HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանական կողմը կտրել է համացանցի մալուխը՝ խափանելով Արցախի կայուն կապը համացանցի հետ․ Արտակ Բեգլարյան

Երեկ՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 17:55-ին, Բերձորի (Լաչինի) միջանցքում տեղակայված ապօրինի անցակետի մոտակայքում ադրբեջանական կողմը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով Արցախի կայուն կապը համացանցի հետ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

«Երեկ երեկոյան Արցախի մասնագետները փորձել են ռուս խաղաղապահների հետ միասին մոտենալ տվյալ հատվածին և վերանորոգել մալուխը, սակայն ադրբեջանական կողմը չի թույլատրել:

Այսօր առավոտվանից շարունակվում են բանակցությունները խաղաղապահների ու ադրբեջանական կողմի միջև, որպեսզի մեր մասնագետները կարողանան վերականգնել վնասված մալուխը:

Պատահական չեմ համարում, որ այս նոր հանցագործությունը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո և Արցախի ցեղասպանության թեմայով նախատեսված մամուլի ասուլիսի մեկնարկից բառացիորեն 5 րոպե առաջ:

Այս սադրանքի հետևանքով ասուլիսի արցախաբնակ բանախոսները՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և տեղահանված քաղաքացի Ալվինա Ներսեսյանը կարողացել են անկայուն ու այլընտրանքային կապով միանալ մյուս երկու բանախոսներին՝ ԱՀ արտգործնախարար Սերգեյ Ղազարյանին և ՄՔԴ առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյին 45 րոպե ուշացումով:

Ի հեճուկս ադրբեջանական ջանքերի՝ ասուլիսը կայացել է, որին մասնակցել են շուրջ 130 անձինք 27 երկրից:

Ի դեպ, այժմ Արցախում խիստ սահմանափակ ծավալի համացանց է հասանելի՝ անկայուն ռադիոկապի միջոցով, որը նույնպես շարունակաբար գտնվում է ադրբեջանական խլացուցիչ համակարգերի ճնշման ներքո»,- ասված է գրառման մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter