HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Գումարտակի հրամանատարից օգնություն են խնդրել, ասել է՝ ես վիրավոր եմ, ինչ ուզում եք, արեք». Խուռհատի գործով տուժող

Էրիկ Գասպարյանը 44-օրյա պատերազմի մեկնարկին 70 օրվա զինծառայող էր։ Նա Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակում էր ծառայում։ Պատերազմի օրերին գումարտակը Ջրականից նահանջել է Հադրութ, տեղակայվել Հադրութի դպրոցում։

Հոկտեմբերի 10-ին նորակոչիկներին հրամայել են բարձրանալ և տեղակայվել Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա։ Կեսօրին ադրբեջանցիները հարձակվել են։ 

Գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը նորակոչիկներին հարձակման ժամանակ միայնակ է թողել՝ ասելով, թե վիրավոր է, նստել է մեքենա և հեռացել։

Մնալով առանց հրամանատարի և տալով կորուստներ՝ զինծառայողներն իջել են սարից։ Նրանց մի մասը, անտեղյակ, որ Հադրութ քաղաքը գրավված է, գնացել է հենց այդ ուղղությամբ, զոհվել կամ հայտնվել շրջափակման մեջ։

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Իշխան Վահանյանի գործով դատական նիստն անցավ լարված մթնոլորտում։ Դատարան էին ներկայացել տուժողներ Էրիկ Գասպարյանը և Արայիկ Գալստյանը։ Նրանք երկուսն էլ շրջափակման մեջ են հայտնվել, իսկ պատերազմի ավարտից հետո՝ գերեվարվել։

Զոհված զինծառայողների ծնողները նիստի ավարտին վրդովվեցին և դժգոհեցին Վահանյանի՝ իրենց բնորոշմամբ՝ արհամարհական հայացքից։

Այդ ժամանակ Իշխան Վահանյանը տեղից վեր կացավ, ձեռքը պարզելով ծնողների ուղղությամբ՝ ինչ-որ բան ասաց, որը լսելի չէր աղմուկի պատճառով և ոստիկանների ուղեկցությամբ հեռացավ։ Ծնողներն է'լ ավելի վրդովվեցին և փորձեցին գնալ նրա ետևից, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։

«Իշխանն ասել է՝ չեմ կարա օգնեմ, ես վիրավոր եմ, հոսպիտալ եմ, ինչ ուզում եք, արեք»

Խուռհատ սարից նահանջելուց հետո շրջափակման մեջ հայտնված Էրիկ Գասպարյանը գերեվարվել է դեկտեմբերի 12-ին։

Երբ ադրբեջանցիները սկսել են հարձակումը Խուռհատ սարի ուղղությամբ, Էրիկի խոսքով՝ խուճապային վիճակ է ստեղծվել։

«Սկսեցին փախնել՝ իրար օգնելով։ Մեկը մեկին պահելով իջնում էինք»,- պատմեց նա։

Էրիկը դատարանին հայտնեց, որ առաջին անգամ Վահանյանին տեսել է Հադրութում։ Դատախազ Գևորգ Ավետիսյանի հարցին՝ հնարավո՞ր էր Խուռհատում այդ օրն այդ  պայմաններում ստանալ բեկորային վիրավորում՝ տուժողը պատասխանեց, որ այդ օրը միայն հրաձգային զենքերից է կրակ եղել, և որ հնարավոր չէր բեկորային վիրավորում ստանալ։

Նահանջելիս գումարտակը բաժանվել է երկու մասի։ Վկաների մի մասը նախորդ նիստերին նշել է, որ երբ բարձրանում էին 3-րդ գումարտակի ուղղությամբ, նահանջելիս գումարտակի մեջտեղի հատվածը հրետակոծել են, գումարտակը բաժանվել է, մի մասը վերև է բարձրացել, մյուս մասն՝ իջել։ Սակայն, Էրիկը հրետակոծությունից տեղյակ չէ։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը նշեց, որ սպաները դատարանում ասել են, որ հրետակոծություն է եղել զորքի արանքում, չեն կարողացել հետ գալ։ 

-Հնարավո՞ր է, որ 100 հոգու մեջ հրետակոծություն լինի, ու Դուք դա չլսեիք ու չտեսնեիք,- հարցրեց նա։

Էրիկը պատասխանեց՝ իր կարծիքով հնարավոր չէր։

«Նույն ճանապարհով հետ իջանք, ստարշ կար մեր հետ, հետո իմացա՝ Գյումրիից էր ինքը, անունն էլ՝ Արտյոմ։ Հարութը հաշվեց՝ 90 ու ավել էինք, ստարշը զանգեց Իշխանին։ Իշխանն ասել է՝ չեմ կարա օգնեմ, ես վիրավոր եմ, հոսպիտալ եմ, ինչ ուզում եք, արեք։ Ստարշն ասեց՝ սենց բաներ ա ասում, էս էլ ձեր կամբատն ա»։

Քրեական գործում առկա տեղեկությունների համաձայն՝ «ստարշը» կամ կամավորական «քեռին» եղել է մոտ 100 հոգանոց զորքի հետ և կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ ղեկավարել նահանջող անձնակազմին։ Թե «քեռին», թե Հովհաննես Մուրադյանը զոհվել են։ «Քեռու» անձը դեռևս բացահայտված չէ։

Էրիկը պատմեց, որ գյումրեցի կամավորականն ասել է, թե Հադրութում էլի զինծառայողներ կան և առաջարկել է հասնել նրանց ու միանալ։ Որոշել են գնալ այդ ուղղությամբ, սակայն ադրբեջանցիները նրանց նկատել են ու սկսել կրակել։ Գումարտակը զոհեր և վիրավորներ է տվել։ 

Էրիկի խոսքով՝ իրենք նահանջել են Վանք գյուղ։ Այնտեղ շրջափակման մեջ են հայտնվել, 21 հոգով թաքնվել են Վանքի տներից մեկում։ 

«Հարութի մոտ հեռախոս կար, սաղս հերթով տուն էինք զանգում»,- նշեց նա։

21 հոգանոց խումբը հետագայում բաժանվել է 3 մասի, մի խումբը մնացել է տանը, մնացածը դուրս են եկել։

Էրիկ Գասպարյանը դեկտեմբերի 12-ին գերեվարվել է։

Տուժողի իրավահաջորդ Արսեն Ղուկասյանը հիշեցրեց, որ նախորդ դատական նիստին տուժողներից մեկն ասել է՝ զանգել են գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանին և օգնություն խնդրել։

«Ես էդ նիստից հետո զանգել եմ Վարդերեսյանին, և ասել՝ եթե քեզ զանգել են երեխեքն անտառից ու օգնություն խնդրել, իրենց տեղակայման վայրը քեզ ասել են, դու որպես նախկին հրամանատար գործողություն արե՞լ ես, ասել է՝ այո, ես հենց ամսի 11-ին գնացել եմ «Թութակներ», տեսել գեներալ Արթուր Աղաբեկյանին և Դավիթ Մանուկյանին, տեղեկացրել եմ, որ էս ինչ հատվածում ունեմ անտառում մոլորված զինվորներ, օգնություն է պետք, իրենք պատասխանել են՝ հատուկ օպերացիա ենք պատրաստում, մի խանգարեք մեզ, լքեք տարածքը»,- ասաց Արսեն Ղուկասյանը՝ նշելով, որ Վարդերեսյանը պատրաստ է ասածը դատարանում կրկնել։

Գործով մյուս տուժող Արայիկ Գալստյանը դատարանին հայտնեց, որ 2020թ հունիսի 6-ին է զորակոչվել բանակ։

Դատավոր Ջոն Հայրապետյանը խնդրեց տուժողին ներկայացնել, թե ինչ է իրեն հայտնի։

«Չեմ հիշում, ո՞նց պատմեմ»,- պատասխանեց Արայիկը։

Դատավորի, հանրային մեղադրողի, տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի հարցերի մեծ մասն անպատասխան մնացին, Արայիկն ասում էր, որ չի հիշում։

Դատավոր Ջոն Հայրապետյանը հարցրեց՝ գերեվարվա՞ծ եք եղել, տուժողը դրական պատասխան տվեց։

Դատախազի և տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի մի քանի հարցերի, այնուամենայնիվ, Արայիկը որոշ պատասխաններ տվեց։ Ասաց, որ Վահանյանին Խուռհատից նահանջելիս տեսել է։ Նրա խոսքով՝ ինքը չի տեսել՝ ինչպես է Վահանյանը վիրավորում ստացել, միայն լսել է, որ վիրավորվել է, մեքենա նստել, գնացել։

Նահանջելիս Արայիկը չի իմացել՝ որ ուղղությամբ են գնում։ Նա նահանջելիս վիրավորվել է։

«Տղերքը խոսել են Գարիկ Վարդերեսյանի հետ, ասել, որ վիրավորներ կան, ասել է՝ սպասեք, կգանք»,- նշեց նա։

Արայիկը ևս թաքնվել է Վանք գյուղի տներից մեկում։ Նա նույնպես գերեվարվել է։ 2021թ.  փետրվարին վերադարձել է Հայաստան։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 29-ին՝ ժամը 13.00-ին։

Կարդացեք նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter