HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

1 տոննա կոկաինի գործով անցնող ընկերության կալանավորված տնօրենին Պետռեգիստրի գործակալությունը «չի հայտնաբերել»

Դեռ հունիս ամսին գրել էինք, որ 1 տոննա կոկաինի գործով անցնող, Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված «Մրգենի» ՍՊԸ-ի իրական շահառուի մասին հայտարարագիրը և Միհրան Պողոսյանի հայտարարությունը հակասում են իրար։

«Մրգենի» ՍՊԸ-ի իրական շահառուն, ըստ հայտարարագրի, Լևոն Աթաջանյանն է, սակայն Միհրան Պողոսյանը տեսանյութում հայտարարել էր, որ ինքն է ընկերության իրական շահառուն։

Պողոսյանն ասել էր հետևյալը. «...ստիպված եմ անդրադառնալ վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած «Մրգենի» ՍՊԸ-ին, որի իրական շահառուն, սեփականատերը հանդիսանում եմ ես», ինչպես նաև՝ «...խնդրել եմ իմ բարեկամին՝ Լևոն Աթաջանյանին իր անունով բացել կազմակերպություն, անձամբ լինել տնօրեն, քանի որ ես ֆիզիկապես հնարավորություն չեմ ունեցել այդ ամենը կազմակերպել իմ անունով»։

«Հետքը» Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին հարցրել էր՝ նախարարությունն այս հայտարարության վերաբերյալ որևէ վարույթ նախաձեռնե՞լ է, որևէ ստուգում իրականացրե՞լ է, թե՞ ոչ։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ստացել էինք ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Տաթև Մկրտչյանի որոշումը վարչական վարույթ հարուցելու մասին։

Վարույթի շրջանակներում գործակալությունը պետք է պարզեր՝ արդյոք «Մրգենի» ՍՊԸ-ն անզգուշությամբ էր սխալ ներկայացրել Իրական շահառուի (ԻՇ) հայտարարագիրը, թե՞ կեղծ տվյալներ էր ներկայացրել։

Գործի քննությունը պետք է տեղի ունենար հունիսի 9-ին։ Հուլիսի 25-ին Գործակալությունից հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում է վարույթը, գործակալությունն ի՞նչ է պարզել, հունիսի 9-ին նշանակված գործի քննությունը տեղի ունեցե՞լ է, թե ոչ։

Գրեթե մեկ ամիս ուշացմամբ ստացել ենք հետևյալ պատասխանը՝ Գործակալությունը հունիսի 15-ին վարչական վարույթը կասեցնելու մասին որոշում է կայացրել վարույթի հասցեատիրոջը՝ «Մրգենի» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար Լևոն Աթաջանյանին չհայտնաբերելու պատճառով։

Վարչական վարույթի կասեցման պատճառը առնվազն տարօրինակ է, քանի որ հայտնի է, որ դեռ մայիսի 30-ին Լևոն Աթաջանյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում և որպես խափանման միջոց ընտրվել էր կալանքը, իսկ Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: 

Արդյո՞ք Աթաջանյանի կալանավորված լինելը և նրան «չհայտնաբերելը» բավարար հիմք է վարույթը կասեցնելու համար։ 

Նշենք, որ Լևոն Աթաջանյանը մինչ օրս կալանավորված է։

 

 

Մայիսի 17-ին ԱԱԾ-ն առանց մանրամասն տեղեկության հայտարարեց, որ Հայաստան է ներմուծվել 250 միլիոն եվրոյի 1 տոննա կոկաին։ Պատմությունը մեծ հնչեղություն ստացավ։

«Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականի հուլիսի 27-ին։ Ընկերության միակ սեփականատերն ու տնօրենը Ռուսաստանի քաղաքացի Լևոն Աթաջանյանն է։ «Մրգենի» ՍՊԸ-ի գրանցման հասցեն 2019-2020 թվականներին եղել է Երևանի Ռուբինյանց փողոցում, այն նույն հասցեում, որտեղ գրանցված է նաև ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, Միհրան Պողոսյանի հետ կապվող «Քեթրին Գրուպ» ընկերությունը, որին ժամանակին պատկանում էր Հայաստան բանանի ներմուծման մենաշնորհը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter