HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Համայնքը փոսալցնում է հիմնանորոգման ենթակա ճանապարհը, որը քանդվելու է

Արմավիրի մարզի Խոյ համայնքի «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» հիմնարկը մարզային նշանակության ավտոճանապարհների փոսային նորոգման աշխատանքների համար հուլիսի 31-ին կնքել է պայմանագիր: Արժեքը կազմում է 9 մլն 836 հազ. դրամ: Ինչպես փոխանցեցին Խոյի համայնքապետարանից, այդ գումարի մոտ 70%-ը՝ մոտ 6 մլն 800 հազ. դրամը, ծախսվել է միայն Ծիածան-Աղավնատուն ճանապարհի փոսալցման համար:

«Հետք»-ը գրել էր, որ նշված ճանապարհը դարձել է անանցանելի և լուրջ դժվարություններ է առաջացնում վարորդների համար:

2022թ. հոկտեմբերին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտարարություն տարածեց, որ հայտարարվել է նշված ճանապարհի նախագծի պատրաստման և ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ: Հատկապես վարորդները հույս ունեին, որ վերանորոգման աշխատանքները գարնանը կսկսվեն, մինչդեռ դրանք չեն էլ սկսվել:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախագծի պատրաստման ծախսերի մրցույթ հայտարարելուց 10 ամիս անց՝ օգոստոսի 18-ին է միայն հայտարարել ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների կատարման «հրատապ բաց մրցույթ»: Այն իրականացվում է մեկ փուլով` էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով:

Հայտարարված մրցութային փաթեթի ցանկում է նաև Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհահատվածը: Հայտարարության մեջ կատարման աշխատանքների գինը սահմանվել է մոտ 850 մլն դրամ:

Ընտրված մասնակիցը որոշվելու է նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։ 

Քանի որ հիմնանորոգման աշխատանքները ձգձգվում էին, իսկ ավտոճանապարհի փոսերն՝ ավելանում, համայնքը որոշել է իր միջոցներով փոսերն ասֆալտով լցնել, մինչև հիմնանորոգման աշխատանքները սկսվեն: Այդ համայնքի բնակիչները հույսը կորցրել էին, որ պետությունը կհիմնանորոգի ճանապարհը, և պարբերաբար դիմում էին համայնքին:

Ստացվում է, որ գնումների ձգձգումների կամ աշխատանքների ոչ ճիշտ պլանավորման պատճառով համայնքը մոտ 6 մլն 800 հազ. դրամի վնաս է կրում: Հիմնանորոգման նպատակով քանդվելու է ամբողջ ասֆալտի շերտը, հետևաբար նաև մոտ 6 մլն 800 հազ. դրամի կատարված աշխատանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter