HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Ապաստան տրամադրող Հայաստան․ միջազգային պաշտպանություն հայցողների թիվն ավելացել է

2023 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան ստանալու համար 440 անձ է դիմել։ Այս ցուցանիշը շուրջ 2 անգամ ավել է 2010-2022 թվականներին ապաստան հայցած անձանց թվի տարեկան միջնարժեքից (մեդիան)․ միջինում մեկ տարվա ընթացքում Հայաստանից ապաստան է խնդրում 225 մարդ, իսկ այս տարվա 6 ամսում դիմումներն արդեն կրկնակի են։

Այս դիմումները քննում է Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ Հայաստանը ապաստան է տրամադրում օտարերկրյա այն քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, որոնք հետապնդումների, արտաքին կամ ներքին սպառնալիքների պատճառով ստիպված են եղել լքել իրենց քաղաքացիության կամ մշտական բնակության երկիրը: Այս գործընթացը կարգավորվում է «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքով։

Նախորդ տարի՝ 2022-ին, ապաստան հայցողների թիվը 968 է եղել։ Վերջին տասնամյակում սա գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ 2021-ի նկատմամբ ավելի քան 270% աճը հիմնականում պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով․ նախորդ տարի ապաստան հայցողների ուղիղ կեսը՝ 484-ը, Ուկրաինայի քաղաքացիներ են եղել։

Առաջին հայացքից այս տարի տեմպն ընկել է, սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դիմումների թիվը ավելի քիչ է եղել՝ 364:

Ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների՝ այս տարվա հունվար-հունիս ժամանակահատվածում ապաստան հայցողների շարքում ամենից շատ Իրաքի քաղաքացիներ են՝ 131 հոգի։ 115 դիմումով երկրորդ տեղում Ուկրաինայի քաղաքացիներն են։ Հայաստանից ապաստան խնդրել է Ադրբեջանի 2 և Թուրքիայի 10 քաղաքացի։ Ադրբեջանի 1 և Թուրքիայի 2 քաղաքացու դիմում կարճվել է, 1-ի դիմումը՝ մերժվել։ Ընդհանուր առմամբ, դիմումներ եղել են 25 երկրների քաղաքացիներից։

Հունվար-հունիս ժամանակահատվածում Հայաստանում 179 օտարերկրյա քաղաքացի փախստական է ճանաչվել։ Այս ցանկում ամենաշատը Ուկրաինայի քաղաքացիներ են՝ 124 հոգի։ Փախստականի կարգավիճակ է տրամադրվել Իրաքի 23, Սիրիայի 12 քաղաքացիների։ Փախստական է ճանաչվել Պակիստանի 6 քաղաքացի։

Օտարերկրյա քաղաքացիները, որոնք Հայաստանից փախստականի կարգավիճակ և ապաստան են հայցում, կարող են ժամանակավորապես բնակվել հատուկ կացարանում: Կացարանում տեղավորման անհնարինության դեպքում՝ կենսաապահովման հիմնական կարիքները հոգալու համար նրանց տրամադրվում է դրամական օգնություն՝ ապաստանի դիմում ներկայացնողին՝ 20.000 ՀՀ դրամ (մոտ 40$), իսկ նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամին՝ 15.000-ական (մոտ 30 $) դրամ:

ՆԳՆ որակմամբ՝ առկա ենթակառուցվածքները չեն բավարարում ապաստան հայցողների տարեկան հոսքին։ Այս մասին նշվում է նախարարության՝ մարտի 22-ի ֆեյսբուքյան հրապարակման մեջ։ Սրանով պայմանավորված՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում մինչև 120 ապաստան հայցողի համար նախատեսված նոր ժամանակավոր կացարան է կառուցվում: Շինարարության բյուջեն կազմում է 1.5 մլն դոլար: Կառուցապատման աշխատանքներն իրականացվում են Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի համակարգմամբ՝ Նիդերլանդների, Դանիայի և Գերմանիայի կառավարությունների ֆինանսական աջակցությամբ: Ըստ նախարարության՝ նոր կացարանի շինարարական աշխատանքները այս տարի կհասցվեն ավարտին։

Գլխավոր լուսանկարը ստեղծել է արհեստական բանականությունը (Midjourney)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter