
Ռոսավիացիան հրապարակել է կործանված ինքնաթիռի ուղևորների անունները. նրանց թվում են Պրիգոժինն ու մեկ հայ
Ռոսավիացիան հրապարակել է նախօրեին Տվերի մարզում կործանված մասնավոր ինքնաթիռի ուղևորների և անձնակազմի անդամների ցանկը։
Բիզնես ջեթով, որպես ուղևոր, մեկնում էին Սերգեյ Պրոպուստինը, Եվգենի Մակարյանը, Ալեքսանդր Տոտմինը, Վալերի Չեկալովը, «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության հրամանատար Դմիտրի Ուտկինը, Նիկոլայ Մատուսեևը, ինչպես նաև՝ նույն մասնավոր զինվորական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։
Ինքնաթիռում նաև եղել են օդանավի հրամանատար Ալեքսեյ Լևշինը, երկրորդ օդաչու Ռուստամ Կարիմովը և բորտուղեկցորդուհի Քրիստինա Ռասպոպովան։
Համացանցի բաց աղբյուրներից պարզ է դարձել, որ 38-ամյա Մակարյանը, որը եղել է ՌԴ Չելյաբինսկի մարզից, անդամակցել է «Վագներ» մասնավոր զինվորական ընկերությանը ու կռվել Սիրիայում։
«Фонтанкa»-ի տվյալներով՝ կործանված ինքնաթիռում, Ուտկինից ու Պրիգոժինից զատ, պետք է լինեին նաև գործարարի օպերատորը, ընկերության լոգիստը և անձնական թիկնապահները։
Հիշեցնենք, որ Եվգենի Պրիգոժինին պատկանող ինքնաթիռը կործանվել էր օգոստոսի 23-ի երեկոյան Տվերի մարզի Կուժենկինո գյուղի մոտ։ Այն տեղի էր ունեցել Պրիգոժինի ապստամբության տապալված փորձից ուղիղ երկու ամիս անց։ Վարձկանների հետ կապ ունեցող Grey Zone տելեգրամյան ալիքը հայտնել է, որ Պրիգոժինն ու Ուտկինը զոհվել են։ Դեռ պաշտոնապես նրանց մահը չի հայտարարվել։ Ավելին, նույն տելեգրամյան ալիքը պնդում է, որ ինքնաթիռը խոցվել է ՌԴ ՊՆ ՀՕՊ ուժերի կողմից։
Լուսանկարը՝ The Moscow Times-ից
Մեկնաբանել