HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Ո՞վ է ձախ թևից փախցրել իմ զորքը». Մատաղիսի զորամասի հրամանատար

2020թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան հակառակորդը Մատաղիսի զորամասի պահպանության բնագծում գտնվող Թափկարակոյունլու-Թալիշ ուղղությամբ հարձակում է սկսել։

Դատախազության տվյալներով` Ադրբեջանի զինված ուժերն առաջիկա ժամերի ընթացքում ճեղքել են պաշտպանության շրջանի ձախաթևյան մի շարք, մասնավորապես՝ 107, 136 մարտական դիրքերի առաջին խրամատը, 150-164 մարտական դիրքերի, «Գառնի», «Սիս», «Մուշ» հրամանատարական դիտակետերի պաշտպանությունը։

ՊԲ հրամանատարի որոշմամբ՝ հոկտեմբերի 2-ին Մատաղիսի զորամասի ողջ անձնակազմը նահանջել է, Թալիշ և Մատաղիս գյուղերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ օգոստոսի 18-ին, շարունակվեց Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանի գործի քննությունը։

Սևակ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Մատաղիսի զորամասի հրամանատարի պաշտոնը, խախտել է մարտական հերթապահություն կրելու կանոնները, որի հետևանքով ժամանակին չի հայտնաբերվել և չի կասեցվել պետության դեմ հարձակումը։ 

Սևակ Աբրահամյանը նշեց՝ իրեն մեղադրում են, որ հակառակորդը գրավել է Թալիշ և Մատաղիս գյուղերը, սակայն ոչ մեկը չի հարցնում՝ ինչպե՞ս են ադրբեջանցիները հայտնվել այնտեղ։

«Հակառակորդը կռիվ անելո՞վ է եկել Թալիշին տիրացել, տենց բան չի եղել։ Ձախ թևային երկու վաշտ, մի գումարտակ, հակատանկային ստորաբաժանում, ականանետային մարտկոց. ո՞վ է էնտեղից փախցրել իմ զորքը, ո՞վ է էնտեղից տարել իմ զորքը, մինչև հիմա գործ էլ չի հարուցվում, ինչո՞ւ։ Թուրքը թիկունքով եկել է, 2-րդ օրվանից գոռում եմ, որ հետևս թուրք ա, խնդրում եմ՝ ստուգեք, մաքրեք, քանի որ իմ տարածքը չէր, զորք էլ չունեի էննտեղ տանելու։ Բոլորը դրա մասին գիտեին, և բանակի հրամանատարը, և դիվիզիայի։ Ոչ մեկ չի էլ հարցնում՝ թուրքը ո՞նց ա հայտնվել էդտեղ։

Խնդրում եմ պարզել՝ ո՞վ է զորքս փախցրել, ո՞վ է տեղաշարժ կատարել։ Ձախ թևի դիրքերում լրիվությամբ զորքը հանվել է այնտեղից անհայտ անձանց կողմից, ոչ մեկ չի ուզում բացահայտի»,- դատարանին դիմելով՝ ասաց Աբրահամյանը։

Հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը նշեց՝ եթե Սևակ Աբրահամյանը ձախ թևից զորքերի՝ անհայտ անձանց կողմից դուրսհանումը որպես հանցագործություն և հանցագործության մասին հաղորդում է դիտարկում, պետք է նախազգուշացնել սուտ մատնության համար նախատեսված քրական պատասխանատվության մասին։

Այնուհետև դատախազը նշեց, որ սա առնչություն չունի Աբրահմյանի մեղադրանքի հետ։

- Բա որ կապ չունի, Մատաղիսն ու Թալիշը ո՞նց հայտնվեց թուրքի մոտ, կապ չունի՞,- բարձր ձայնով պատասխանեց Աբրահամյանը։

- Իմ հետ մուննաթով մի խոսեք, ձեռքով-ոտքով խոսում եք, հուզմունքներով, հանգիստ խոսեք,- ասաց հանրային մեղադրողը՝ խնդրելով դատարանին կարգի հրավիրել ամբաստանյալին։

Աբրահամյանի պաշտպան Արման Թամրազյանը հիշեցրեց, որ հրամանատարը կանտուզիա է ստացել ու հատուկ լսողական սարք է կրում, այդ պատճառով էլ բարձր է խոսում։ Պաշտպանը նաև նշեց, որ Աբրահամյանին մեղադրում են այդ գյուղերի գրավման մեջ, և նրա խոսքը գործի հետ առնչություն ունի։

Դատավոր Արտուշ Գրիգորյանը գտավ, որ վիրավորական որևէ արտահայտություն չկա, և որևէ միտում չտեսավ Աբրահամյանի խոսելաձևում։

Այս դատական նիստին հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանն ընթերցեց մեղադրական եզրակացության համառոտ տարբերակը։

Ըստ այդմ՝ Սևակ Աբրահամյանը, 2019թ. նոյեմբերի 4-ից մինչև 2020թ. հոկտեմբերի 4-ը զբաղեցնելով ՊԲ N զորամասի (6-րդ պաշտպանական շրջան) հրամանատարի պաշտոնը, խախտել է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով հաստատված մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրությամբ, ՀՀ պաշտպանության նախարարի N հրամանով գործողության դրված «Մարտական կանոնադրությամբ» սահմանված մարտական հերթապահություն կրելու կանոնները, որպիսի գործողությունների հետևանքով ժամանակին չի հայտնաբերվել և չի կասեցվել պետության դեմ հարձակումը։ 

Գնդապետ Սևակ Աբրահամյանը չի պահպանել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի և ՊԲ հրամանատարի կողմից արձակված կարգադրություններով և հրամաններով սահմանված պահանջները, չի ձեռնարկել սպառնացող վտանգը կանխելու համար բավարար և համարժեք միջոցներ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Աբրահամյանը հրամանատարական կետում գտնվելու և այնտեղից իր ենթակա ստորաբաժանումները ղեկավարելու, հակառակորդի մարտական դիրքերի դասավորվածության փոփոխությունների, զորքերի տեղաշարժի վերաբերյալ ստացված հետախուզական տվյալները վերլուծելու և դրանց մասին անմիջական պետին անհապաղ զեկուցելու փոխարեն 2020թ. սեպտեմբերի 26-ին զորամասի սպայական կազմի հիմնական մասի և իր կողմից հրավիրված այլ հյուրերի` պաշտպանության բանակի շուրջ 100 սպաների մասնակցությամբ Մատաղիս գյուղում կազմակերպել և անցկացրել է զորամասի կազմավորման օրվան նվիրված խնջույք՝ հացկերույթ, որի ընթացքում մարտական հերթապահությունում ընդգրկված նույն զորամասի երկու հրաձգային գումարտակների հրամանատարներից ստացել է առաջնագծում և հակառակորդի թիկունքում ուժերի և միջոցների տեղաշարժերի ու կուտակումների, մարտական գործողությունների անցման վտանգի կտրուկ բարձրացման վերաբերյալ զեկույցներ, որոնցով վերջիններիս կողմից ներկայացվել է նաև վերախմբավորում կատարելու, պաշտպանության անցնելու և այդպիսով չպահվող մարտական դիրքերն անձնակազմով համալրելու վերաբերյալ առաջարկություններ։

«Հակառակորդի զորքին հնարավորություն է ընձեռնվել զարգացնել հաջողությունը` գրավել գերիշխող բարձունքները և հրամանատարական դիտակետերը, միաժամանակ գրոհներ կազմակերպել յուրայինների թիկունքից, մխրճվել պաշտպանության խորքը՝ շրջափակման վտանգի մեջ գցելով պաշտպանության շրջանի աջաթևյան հատվածում մարտնչող անձնակազմին, որի հետևանքով ՊԲ հրամանատարի որոշմամբ` 2020 թվականի հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի ողջ անձնակազմը հետ է քաշվել և զբաղեցրել նոր պաշտպանական բնագիծ` Մատաղիս-Մարտակերտ ուղղությամբ, ԱՀ Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ:

Այսինքն՝ Սևակ Խորենի Աբրահամյանին մեղսագրվում է հանցավոր արարք, որը նախատեսված է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 5-րդ մասին)»,- նշված է մեղադրական եզրակացությունում։ 

Մեղադրական եզրակացությունն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ՝ Սևակ Խորենի Աբրահամյան.pdf

Աբրահամյանի պաշտպան Արման Թամրազյանը հայտնեց՝ նշված մեղադրանքից հնարավոր չէ պաշտպանվել, քանի որ մեղադրանքն անհասկանալի է պաշտպանական կողմի համար։

«Մեղադրանքի մեջ նշվում է, որ անձի կատարած արարաքը նախատեսված է 2003-ին ընդունված քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, որը համապատասխանում է 2022-ին ուժի մեջ մտած քրեական օրենսգրքի 540 հոդվածի 5-րդ մասին։ Պաշտպանական կողմը պետք է հասկանա՝ իրեն մեղսագրված արարքը կոնկրետ ո՞ր նորմով է նախատեսված, ո՞ր նորմից պաշտպանական կողմը պիտի փորձի պաշտպանվել։ Անհնար է երկու նորմից պաշտպանվել։

Մեղադրողը պետք է մեղադրանքի մեջ նշեր՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու արարք կատարած անձի գործողություններով վնաս է պատճառվե՞լ, թե՞ վնաս պատճառելու սպառնալիք է առաջացել, թե՞ էական վնաս»,- ասաց նա։

Բացի այդ, ըստ պաշտպանի՝ պետք է նշվեր՝ արարքն անզգուշությա՞մբ է տեղի ունեցել, թե՞ դիտավորությամբ։

«Ունենք քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն, որտեղ նկարագրված գործողություններն ու հետևանքը նշված են որպես անզգուշություն, և ունենք մեղադրանք, որում ոչինչ նշված չէ։

Անձին չի կարող տարբեր ժամանականերում ընդունված  երկու քրեական օրենսգրքերի տարբեր հոդվածներով մեղադրանք ներկայացվել։ Մեղադրանքն ընդամենը հանդիսանում է զինվորական գործի մասին պատկերացում չունեցող անձի երևակայության արդյունք:

Քննիչի հետ իրավական տարբեր վեճեր եմ ունեցել և հասկացել, որ քննիչը բացարձակ գաղափար չունի ոչ զինվորական կանոնադրությունից, ոչ մարտական հերթապահությունից, ոչ մի բանից։ Միայն զինվորական գործից անտեղյակ մարդը կարող էր ենթադրել, որ Սևակ Աբրահամյանը եթե սեպտեմբերի 26-ին՝ ժամը 17-00-23-00-ն, ըստ մեղադրանքի, խնջույք է կազմակերպել, եթե այդ խնջույքը չլիներ, հակառակորդը Թալիշ և Մատաղիս գյուղերը չէր գրավի»։

Անդրադառնալով կարգադրություններին՝ պաշտպանը նշեց, որ ԳՇ պետի կողմից տրված կարգադրությունը տրվել է ՊԲ հրամանատարին։ ԳՇ պետի կողմից տրված կարգադրությունը զորամասի հրամանատարի համար պարտադիր կատարման ենթակա չէ։ ՊԲ հրամանատարը դիվիզիայի հրամանատարին չի կարգադրել մարտական աշխատանքների անցնել, նույնն էլ դիվիզիայի հրամանատարը՝ զորամասի հրամանատարին։

«Ասում են՝ մարտական աշխատանքային պայմաններում խնջույք է կազմակերպել, Սևակ Աբրահամյանին մարտական աշխատանքների անցնելու կարգադրություն չի տրվել։

Եթե զորքերը մարտական լրիվ պատրաստության բերված չեն, մոբիլիզիացիայով համալրված չեն, շտաբի համար կսահմանես լրիվ աշխատանքային ռեժիմ, թե` ոչ, դրանից ոչինչ չի փոխվում։

Մեղադրանքն ակնհայտ ապօրինի է, քանի որ ունենք զինվորական անփութության փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթ և ունենք մարտական հերթապահության կանոնները խախտելու հետ կապված մեղադրանքով քրեական հետապնդում»,- հայտնեց Թամրազյանը։

Սևակ Աբարահամյանն էլ դատարանին հայտնեց, որ բանակի հրամանատարի հետ է խնջույքի օրը համաձայնեցրել։

Ըստ Աբրահամյանի` դիվզիայի հրամանատարից սեպտեմբերի 25-ին կարգադրություն ստացել է, սակայն սեպտեմբերի 26-ի առավոտյան՝ 10-11-ի սահմաններում, դիվիզիայի հրամանատարը բանավոր ասել է՝ «ավարտում ենք խնդրի կատարումը»։ 

Բացի այդ, Աբրահամյանի խոսքով, ինքը սեպտեմբերի 25-ից 35 օրով արձակուրդում պետք է լիներ։ Նրա խոսքով՝ նույնիսկ արձակուրդի ժամանակ հաճախ էր զորամասում լինում։

«Ժամը 15:00-ին բանակի հրամանատարին եմ զանգել, ասել՝ պարոն գեներալ, հիմա ի՞նչ ենք անում, միջոցառումն անու՞մ ենք, թե՞ չէ, ասեց՝ արեք, կարող ա ես չկարողանամ գալ։ Ժամը 18:00-ին միջոցառումը որոշում ենք անել։ Նստած էր զինվորական դատախազը, ռազմական ոստիկանության պետը, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարը»,- պատմեց Աբրահամյանը` նշելով, որ ինքը շահագրգռված է եղել, որ քննիչը ճշտի՝ քանի հոգի մարդ է եղել խնջույքին։

«Գրել են 100 հոգի մարդ է եղել՝ և սպաներ, և քաղաքացիներ։ Միջոցառմանն այն մարդիկ են եղել (բացառությամբ երկու սպայի), որոնք պետք է իրենց տանը քնած լինեին։

Նշվում է՝ միջոցառման ընթացքում 1-ին և 4-րդ գումարտակի հրամանատարնները հրավիրված են եղել։

Ես իրենց չեմ հրավիրել, հրամայել եմ, որ մասնակցեն միջոցառմանը, եթե սպան գտնվում է մարտական հերթապահության մեջ, պարտադիր է մեկ օր հանգիստ տալ։

Նշված է, որ 1-ին և 4-րդ գումարտակի հրամանատրանները զեկուցել են հակառակորդի ահռելի տեղաշարժի մասին և կուտակումների մասին։ Ես ո՞նց հասկանամ այն ամենը, որը մեղադրանքում նշված է, քանի որ առերեսումներում գումարտակի հրամանատարնները և դիվիզիայի հրամանատարը ասում են, որ ամեն գումարտակի հրամանատար զեկուցել է մի բան՝ մեկն ասել է փոսի մեջ փոշի է եղել, մյուսն ասել է հակառակորդի դիրքի խորքում 4 բարձր մեքենա և մի ցածր մեքենա է մոտեցել, նույն բանը իրենց ներկայությամբ զեկուցել եմ դիվիզիայի հրամանատարին, ասել է՝ թող դիտարկումն ուժեղացնեն, ինչ կատրվում է զեկուցեն, տենց էլ եղել է»,- ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ մեղադրանքում հաշվի չի առնվել նաև այն հանգամանքը, որ ինքը գտնվել է արձակուրդում։ 

«Զորամասի հրամանատարի պաշտոնակատար է նշանակված եղել զորամասի շտաբի պետը»,- ասաց նա՝ հնարավոր համարելով, որ շտաբի պետին զեկուցած լինեն։

Աբրահամյանն ասաց՝ գործում նշված է, որ որ հակառակորդը 6:10 անցել է հարձակման։ «Որտեղի՞ց են վերցրել տվյալը, ձեր մոտ տեսագրությունները կան՝ ժամը մեջը նշած։ 6:10 շնչավոր առարկա էլ չկա, կամեռան ցույց ա տալիս 6:30 մի տեխնիկա է երևացել։

Նշված է, որ հակառակորդն անցավ հարձակման, առաջիկա ժամերի ընթացքում յուրային զորքին կորուստներ պատճառեց, մխրճվեց, գնաց գրավեց 101, 107, 136 150-164 դիրքերը և ՀԴԿ-ները։ Հիմա ես ի՞նչ պատասխան տամ, որ երրորդ օրը «Սիս» ՀԴԿ-ում զինվոր է մահացել»,- նշեց Սևակ Աբրահամյանը։

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 1-ին` ժամը 12։30-ին։

Կարդացեք նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter