HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Թերացումներ ու չարաշահումներ լինում են և՛ «Վեոլիա Ջրի», և՛ բաժանորդների կողմից». ՀԾԿՀ անդամ

Վերջին ամիսներին Երևանի գրեթե բոլոր վարչական շրջանների բնակիչերը բողոքում են ջրանջատումներից։ «Հետքը» պարբերաբար անդրադառնում է թեմային։ Երևան քաղաքի ջրամատակարարման խափանումների մասին զրուցել ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ Կամո Սարգսյանի հետ։

Խոսելով ամառվա սկզբից պարբերաբար ջրանջատումների մասին՝ Կամո Սարգսյանը նշեց, որ յուրաքանչյուր ամառ ջրամատակարարման համակարգն աշխատում է ծանրաբեռնված։  

Ամռանը ջրօգտագործման ծավալներն ավելանում են։ Շատ ջուր օգտագործելու ժամանակ բարձր ճնումներ են տրվում ցանցերին, ցանցերը չեն դիմանում հնության պատճառով։  

«Թերացումներ ու չարաշահումներ լինում են և՛ «Վեոլիա Ջրի» կողմից, և՛ բաժանորդների կողմից։ Կան որոշակի դեպքեր, երբ անձանց անպարկեշտության պատճառով վթարներ են իրականացվել։ Եթե ինչ-որ ֆունդամենտ են քանդում, մագիստրալն իր ծանրությունից ճկվում ու կոտրվում է, դրանց վերականգնելը բնականաբար երկար ժամանակ է տևում։ Դրանց սպասարկման զոնան շատ մեծ է։ Ապարանի ջրագիծը վթարվեց, Գառնու ջրագիծը։ Այսինքն՝ մարդիկ, սովորական կազմակերպությունները ինչ-ինչ պատճառներով վնասում են մագիստրալները»,- պատմում է նա։ 

Ըստ ՀԾԿՀ անդամի՝ խնդիրներ կան նաև սեփական սեկտորներում, որոնք Երևանի հարակից շրջաններում ունեն կանաչ տարածքներ և ոռոգում են, այդկերպ անհիմն ջրային պաշարների վատնում է տեղի ունենում։

Խնդիրները բազմակի են և սրվում են այն ժամանակ, երբ արտառոց շատ ջրապահանջարկ է առաջանում։ Կամո Սարգսյանի խոսքով՝ մարտ ամսին նույն ջրաքանակի դեպքում բողոքներ չեն լինում, բայց հուլիս-օգոստոս ամիսներին արտառոց ջրապահանջարկի պայմաններում թերացումներն ու խնդիրները սրվում են։

Կամո Սարգսյանը պնդում է՝ պետք է ձևավորվի ջրօգտագործման մշակույթ, պետք է ջուրն անիմաստ չվատնվի։

«Պետք է մագիստրալները չփչացնենք, համակարգը ավելորդ տեղը մեխանիկական քայքայման չենթարկենք։ Չէ՞ որ, ցանկացած շրջանցող ջրագիծ բերում է համակարգի ավելորդ վնասման, պետք է պահպանել գոտիները։ Իհարկե, «Վեոլիայում» էլ կան թերություններ, իհարկե, մեզ մոտ էլ կան թերություններ։ Լավ կլիներ, որ մեր բաժանորդները, որ մյուս կողմն են, հավելյալ խնդիրներ ստեղծելու փոխարեն՝ օգնեն, պարզապես կարողանան խնայել»,-ասում է հանձնաժողովի անդամը։

Կամո Սարգսյանը կարծում է, որ առաջիկա 2 տարիների ընթացքում հնարավոր կլինի խնդիրների մեծ մասը լուծել, ու բողոքներն այսքան շատ չեն լինի։   

Երևան մատակարարվող ջուրը գալիս է մոտակա մարզերից։ Ըստ նրա՝ եթե ջրօգտագործումը մոտակա մարզերից Երևան իջնող մագիստրալների վրա կանոնակարգվի, Երևանում գտնվող մագիստրալները ավելի արդյունավետ կլցվեն։ Հաջորդ քայլը՝ արտաքին ցանցում կորուստների կրճատման մեխանիզմն է։

Կամո Սարգսյանը ընդգծում է՝ «Վեոլիա Ջուր» ընկերությւոնը վերջին երկու տարվա ընթացքում շատ վթարավերականգնողական աշխատանքներ է իրականացնում, դրանով էլ պայմանավորված են հաճախակի ջրանջատումները։

Լուսանկարը՝ «Հետքի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter