը վարույթ է ընդունում, սակայն վարույթ ընդունելը չի նշանակում, որ, այո, փաստաբանը թույլ է տվել իրավունքի խախտում։ Այո, ես ընդունում եմ, որ պիտի լինեն այդպիսի վարույթներ, որպեսզի փաստաբանը, անգամ եթե թույլ է տվել խախտում կամ թույլ չի տվել, ավելի մասնագիտանա, ավելի խորացնի իր գիտելիքները, որովհետև ցանկացած թերացում, ցանկացած վրիպակ կարող է խոչընդոտ հանդիսանալ իր մասնագիտական գիտելիքների և հետագա աշխատանքի համար։ Փաստաբանների պալատը հենց այն կառույցն է, որտեղ օբյեկտիվորեն քննվում է ցանկացած փաստարկ, և փաստաբանը կաշկանդված չէ։ Ինչ կապված է վարույթին, այո, փաստաբանը պետք է ունենա վարույթ, ես էլ բացառություն չեմ։ Պիտի լինի, այո, եղել են վարույթներ, և քաղաքացիներն, ըստ իրենց, որ առկա է խախտում, դիմել են, և որևէ խախտում Փաստաբանների պալատը չի արձանագրել, կամ Փաստաբանների պալատը արձանագրել է, որ կա խախտում, կոնկրետ իմ վերաբերյալ և պատասխանատվության է ենթարկել»,-ասում է Լիդա Հակոբյանը։ 

Չնայած նա վստահեցնում է, թե Փաստաբանների պալատում քննվող ցանկացած վարույթ օբյեկտիվ է և ուսումնասիրվում է բազմակողմանի, այնուամենայնիվ, համաձայն չէ իր հանդեպ կիրառված տույժ-տուգանքին և վարչական դատարանում բողոքարկում է այն։ Ըստ Լիդա Հակոբյանի՝ Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը ճիշտ գնահատական չի տվել, պնդում է, որ ինքը իրավունքի խախտում թույլ չի տվել։

Գայանե Մուսաելյանի հետ իր կոնֆլիկտը բնութագրում է որպես  միջանձնային։ 

«Անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ ես գտնում եմ, որ դեռևս օրինական ուժի մեջ մտած դատական ակտ չկա, որևէ միջանկյալ ակտ ևս չկա, Փաստաբանների պալատի ակտը վիճարկվում է Վարչական դատարանում, դատական նիստը նշանակված է հունվար ամսին,  ըստ այդմ՝ դատարանը կտա իր մեկնաբանությունը, մենք ունենք եռաստիճան դատարան, ցանկացած կողմ՝ փաստաբան և քաղաքացի, իրավունք ունեն դրանք վիճարկելու»,-ասում է Լիդա Հակոբյանը։

Մեկնաբանելով իր ներկայացրած հայցադիմումներում առկա թերությունները՝ Լիդա Հակոբյանը նշում է, որ եթե դատարանը հայցադիմումում որևէ թերություն է նկատում և վերադարձնում է  սահմանված եռօրյա ժամկետում ուղղելու, դա չի նշանակում, որ փաստաբանը թերացել է։ Նա վստահեցնում է, թե բարեխիղճ է իր բոլոր վստահորդների հանդեպ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter