HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

Ֆիզիկան գրավիչ չդարձավ, փոխարենը բանակից խուսափելու նոր տարբերակ կա

Վերջին հինգ տարվա ընթացքում այս տարի առաջին անգամ է, որ Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ինստիտուտի բակալավրիատի դիմորդների թիվը գերազանցում է սահմանված տեղերի թիվը։ Սա պայմանավորված է Կառավարության այս տարվա մարտի 23-ի որոշմամբ, որով ֆիզիկայի ֆակուլտետներ անվճար ընդունված դիմորդները կարող են օգտվել տարկետման իրավունքից՝ ուսումնառության չորս տարիներին։

Այս որոշումը Ֆիզիկայի ինստիտուտ բերեց բազմաթիվ դիմորդների, որոնք հազիվ թե հետաքրքրվեին ֆիզիկայով, եթե չլիներ այդ արտոնությունը։ Այս գործընթացը սահուն տեղի ունեցավ նաև այն պատճառով, որ ընդունելության համար «Ֆիզիկա» առարկայի փոխարեն կարելի էր հանձնել նաև անգլերեն, իսկ «Մաթեմատիկա» առարկան պարտադիր էր։

«Ֆիզիկայի բաժին անվճար ընդունվածների մեծ մասը անգլերենի քննություն է հանձնել, սա նշանակում է, որ սեպտեմբերից ֆիզիկայի բաժնում սովորելու են լեզվաբաններ և ոչ թե ֆիզիկոսներ։ Նույնն է, ինչ որ Կոնսերվատորիայի համար քիմիայի քննություն հանձնեն»,-ասում է դիմորդներից մեկի մայրը։

Ծնողը, որը ցանկացավ անանուն մնալ, ասում է, որ իր որդին, հանձնելով «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» առարկաներ և հավաքելով 36․5 միավոր, ընդունվել է Ֆիզիկայի ֆակուլտետ՝ վճարովի հիմունքներով և ձմռանը զորակոչվելու է բանակ, մինչդեռ նրանք, ովքեր «Անգլերեն» առարկայով շատ ավելի բարձր միավորներ են հավաքել, կօգտվեն արտոնությունից՝ զբաղեցնելով այն ուսանողների տեղը, ովքեր հանձնել են հենց ֆիզիկա։

2022-23 ուս․ տարվանից սկսած՝ Ֆիզիկայի ինստիտուտի 6 ֆակուլտետ կարելի է ընդունվել պարտադիր «Մաթեմատիկա» և ընտրովի «Ֆիզիկա» կամ «Անգլերեն» առարկաներով։

Համաձայն Կառավարության որոշման՝ Ֆիզիկայի ինստիտուտի բակալավրիատի 8 կրթական ծրագրից 5-ի համար գործում է անվճար ընդունվելու դեպքում տարկետումից օգտվելու իրավունքը։ Այդ ֆակուլտետներն են՝ ֆիզիկա, միջուկային ռեակտորների ֆիզիկա, նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ, տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն, երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա, ռադիոֆիզիկա։

Այս տարի այդ ֆակուլտետներին հատկացված 156 տեղի համար պայքարել է 187 դիմորդ, մինչդեռ նախորդ երկու տարիներին դիմորդների թիվը եղել է 121 և 77։

Հատկանշական է, որ մյուս երկու կրթական ծրագրերի դեպքում, որոնց վրա չի տարածվել տարկետման իրավունքը, նախատեսված 50 տեղից 32-ը մնացել է թափուր։ Բացառություն է «Տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն» կրթական ծրագիրը, որը թեև «արտոնյալ» չէ, սակայն 30 տեղից ոչ մեկը թափուր չի մնացել։

Այս որոշումով ֆիզիկան դարձա՞վ ավելի գրավիչ

«Հետքի» հարցմանն ի պատասխան՝ ԵՊՀ-ից տեղեկացրին, որ 2022-ին վերը թվարկված 5 ֆակուլտետներ ընդունվելու համար «Անգլերեն» առարկայի քննություն հանձնել է 18 դիմորդ, իսկ այս տարի այդ թիվը 70 է։ «Ֆիզիկա» կրթական ծրագրում 23 անվճար ընդունվածներից 13-ը ընդունվել է անգլերենի քննությամբ։

Գծապատկերում ներկայացված տվյալները վերաբերում են ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի բակալավրիատի 5 կրթական ծրագրերին, որոնց համար գործում է տարկետման իրավունք։

«Հետքին» դիմած ծնողները դժգոհում են այն փաստից, որ իրենց երեխաները, որոնք արդարացիորեն հանձնել են «ֆիզիկա» քննություն, դուրս են մղվել մրցույթից Կառավարության այդ որոշման հետևանքով։

«Ես վստահ եմ, որ քաղաքական այս որոշումը ձախողվել է և նույնիսկ բացասական հետևանքներ է ունենալու։ Շատ հետաքրքիր է՝ արդյոք այս որոշումն ընդունելիս ռիսկերը հաշվարկվե՞լ են, գնահատում եղե՞լ է, ի՞նչ հիմնավորումներ կան։ Ամեն ինչ շատ խղճուկ է արված, որի համար նախարարությունը պետք է պատասխանատվություն կրի»,- ասում է Մերի Կարապետյանը։

Մերիի դուստրն այս տարի դիմել էր ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, հավաքել 27 միավոր, սակայն անգամ վճարովի չի ընդունվել։ Պատճառը մրցակցությունն էր։

«Շատ զամացած էինք, երբ մեզ ընդունելության մասին ծանուցում չեկավ, քանի որ նախորդ տարի 23, 25 բալով անվճար ընդունվել էին տեսական ֆիզիկա, մենք առավել, քան վստահ էինք, որ 27 միավորով իմ աղջիկն անվճար կանցնի։ Որոշ ժամանակ սպասելուց հետո զանգահարեցի ԳԹԿ, ասացին՝ ձեր աղջիկը վճարովի էլ չի ընդունվել, ու ես էդ պահին հիշեցի արտոնության մասին ու հասկացա, որ բոլորն անգլերենի բարձր միավորներով են ընդունվել»,-ասում է Մերին։ Նրա դուստրը հայտարարված թափուր տեղերի մրցույթով ընդունվել է «Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում» բաժին, որի վրա չի տարածվել Կառավարության որոշումը։

Այս տարի արտոնություն ստացած հինգ ֆակուլտետների համար անվճար ընդունելության միջինացված շեմը 34․4 է։ Նախորդ տարի՝ 2022-ին, նույն ֆակուլտետների համար այն 22․4 էր՝ 12 միավորով քիչ։

Մերի Կարապետյանի խոսքով՝ դուստրը խորապես հետաքրքրված է ֆիզիկայով, շատ լավ գիտի անգլերեն, քանի որ նպատակ ունի հետագայում արտասահմանում սովորել և գիտական կարիերա ծավալել։ Մերին ինքը աղջկան թույլ չի տվել անգլերեն քննություն հանձնել, քանի որ եթե ցանկանում է ֆիզիկայի ֆակուլտետ ընդունվել, ապա պետք է ֆիզիկա էլ հանձնի։ 

«Այս որոշման հետևանքով այս կուրսը, որի դիմորդները անգլերենով են ընդունվել ֆիզիկայի ֆակուլտետ և սեպտեմբերից 0-ից ֆիզիկա են ուսումնասիրելու, ավելի վատ միջին արդյունք է ցույց տալու, քան նախորդ տարիների կուրսերը։ Եկող տարի մենք կտեսնենք, թե, որքան ռոտացիաներ են լինելու, անգլերենով ընդունված այդ տղաները շատ ճարպկորեն կհայտնվեն համալսարանի այլ ֆակուլտետներում, ու մենք անգամ չենք էլ իմանա, որ պետության արտոնության հաշվին ֆիզիկայի ֆակուլտետներ ընդունվածները կավարտեն իրավաբանականը»,-ասում է Մերի Կարապետյանը։

Ի՞նչ են պատասխանում նախարարությունից

Այս թեմայի շուրջ «Հետքը» խոսել է ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանի հետ։

Նա ասում է, որ այս հարցով ծնողները նախարարություն դիմել են, սակայն տվյալ պահին որևէ միջամտություն չեն կարող անել, քանի որ դրա պատճառով կխախտվեն մրցույթի կանոնները և, հնարավոր է, ոտնահարվեն այլոց իրավունքները։

«Այս պահին որևէ միջանկյալ լուծում չի քննարկվել, քանի որ մրցույթն արդեն անցկացվել է, արդյունքները ամփոփվել են, և մենք ինչ-որ բան փոխելու իրավունք չունենք։ Մրցույթն անցկացվել է կարգին համապատասխան, պայմանը հայտարարվել է, խաղի կանոնները սահմանված էին, և բոլորի համար պայմանները եղել են հավասար, դիմորդներն են ընտրել մասնակցել դրան։ Մրցույթի էությունը հենց պայքարելն է»,-ասում է Լուսինե Գրիգորյանը։

Նա նշում է, որ երբ Կառավարությունը 2023-ի մարտ ամսին ընդունել է այդ որոշումը, արդեն իսկ 2022-ի դեկտեմբերին հաստատված էր ընդունելության քննությունների և մասնագիտութունների ցանկը, ուստի այդ ժամանակ այլևս ոչինչ հնարավոր չէր փոխել։

Միաժամանակ, Լուսինե Գրիգորյանն ընդունում է, որ այդ որոշումը մշակման կարիք ունի։

«Այս որոշումը դեռ շատ քննարկման և բարելավման կարիք ունի, որը մենք պատրաստվում ենք անել։ Բուհերից առաջարկներ ունենք մասնագիտությունների ցանկը և ընդունելության քննությունները փոփոխելու վերաբերյալ։ Պոլիտեխնիկական համալսարանից և ԵՊՀ-ից առաջարկել են ֆիզիկայի ֆակուլտետներ ընդունելության քննություններում միայն «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» առարկաները թողնելը։ Այս պահին սպասում ենք ԳԹԿ-ից վերջնական արդյունքներին, որպեսզի վերլուծենք և ըստ այդմ փոփոխություններ մշակենք»,-ասում է Լուսինե Գրիգորյանը։

Այս պահին արդեն իսկ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված է 2024/2025 ուս․ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին նախագիծը, որտեղ Ֆիզիկայի ինստիտուտի կրթական ծրագրերի համար հանված է անգլերենի քննությունը։

Ի՞նչ են ակնկալում ծնողները

Ծնողը, որը ցանկացավ անանուն մնալ, ասում է, որ մի քանի անգամ գրավոր դիմել է ԿԳՄՍՆ, այնտեղից իր նամակը վերահասցեագրել են ԳԹԿ, ըստ էության, որևէ սպառիչ պատասխան չի ստացել։ Դիմել է նաև ՄԻՊ գրասենյակ, դեռևս սպասում է։

«Իմ պահանջն է, որ գոնե մի քանի անվճար տեղ հատկացնեն ֆիզիկայով ընդունվածներին, որոնք կօգտվեն նաև տարկետման իրավունքից և իսկապես հետաքրքրված կլինեն առարկայով»,- ասում է դիմորդի մայրը։ 

Նա նաև օրեր առաջ հանդիպել է ԿԳՄՍՆ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանի հետ, վերջինս լսել է նրան, խոստացել, որ կմտածի խնդրի շուրջ, սակայն հստակ որևէ ելք չի առաջարկել։

Ծնողների խոսքով՝ եթե նախարարությունը գիտակցում է, որ սխալ է տեղի ունեցել և մյուս տարվա համար արդեն քննարկվում է անգլերենը հանելու հարցը, ապա նշանակում է, որ այս տարվա համար ևս պետք է ինչ-որ լուծում մտածել։ Հակառակ դեպքում ստացվում է, որ ֆիզիկան խթանելու Կառավարության որոշումը հակառակ էֆեկտ է ունեցել, և միակ տուժողներն այս տարվա դիմորդներն են։

Գծապատկերները՝ հեղինակի

Հոդվածում ներկայացված տվյալները՝ Երևանի պետական համալսարանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter