
Ստեփանավանի նախկին քաղաքապետի որդիներն անցնում են ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ստեփանավանի նախկին քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի որդիները՝ Ալբերտ և Արտյոմ Ղարաքեշիշյանները, կինը՝ Լարիսա Լավրենովան և վերջինիս հարսը հրավիրվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու իրենց գույքերի ուսումնասիրության վերաբերյալ գործի նյութերին:
Ալբերտ Ղարաքեշիշյանը եղել է Ստեփանավան տարածքային սոցիալական ծառայության պետը: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել, և քննությունը շարունակվում է Հակակոռուպցիոն դատարանում: Ըստ մեղադրանքի՝ Ալբերտ Ղարաքեշիշյանն իր ենթակաների և «Հայփոստի» աշխատակիցների հետ հափշտակել են մոտ 551 միլիոն դրամ։
2013-2018թթ. սոցիալական ծառայության աշխատակիցները, ծառայության պետի և «Հայփոստի» աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ, մի խումբ քաղաքացիների ներառել են նպաստառուների ցանկի մեջ, նրանց անունով փոխանցել և հափշտակել են մոտ 551 միլիոն դրամ գումար։ Այդ անձինք չեն իմացել, որ իրենք նպաստառուների ցանկում են։
Գործը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից 2022թ. սեպտեմբերին ուղարկվել է Հակակոռուպցիոն քրեական դատարան:
Նույն դատարանում քննվում է նաև Ալբերտ Ղարաքեշիշյանի մասնակցությամբ մեկ այլ քրեական գործ: Ըստ մեղադրանքի՝ Ալբերտ Միքայելի Ղարաքեշիշյանը 2018թ. հուլիսի 20-ին, առանց պատշաճ թույլտվության՝ սահմանային վերահսկողություն իրականացնող ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ջոկատի «Գոգավան» սահմանային վերահսկողության ավագ հսկիչի կողմից փաստաթղթերի ստուգման և սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում տվյալների մուտքագրման, հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը՝ անցնելով Վրաստանի Հանրապետության տարածք:
Բացի այդ, Ալբերտ Ղարաքեշիշյանը, գտնվելով հետախուզման մեջ, 2018թ. օգոստոսի 11-ին Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս, դարձյալ առանց պատշաճ թույլտվության, նույն անցակետում և նույն եղանակով մուտք է գործել Հայաստանի տարածք:
Եղբայրը՝ Արտյոմ Ղարաքեշիշյանը ևս «քրեական անցյալ» ունի: Զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից՝ 2022թ. սեպտեմբերի 21-ին Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում վարել է տրանսպորտային միջոց: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան նրան մեղավոր է ճանաչել և 2022թ. հոկտեմբերի 26-ին նրա նկատմամբ պատիժ նշանակել 476 հազ. դրամ տուգանք՝ վճարումը տարաժամկետելով մեկ տարով:
Հիշեցնենք, որ «Հետքը» գրել էր, որ 550 մլն դրամ հափշտակածները նոր պաշտոններ են ստացել Ստեփանավանի քաղաքապետարանում:
Գրել էինք, որ Ստեփանավանից դեպի Տաշիր համայնք տանող ճանապարհին հյուրանոց է կառուցվում, որը պատկանում է Ալբերտ Ղարաքեշիշյանին։ Հյուրանոցը նախկինում եղել է ավտոմեքենաների սպասարկման տարածք։ Տարածքը պատկանել է «Ալբերտ Ղարաքեշիշյան» ՍՊԸ-ին։ Քաղաքապետն իր որդու՝ Ալբերտ Ղարաքեշիշյանի ավտոսպասարկման տարածքի գործառնական նշանակությունը փոխել է՝ դարձնելով հյուրանոցային։
Հյուրանոցի շենքից բացի՝ Ալբերտ Ղարաքեշիշյանը նույն փողոցում ունի գազալցակայան, արդյունաբերական օբյեկտ կառուցելու համար նախատեսված 2 հողամաս, ևս մեկ հողամաս՝ գյուղատնտեսական նշանակության։ Ստեփանավան քաղաքում ունի առանձնատուն, շինություն։
Մեկնաբանել