
Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի
Վրաստանի Շովի հանգստավայրում այս ամսվա սկզբին տեղի ունեցած սողանքի էպիկենտրոնից 55 կիլոմետր հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել են ևս մեկ մարմին։ Այսպիսով, զոհերի թիվը հասել է 28-ի։
Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ փրկարարները դեռ որոնում են 5 մարդու։ «Օնի մունիցիպալիտետում, սողանքի գոտում, շարունակվում են որոնողական աշխատանքները։ Մշտադիտարկման արդյունքում, էպիկենտրոնից 55 կիլոմետր հեռավորության վրա, փրկարարները հայտնաբերել են ևս մեկ մարմին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Վրացական կողմը փոխանցում է, որ աշխատանքներն ընթանում են Ռիոն և Չանախչի գետերի շրջանում, ինչպես նաև՝ դրանց վրա գտնվող կղզիներում, որտեղ կենտրոնացվել է ինչպես ծանր տեխնիկա, այնպես էլ լողացող միջոցներ, կենդանի ուժ և կինոլոգների խումբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ զոհերի թիվը հասել է 24-ի։ Երկու շաբաթ առաջ հայտնի էր դարձել, որ զոհերից մեկն Ուկրաինայի քաղաքացի է։ Ալինա Պոլիկովսկայան աշխատում էր ուկրաինական հեռուստատեսությունում։ Զոհերի թվում կա նաև ՌԴ քաղաքացի։
Լուսանկարը՝ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության
Մեկնաբանել