
Արցախցի մեղվաբույծ. «Հիմա մենք ենք շրջափակման մեջ, մեղվի՞ն էլ շրջափակենք»
Մեղուների ձայնն ու փեթակների հոտը արցախցի մեղվաբույծ Նելսոն Սարգսյանին մի պահ կտրում են օրեցօր ծանրացող առօրյայից ու փոքր-ինչ թուլացնում պրկված նյարդերը: Երբ հանում է մեղվաբույծի հագուստը, ձեռնոցներն ու գլխարկը, մտածմունքը նորից նույնն է դառնում՝ թերսնված մարդիկ, սննդի ու հագուստի պակաս, լարված ու նյարդային օրեր: Ասում է՝ ժամանակ առ ժամանակ հուզմունք է առաջանում, աչքերն են «ճիրիկանում», թե էս ինչ եղավ մեր ազգը:
Նելսոն Սարգսյանը Արցախի Մարտունու շրջանի Պառավաթումբ գյուղից է: Այստեղ է ծնվել, մեծացել եւ ապրում մինչ օրս: Մասնագիտությամբ պատմաբան է: 1996 թ.-ից աշխատում է հարեւան Կաղարծի գյուղի դպրոցում սկզբից որպես պատմության ուսուցիչ, իսկ ապա՝ փոխտնօրեն:
Դեռ 1900-ականներին գյուղում մեղվաբուծությամբ զբաղվում էր տատը, հետո՝ մայրը, հիմա՝ ինքը, ու հետո երեւի երեխաները կշարունակեն գործը:
Հիմա Նելսոն Սարգսյանի նպատակը ոչ միայն մեղր, այլեւ մեղվաբուծական տարբեր ապրանքներ արտադրելն է: 120 փեթակ ունի: Գործին զուգահեռ նաեւ մեղվաբույծերի է պատրաստել, ասում ՝ 1996-2017 թթ. մոտ 30 մեղբավույծ է պատրաստել ու այդքան էլ տնտեսություն է հիմնել:
Նկատում է, որ մեղվաբուծության մեջ ամենից շատ ֆինանսական միջոցներն ուղղվում են փեթակների ձեռքբերմանը: Ու միանգամից ավելացնում է՝ մեղվաբուծության մեջ խնայողություն պիտի չանես: Մեղուն սիրում է արդար ու մաքուր աշխատանք: «Իսկ եթե ինչ-որ մեղվաբույծ փորձի ուշադրութուն չդարձնել մեղվին, մեղուն դա զգում է, էդ սիրո ու ուշադրության պակասը զգում է»,- նշում է մեր զրուցակիցը:
«Պետք է հասկանաս էդ պահին մեղվի միտքը, փեթակի կառավարումը ոնց է»,- շարունակում է Ն. Սարգսյանը:
Մինչեւ 44-օրյա պատերազմը փեթակները տանում էր Քաշաթաղի շրջան: Ասում է, որ այնտեղից ստացած մեղրի համն ուրիշ էր: Ծաղիկներ կային, որոնք սուր հոտ ունեին: Քաշաթաղից հետո գյուղի մոտ սարերն էր տանում փեթակները, բայց շրջափակումից հետո դա անհնար է դարձել վառելիքի պակասի պատճառով:
Այս տարվա մեղրաքամն արդեն արել է: Նախորդ տարի քամած մեղրի 10 տոկոսն է ստացել: Պատճառն էլ գտել է: Ասում է, որ դեռ անցած տարվա գարնան, ամռան ամիսներին նկատել էր, որ մեղուն թույլ է, չի զարգանում, հիվանդություններ կային: Ու դա, ըստ մեղվաբույծի, միայն Արցախում ու Հայաստանում չէր: «Բնության աղտոտվածությունը, պատերազմի հետքերը կան: Աղտոտվածությունն առաջինը երեւում է մեղվի կյանքի վրա: Մարդկությունը, հասարակությունը դա հետո է զգում»,- ասում է Նելսոն Սարգսյանը:
Չնայած այս տարի քիչ մեղր է ստացել, ավանդույթի համաձայն բաժին է հանել նաեւ դրա կարիքն ունեցողներին: Այս տարի մեղր է նվիրել 30 հոգու՝ երեխաների, հղի կանանց ու ծերերի: Միայն թե այս անգամ նրա արածը լուսանկարել ու տեղադրել են համացանցում: Մեղվաբույծը հանրայնացմանը դեմ է եղել, ասում է՝ ինքը միշտ է դա արել, ծերերին ու հիվանդներին է բաժանել իր արտադրանքից, ի՞նչ կարիք կար բարձրաձայնել այդ մասին: Այս կարճ բացատրությամբ նա փակում է այդ թեման:
2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մեղվաբույծ Սուրեն Գրիգորյանի նախաձեռնությամբ մեղվաբույծների ասոցիացիա է հիմնադրվել Արցախում: Այն պաշտոնապես գրանցվել է 2017 թ. եւ կոչվում է Արցախի մեղվաբույծների ասոցիացիա: Նախագահը Սուրեն Գրիգորյանն է, իսկ Նելսոն Սարգսյանն ասոցիացիայի անդամներից է: Պատմում է, որ իրենք ծրագիր էին մշակել բանակից զորացրված սպաների, սոցիալապես անապահովների, երիտասրադների համար, որպեսզի վերջիններս գյուղը չթողնեն: Փեթակներ էին գնել, սովորեցնում էին մեղր արտադրել, որն էլ հետո գնում էին: Ասում է՝ մեղվաբուծության համար բոլոր պարագաներն ասոցիացիան տրամադրում էր, ու սկսնակ մեղվաբույծը չէր մտածում, թե ինչպես պիտի իրացնի մեղրը:
Ասոցիացիան հիմա էլ է գործում: Նպատակը Արցախի մեվաբույծներին համախմբելն ու նրանց խնդիրները բարձաձայնելը, խորհրդատվական աջակցություն ցուցաբերելն է: «Արցախի մեղրի պահանջարկը միշտ էլ մեծ է»,- նկատում է մեր զրուցակիցը:
Ասոցիացիայի ստեղծման տարում՝ 2017 թ., Մարտակերտի Վանք գյուղում մեղրի գործարան էին բացել: Նելսոն Սարգսյանն ասում է, որ Կովկասում նման գործարան չկար: Բայց 44-օրյա պատերազմից հետո գործարանի աշխատանքը դադարեցվել է:
Փորձառու մեղվաբույծը այժմ մտադիր է իր սեփական ապրանքանիշով ներկայանալ՝ «Մեղուն եւ ես»: Աշխատանքները վերջնական փուլում են: Նրան օգնում են երեք զավակները:
Որդին սոցիական ձեռներեցության դասընթացների է մասնակցել Հայաստանում: 3 ամիս տեւած դասընթացից ընտրվել էին լավագույն ծրագրերը: Սկզբից 50, ապա 10 հոգի էր ընտրվել, որոնցից հաղթող էր ճանաչվել մեղվաբույծի որդին՝ Արամեն:
Նելսոն Սարգսյանի առաջիկա նպատակները շատ են, մտադիր է տոհմային տնտեսություն հիմնել ու զարգացնել: Հիմա ծաղկափոշի, ակնամոմ, մայրեր է զարգացնում, տրամադրում մյուսներին:
Շուտով սկսելու է փեթակների պրոֆիլակտիկ աշխատանքը: Ասում է, որ շատ բծախնդիր պետք է լինել այդ հարցում, քանի որ մեղրի որակի վրա միանգամից զգացվում է քիմիական դեղամիջոցների կիրառումը: Նելսոն Սարգսյանը կտրականապես դեմ է դրանց եւ նախապտվությունը տալիս է բնական միջոցներին, որոնք մի փոքր ավելի թանկ են, բայց որակյալ են:
Նշում է, որ իր մեղրն անպայման տանում է լաբորատորիա՝ փորձաքննության: Շեշտում է, որ գիտությունն ու տեխնոլոգիաները զարգանում են, եւ այդպես ինքն իր համար ստուգում է սեփական արտադրանքը՝ ավանդական մեթոդների կիրառմանը զուգահեռ: Այս պարագայում պատահական չի համարում, որ 2017 թ. Քարվաճառում մեղրի փառատոնին իր արտադրանքը հաղթեց:
Երբ կգա սեպտեմբերը
Շուրջ 200 բնակիչ ունեցող Պառավաթումբ գյուղի դպրոցը 3-ամյա է: Աշակերտներն ուսումը շարունակում են հարեւան Կաղարծիի 12-ամյա դպրոցում: Մոտ 1 կմ է այդտեղ հասնելը: Դժվար է հիմնականում ձմռանը:
Սեպտեմբերի մեկի նախապատրաստական աշխատանքներն են անում, բայց խանութներում չկան պայուսակներ ու գրենական պիտույքներ: Կաղարծիի դպրոցում այդ պակասը փորձում են լրացնել հավաքագրումներով: Հավաքված պիտույքները մինչեւ նոր ուսումնական տարվա սկիզբը կտրամադրեն դրանց պակասն ունեցող աշակերտներին:
Մասնագիտությամբ պատմաբան Նելսոն Սարգսյանն ասում է, որ Արցախն ու Հայաստանը պատմական բարդ շրջաններ են անցել, միշտ դիմակայել են, փորձել պահել ինքնուրույնությունը: Նկատում է, որ Արցախում այդ պայքարը եղել է հազարավոր տարիներ, եւ հնարավոր չէ այն կոտրել: «Պատմությունը հետաքրքիր գիտություն է: Աշակերտներիս միշտ ասում եմ, որ անցյալից դասեր քաղելը հնարավորություն է տալիս ճիշտ ապրել ներկայում եւ ապագան կանխատեսել»,- ասում է պատմաբանը:
«Որ ինձ հարցնում են՝ Նելսոն ջան, ի՞նչ ա լինելու, լավատես եմ, պիտի որ լավ լինի: Ինչպես հազարամյակներ շարունակ եղել է Արցախը, այդպես էլ մնալու է»,- հավելում է մեր զրուցակիցը: Փորձում է իր լավատեսությունը նաեւ շրջապատին հաղորդել, բայց երբեմն իսկապես դժվար է: Իսկ իրեն ամենաշատն անհանգստացնում է, թե որն է ելքը, ինչ է լինելու վաղվա օրը:
Այս մտքերը թոթափելու համար էլ հագնում է մեղվաբույծի հագուստն ու ցրվում գերզբաղվածության եւ աշխատանքի միջոցով: Լսում է մեղուների բզզոցը, որոնք՝ անտեղյակ Արցախի ու աշխարհի անցուդարձից, լորենիների ծաղիկներից նեկտար են հասցնում փեթակ:
«Ինչ էլ լինի, մեղուն ի՞նչ մեղք ունի, որ շրջափակված է, մեղվի խնամքը պետք է ապահովես: Հիմա մենք ենք շրջափակման մեջ, մեղվի՞ն էլ շրջափակենք»,- ավելացնում է արցախցի մեղվաբույծը:
Մեկնաբանել