HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Կոլեկցիոներ Թաթուլ Առակյանի ցուցադրությունը 

Աբստրակցիոնիզմը խորհրդային շրջանում դիտարկվում էր որպես «ծայրահեղ ֆորմալիստական, գաղափարականությանը, ժողովրդականությանն ու ճշմարտությանը օտար տարր», «Քաոտիկ բծերի և գծերի անիմաստ համադրություն»։ Արվեստի արևմտյան ուղղությունները հակասում էին խորհրդային գաղափարախոսությանը և գործում էին ընդհատակում։ Հայաստանյան իրականության մեջ աբստրակտ, վերացական արվեստը հայտնվել է 20-րդ դարի 60-70 ական թվականներից, այդ ստեղծագործություններից շատերը արդեն համարվում են դասական․ գտնվում են Հայաստանի և արտերկրի տարբեր ցուցասրահներում և մասնավոր հավաքածուներում։

Հայաստանի կոլեկցիոներների մեջ Թաթուլ Առակյանի դերը առանձնահատուկ է, քանի որ նրա հավաքածուի մի ստվար շերտ լույս է սփռում հայկական արվեստի պատմության մի այնպիսի կարևոր շրջանի վրա, որը մեծ հաշվով դուրս է մնացել առավել ինստիտուցիոնալ կառույցների ուշադրությունից։ Խոսքը այս պարագայում հատկապես հետպատերազմյան (1945թ․) խորհդրային շրջանի ընդհատակյա արվեստի և 1980-1990-ականների անցումային շրջանի անկյունաքարային արվեստագետների թողած ժառանգության մասին է․ հիմնականում աբստրակտ (վերացական) արվեստ և փոփ արթ։

Նրա կոլեկցիայի միջոցով կարելի է հետևել հայկական արվեստային դաշտի էվոլյուցիային, հատկապես այն տենդենցներին, որոնք, շարունակելով գերակշռել անգամ այսօր, միևնույն է՝ դուրս են լայն հանրության տեսադաշտից։ Գլոբալ արվեստային ազդեցություններով համակված՝ այս ընտրանին երևան է հանում հայ արվեստագետների արդիականության ընկալումը և տեղական տուրքը արևմտյան մշակույթին։

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը օգոստոսի 25-ից ներկայացնում է «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 5․ Թաթուլ Առակյան» ցուցադրությունը Կենտրոնի «Ցուցասրահ Մեկում» և «Արծիվ» սրահում։

Այս ծավալուն ընտրանու մեջ կարելի է տեսնել Քիքիի «Բոբո»-ների բացառիկ օրինակներ, Գրիգոր Խաչատրյանի վերացական ստեղծագործություններ, Րաֆֆի Ադալյանի 1960-ական թվականների աբստրակտ էքսպերիմենտներ, Արման Գրիգորյանի կամ Արա Հովսեփյանի վրձնած մի շարք կարևոր նմուշներ, Կարինե Մացակյանի 1990-ականների փոփ արթ կտավներ, Միլանդա դե Մոնթի (Գրիգորյան) աբստրացիաներ, և մեր վերջին տասնամյակների ամենակարևոր արվեստագետներից Համլետ Հովսեփյանի մի շարք աշխատանքներ։ Երեսունից ավելի արվեստագետի շուրջ 120 աշխատանք է ցուցադրվում Գաֆէսճեան ենտրոնի «Ցուցասրահ Մեկում» և «Արծիվ» սրահում։  Թաթուլ Առակյանի հավաքածուի մեջ շարունակաբար հայտնվում են նոր անուններ և համալրման գործընթացը չի լճանում։

Ցուցադրությունը գործելու է 2023 թվականի օգոստոսի 25-ից նոյեմբերի 5-ը։ Մուտքն ազատ է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter