
Գեղարքունիքի մարզի դատախազի նախկին տեղակալը 14 անշարժ գույք է հայտարարագրել
Գեղարքունիքի մարզի դատախազի նախկին տեղակալ Կարեն Խաչատրյանն ավելի քան մեկ տասնյակ անշարժ գույք ունի։ Խաչատրյանի՝ 2022 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրում նա նշել է 14 անշարժ գույքի մասին։ Հայտարարագիրը հրապարակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ռեեստրում։ Կարեն Խաչատրյանը Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակլ նշանակվել է 2018թ․ դեկտեմբերին 3-ին, սակայն այս տարվա օգոստոսի 5-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով ազատվել է պաշտոնից։
14 անշարժ գույքերից 10-ը տարբեր հողամասեր են Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղում։ Այդ 10 հողամասերի սեփականատեր Կարեն Խաչատրյանը դարձել է 2004 թվականին, դրանք նրան պատկանում են համատեղ սեփականության իրավունքով։ Խաչատրյանը Խաչաղբյուրում ևս մեկ անշարժ գույք է հայտարագրել, որը դեռս չի ստացել իրավունքի պետական գրանցում։ 1 հողամաս էլ միանձնյա սեփականության իրավունքով Կարեն Խաչատրյանը հայտարարագրել է մարզի Լուսակունք գյուղում։
Բացի հողամասերից, Կարեն Խաչատրյանը նաև երկու բնակարանի սեփականատեր է, որոնցից մեկը ձեռք է բերել 2011 թվականի Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ համատեղ սեփականության իրավունքով, իսկ մյուսը՝ 2022 թվականին Ավան վարչական շրջանում՝ միանձնյա սեփականությամբ։ Ավանի բնակարանը Կարեն Խաչատրյանը ձեռք է բերել հիփոթեքային վարկով։
Բացի անշարժ գույքերից, Կարեն Խաչատրյանը հայտարարագրել է նաև 2 շարժական գույք՝ ավտոմեքենա․ 2010 թվականի արտադրության Lexus՝ ձեռք բերված 2016թ․, և 1990թ․ արտադրության САЗ բեռնատար՝ ձեռք բերված 1995 թվականին։
Գեղարքունիքի մարզի դատախազի նախկին տեղակալ Կարեն Խաչատրյանը որպես դրամական միջոց՝ հայտարարագրել է 8000 դոլար ու 9 մլն դրամ կանխիկ և 533 հազար դրամ անկանխիկ գումար։
Որպես եկամուտ՝ Կարեն Խաչատրյանը հայտարարագրել է 9,5 միլիոն դրամ աշխատավարձը, և 3,3 մլն դրամ «այլ եկամուտ»՝ ստացված հորից՝ Սուրեն Խաչատրյանից։
***
«Հետքը» շարունակում է ուսումնասիրել բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերը։ Առաջիկայում հայտարարագրերի վերաբերյալ նոր հրապարակումներ կունենանք։
Մեկնաբանել