HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Բենդեր շատ կային, բաս կիթառահար չկար»․ Արցախի առաջին աղջիկ բաս կիթառահարը

Արցախում գործում են տարբեր ջազային ու էստրադային պետական և ինքնագործ երաժշտական խմբեր, բոլոր այս խմբերի կազմերում ամենամեծ «դեֆիցիտը» բաս կիթառահարն է։ Այդ բացը լրացնելու համար ուսումնարանի դաշնամուրի և կիթառի բաժինների ուսանող Լառկա Դանիելյանը որոշեց դառնալ բաս կիթառահար։

«Ուսումնարանում սովորելու ընթացքում հաճախ նվագում էի Պետական ջազ նվագախմբի հետ՝ որպես էլեկտրո կիթառահար։ Հիմնական բաս կիթառահար չկար, փոխարինում էր շեփորահարը։ Նվագախմբի տնօրենը՝ Տիգրան Սուչյանը, միշտ հարցնում էր՝ չգիտեք արդյոք կա նվագող բասիստ Արցախում։ Ասում էինք՝ չէ, չկա։ Մի անգամ՝ անցած տարվա հոկտեմբերն էր, մեր դաշնակահարը ասաց ինձ՝ չե՞ս կարա բաս կիթառ նվագել, ասացի՝ խի՞ չեմ կարող, որ գործիքը լինի, պարապեմ, մատներս բացվի, կնվագեմ։ Գործիքը տվեցին, մի քանի օր ուսումնասիրեցի, նվագեցի, բացվեցի ու միացա բենդին։ Էս տարվա մայիսին՝ արդեն շրջափակման մեջ, պաշտոնապես գրանցվեցի Արցախի պետական ջազ նվագախմբում, որպես հիմնական բաս կիթառահար»,- պատմում է Լառկա Դանիելյանը։

Լառկան ասում է, որ ավագ երաժիշտները ոգևորում են՝ ասելով, որ Արցախի երաժշտության պատմության մեջ նա առաջին աղջիկ բաս կիթառահարն է։ Լառկան, Արցախի պետական ջազ նվագախմբից բացի, նվագում է նաև արցախյան «Նովա» և «Ստեփ» բենդերում, դասավանդում է նաև երաժշտական դպրոցում։ Զրույցի ընթացքում նվագախմբի միակ աղջիկ երաժիշտը պատմում է նաև բարդությունների մասին․

«Տնեցիները լավ էին վերաբերվում իմ՝ երաժշտությամբ զբաղվելուն, ուսումնարանում սովորելուն։ Երբ արդեն ջազ նվագախումբ մտա, տնից արդեն շատ սկսեցի բացակայել ու փորձերի պատճառով ուշ էի տուն գալիս։ Էդ կողմից ջղայնանում էին։ Մեզ մոտ սովոր չեն, որ աղջիկ էրեխան ուշ ժամերի տուն գա»։

Լառկան բաս կիթառ ինքնուրույն է սովորել նվագել, հիմնականում համացանցի դասերից, կատարումներից։ Սիրած բաս կիթառահարը Մարկուս Միլլերն է։ Ջազի հետ հավասար սիրում է ռոք, իսկ ամենաշատը՝ այդ երկուսը միասին։

Ասում է՝ սկզբից դժվար էր ինքնուրույն սովորելը, համացանցում ինֆորմացիան շատ էր ու դժվար էր հասկանալ, որտեղից սկսել, բայց գտնվեցին օգնողներ, որոնք ուղղություն տվեցին։ Հատկապես կարևոր է համարում իրենց նվագախմբի երևանյան համերգների ընթացքում բաս կիթառահար Էդգար Ավետիսյանի հետ ծանոթությունը և արցախցի կիթառահար Ռոբերտ Մելքոնյանի մասնագիտական օգնությունը։

Այս տարի Լառկան ավարտել է Ստեփանակերտի ուսումնարանը և ընդունվել (տեսակապով են հանձնել քննությունները) Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա։ Արցախից այս տարի կոնսերվատորիա են ընդունվել 9 դիմորդ՝ դաշնամուր, ջութակ, կլառնետ, դուդուկ, վոկալ մասնագիտություններով։

Արցախի շրջափակման հետևանքով 120․000 արցախցի գտնվում է հումանիտար, տնտեսական աղետի մեջ, առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքներ իսպառ բացակայում են։ Երևանի բուհեր ընդունված ուսանողների մի մասի ճակատագրերը մնում են անորոշ, մի մասն էլ Հայաստան է տեղափոխվել օգոստոսի 21-ին՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։

Մեզ հետ զրույցի պահին Լառկան վերադառնում էր հացի փռից, որտեղ չկար հաց, երեկոյան պետք է նորից գնար փուռ։ Իրենց ընտանիքի՝ ծնողների, երկու եղբոր օրվա հացի խնդիրը լուծելը, ինչպես այս պահին մնացած արցախցիների ընտանիքներում ամենամեծ հարցերից է։

Շրջափակման ընթացքում Լառկան ավելի շատ է նվագում․ «Քայլում ես քաղաքով, խանութները դատարկ բան չկա, քաղաքի մի մասում լույս կա, մյուս մասում չկա՝ մութ է լրիվ։ Էդ հոգեկանի վրա շատ է ազդում։ Գնում եմ, փակվում եմ մի տեղ, որ ոչ մի բան ո՛չ տեսնեմ, ո՛չ մտածեմ։ Հեռախոսը միացնում եմ, ու առաջինը ինչ կպատահի, միացնում եմ ու սկսում եմ նվագել։ Ինչքան վիճակը ավելի է վատանում, էնքան ավելի շատ եմ նվագում»։

 

Գլխավոր լուսանկարը՝ «Հետք»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter