HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրի վերգետնյա հոսքը դեպի Ստեփանակերտ երեք անգամ նվազել է

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի տարբեր մասերում տեղադրված են ջրի 19 բաքեր: Երբ ջրի մեքենան հերթական անգամ լցնում է Ազատամարտիկների 9 շենքի բակում տեղադրված երկու տոննայանոց բաքը, շենքի բնակիչները տան եղած ջրամաններով շտապում են բակ: Շաբաթից ավել է՝ շենքի բնակիչները տներում ջուր չունեն: 

Արևիկ Լալայանի ջրի ամանները մեկ մեծ, երկու փոքր ջրի տարաներն են ու 5 լիտրանոց դույլը: Երեք օր արտեզյան ջրամբարից էր ջուր բերում տուն: Չորրորդ օրը շենքի բակում տեղադրեցին ջրի բաքը: 

«Առաջին օրը լրիվ անսպասելի էր, երբ ջուրը կտրեցին: Աշխատանքից եկել էի տուն ու իջել հացի հերթի: Շենքի բնակիչները այդ ընթացքում զրուցում էին: Մեկ էլ չորրորդ հարկի հարևանս կանչեց, թե բա՝ արագ ջուր վերցրու՛, ջրերը կտրում են: Ես, մինչև հացի հերթը թողած, վազելով հասա տուն, տեսա մերն արդեն կտրել են: Տանն էլ մարդ չկար, որ ջուր վերցնի։ Այդ օրը ստիպված մնացինք առանց ջրի»,- ասում է Արևիկ Լալայանը:

Նա հայոց լեզու և գրականություն է դասավանդում Ստեփանակերտի հայ-իտալական կրթահամալիրում: 5 տարեկան դստերը առավոտյան տանում է մանկապարտեզ, հետո գնում աշխատանքի։ Այդ օրը մանկապարտեզում երեխայի ծնողական ժողովն էր։ 

«Գնացի, մասնակցեցի, հետո դուրս գալիս երեխան ասաց, որ ծարավ է։ Քանի որ տանը ջուր չկար, բարձրացանք հրապարակ: Ցայտաղբյուրից ջուր խմեց, հետներս վերցրած շիշը ջրով լցրինք։ Որոշեցինք մնալ դրսերում ու քայլել։ Մտածում էինք ուշ գնալ տուն, գուցե ջրերը տված կլինեն։ Եկանք տուն, տեսանք ջուր չկա: Իջանք, հարևաններից հարցուփարձ արեցինք, ասացին՝ մոտակայքում արտեզյան կա, այնտեղից են ջուր բերում»,- պատմում է Արևիկը։ 

Ուշ երեկոյան դույլերը վերցրել է, իջել ջուր բերելու։ Բերածը ընթրիքի ու տան գործերի համար է օգտագործել։ Հույս ուներ, որ գիշերը ջրերը կտան։ 

«Գիշերը չքնեցի, սպասում էի: Երեխային լողացրի, ամանները լվացի: Ասել էին՝ գիշերը կլինի: Առավոտյան ժամը 4-ին երկու ժամով տվեցին: Շատ բարակ էր հոսում ջուրը։ Հազիվ մի երկու բան տանը հասցրի անել, բայց հաջորդ օրվա համար ջուր վերցնել չհաջողվեց: Հազիվ լվացքին հերիքեց: Հաջորդ օրը առավոտյան արդեն ավելի մեծ քանակով ջուր բերեցինք դույլերով, որովհետև ամեն ինչ պետք է այդ ջրով անեինք»,- ասում է Արևիկ Լալայանը։ 

Երկրորդ գիշերն արդեն ջուր չկար: Հաջորդ օրը կիրակի էր, ջուր շատ էր պետք գալու։ Ողջ կիրակի օրը ծախսել է ջուր կրելու վրա: 

Ասում է՝ արտեզյանից ջուր բերելը նրանով էր վատ, որ երբ լույս չէր լինում, ջրամբարը չէր աշխատում ու ջուր վերցնել հնարավոր չէր: Մյուս կողմից էլ լավ էր՝ հովհարային անջատման ժամին գոնե հասցնում էր հանգստանալ։ Արդեն չորրորդ օրից «Ջրմուղ կոյուղու» աշխատողները շենքի բակում ջրով բաք են տեղադրել: Ջուրը այդտեղից են վերցնում: 

Տնային բոլոր գործերը՝ ամանները լվանալը, լվացք անելը, ճաշ պատրաստելը և սովորական խմելու ջուրը Արևիկը շենքի բակի բաքից է բերում։ Բաքն էլ, իր խոսքով, հաշված րոպեների ընթացքում դատարկվում է։ Ասում է՝ ինքն էլ, շենքի բնակիչներն էլ բողոքել են։ 

«Մի քանի անգամ զանգել ենք քաղաքապետարան, «Ջրմուղ կոյուղի»: Ոչ մի տեղից չգիտեն, թե երբ տներում ջուր կունենանք»,- նշում է Արևիկ Լալայանը:

«Ջրմուղ կոյուղու» տնօրեն Գագիկ Պողոսյանի խոսքով՝ օգոստոս ամսվա սկզբից մինչև օգոստոս ամսվա կեսերը դեպի Ստեփանակերտ ջրի վերգետնյա հոսքը երեք անգամ նվազել է ջերմաստիճանի բարձր լինելու պատճառով։ 

«Քաղաքի ջրամատակարարումը բաժանված է 12 գոտու: Ամեն գոտի իր ջուրը ստանում է տարբեր կարգավորիչ ջրամբարներից։ Կախված քաղաքի ռելիեֆից՝ ջրամբարները ծովի մակարդակից տարբեր բարձրությունների վրա են գտնվում, ինչպես նաև տարբեր տեղերից են ջուր ստանում։ Սրանով պայմանավորված՝ մի գոտում ջուրը վերջանում է, մյուս գոտում ջուր դեռ կա։ Իսկ մի գոտուց մյուս գոտի ջուր փոխադրել հնարավոր չէ»,- ասում է Պողոսյանը: 

Երբ գետերում ջուրը քչանում է, սկսում են աշխատեցնել արտեզյան պոմպեր, որոնք, սակայն, հովհարային անջատումների ժամանակ չեն աշխատում։ Իսկ դիզվառելիքի պակասի պատճառով տեղադրված գեներատորները աշխատեցնել չեն կարողանում։ 

«Որպեսզի ջրամատակարարումը չկանգնի, որոշ տեղերում գեներատորներ են տեղադրվել: Դրանք պետք է աշխատեցնել, որպեսզի պոմպակայանը նույնպես աշխատի: Բայց պետք է վառելիք լինի, որ աշխատեցնենք: Այնպես է ստացվել, որ բոլոր այս խնդիրները համընկել են: Օգոստոսի 12-ին որոշ չափով դիզվառելիք են տվել, տնտեսելով օգտագործում ենք: Քաղաքապետարանն է տվել: 19 ջրի բաք ենք տեղադրել քաղաքի տարբեր հասցեներում: Մի մեքենա ենք միայն կարողանում աշխատեցնել։ Մոտավորապես 18 ժամ օրվա մեջ շրջում ենք ու բաքերը լիցքավորում»,- ասում է «Ջրմուղ կոյուղու» տնօրեն Գագիկ Պողոսյանը։ 

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է շրջափակման մեջ։ 2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Հակարիի կամուրջը, որը գտնվում է Արցախի ու Հայաստանի սահմանագծին: 2023 թվականի հունիսի 15-ից Ադրբեջանը արգելափակել է հումանիտար բեռների ներկրումը Արցախ։ 253 օր է Ստեփանակերտ-Գորիս մայրուղով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 710 բուժառու համապատասխան բուժում ստանալու նպատակով: Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 186 օր ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումն ամբողջությամբ խափանված է արդեն 224 օր շարունակ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter