Միհրան Պողոսյանի հայտարարությունն ու «Մրգենի» ՍՊԸ-ի իրական շահառուի հայտարարագիրը հակասում են իրար
Մայիսի 17-ին ԱԱԾ-ն առանց մանրամասն տեղեկության հայտարարեց, որ Հայաստան է ներմուծվել 250 միլիոն եվրոյի 1 տոննա կոկաին։ Պատմությունը մեծ հնչեղություն ստացավ։
Առաջին հայտարարությունից որոշ ժամանակ անց՝ մայիսի 24-ին ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ 1 տոննա կոկաինի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Մրգենի» ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետի նկատմամբ։
Նույն օրը դեպքի վերաբերյալ հայտարարություն արեց նաեւ վարչապետ Փաշինյանը և ակնարկեց, որ կոկաինի հասցեատերը ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանն էր. «Կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող ընկերություն է, որի սեփականատերը հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր է»։
Մայիսի 27-ին Միհրան Պողոսյանն իր հերթին տեսանյութ տարածեց ՀՀ 1 տոննա թմրանյութ ներկրելու վերաբերյալ։
Պողոսյանն ասել էր հետևյալը. «...ստիպված եմ անդրադառնալ վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած «Մրգենի» ՍՊԸ-ն, որի իրական շահառուն, սեփականատերը հանդիսանում եմ ես», ինչպես նաև՝ «...խնդրել եմ իմ բարեկամին՝ Լևոն Աթաջանյանին իր անունով բացել կազմակերպություն, անձամբ լինել տնօրեն, քանի որ ես ֆիզիկապես հնարավորություն չեմ ունեցել այդ ամենը կազմակերպել իմ անունով։ Ուզում եմ նշել, որ Լևոն Աթաջանյանը ոչ մի ֆունկցիոնալ պարտականություն կազմակերպությանում չի ունեցել և չի կատարել։ «Մրգենի» կազմակերպության գործունեությունն ամբողջությամբ կազմակերպվում և վերահսկվում է իմ կողմից, ամենօրյա ռեժիմով»։
Միհրան Պողոսյանի այս հայտարարությունը փաստացի հակասում է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում «Մրգենի» ՍՊԸ-ի ներկայացրած իրական շահառուների (ԻՇ) վերաբերյալ հայտարարագրին, որում տեսնում ենք, որ որպես իրական շահառու նշված է Լևոն Աթաջանյանը։
«Հետքը» Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին հարցրել է՝ նախարարությունն այս հայտարարության վերաբերյալ որևէ վարույթ նախաձեռնե՞լ է, որևէ ստուգում իրականացրե՞լ է, թե՞ ոչ։
Մեր հարցմանն ի պատասխան՝ ստացել ենք ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Տաթև Մկրտչյանի որոշումը վարչական վարույթ հարուցելու մասին։
Ըստ օրենսդրության՝ գործակալությունն իր նախաձեռնությամբ կամ դիմումի հիման վրա կարող է հարուցել վարույթ իրական շահառուների հայտարարագրման՝ օրենքով նախատեսված պահանջների պահպանումը ստուգելու նպատակով, իսկ խախտում հայտնաբերելու դեպքում՝ կիրառել օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ:
Իրական շահառուների հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելն առաջացնում է տուգանք՝ 30-100 հազար դրամի չափով:
Իսկ ԻՇ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ ներկայացման ենթակա տվյալները թաքցնելը պատժվում է տուգանքով՝ «առավելագույնը (հանցանք կատարած անձի ամսական եկամտի 35%-ը - խմբ.) տասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»:
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը պետք է պարզի՝ «Մրգենի» ՍՊԸ-ն անզգուշությա՞մբ է սխալ ներկայացրել ԻՇ հայտարարագիրը, թե՞ կեղծ տվյալներ է ներկայացրել։
Ի դեպ, պետական մարմինն իրավասություն չունի ստուգելու ընկերությունների՝ ԻՇ մասին հայտարարագրերի իսկությունը մինչև դրանց հրապարակումը։
Վերջերս «Ժողովրդավարության հայկական ֆորումի» պանելային քննարկումներից մեկի ընթացքում Արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը նշել էր, որ փորձագիտական մակարդակում մշակման փուլում է գտնվում Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը, որտեղ, ըստ նրա, նախատեսված են ռազմավարական ուղղություններ՝ կապված ռեգիստրի գործառույթները ուժեղացնելու հետ՝ թե՛ օրենսդրական, թե՛ ռեսուրսային առումով, որ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը կարողանա ստուգել ընկերությունների ներկայացրած (իրական շահառուների վերաբերյալ-խմբ․) տվյալների արժանահավատությունը։
«Նախարարության ռեգիստրի գործառույթը դեռևս լինելու է այն, որ վարույթներով պարտադրի, որ բոլորը ներկայացնեն, վերջացնեն, և նոր դրանից հետո մտածենք դրանց արժանահավատությունը ստուգելու մասին»,-ասել էր նա։
Չնայած ԻՇ մասին հայտարարագիր ներկայացնելը պարտադիր է՝ կան ընկերություններ, որոնք չեն պահպանում սահմանված ժամկետներն ու դեռևս չեն ներկայացրել հայտարարագրերը։
Արդարադատության նախարարությանը նաև հարցրել էինք՝ արդյոք կան ընկերություններ, որոնք պատժվել են կեղծ ԻՇ հայտարարագիր ներկայացնելու համար։ Մեր այս հարցը նախարարությունը թողել է անպատասխան։
|
Հիշեցնենք՝ մայիսի 30-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ՝ ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լևոն Աթաջանյանի և պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանքը, իսկ Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականի հուլիսի 27-ին։ Ընկերության միակ սեփականատերն ու տնօրենը Ռուսաստանի քաղաքացի Լևոն Աթաջանյանն է։ «Մրգենի» ՍՊԸ-ի գրանցման հասցեն 2019-2020 թվականներին եղել է Երևանի Ռուբինյանց փողոցում, այն նույն հասցեում, որտեղ գրանցված է նաև ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, Միհրան Պողոսյանի հետ կապվող «Քեթրին Գրուպ» ընկերությունը, որին ժամանակին պատկանում էր Հայաստան բանանի ներմուծման մենաշնորհը։ |
Մեկնաբանել