
«Այդ ամենը բացարձակ սուտ է». Կրեմլը՝ Պրիգոժինի ինքնաթիռի կործանման մեջ Պուտինի մասնակցության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է արևմտյան երկրների ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, որ «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը սպանվել է Կրեմլի հրամանով։ Նրա պատասխանի ձայնագրությունը հրապարակել է «Маяк» ռադիոկայանը։
Պրիգոժինի մասնավոր ինքնաթիռի կործանման մեջ Կրեմլի հնարավոր մասնակցության մասին լուրերի մեկնաբանությունը Պեսկովին խնդրել էր տալ BBC-ի թղթակիցը։
Ի պատասխան՝ Կրեմլի ներկայացուցիչը հայտարարել է, որ ավիաաղետի ու «ինքնաթիռի ուղևորների, այդ թվում՝ Եվգենի Պրիգոժինի ողբերգական մահվան» կապակցությամբ «ի հայտ են գալիս բազմաթիվ սպեկուլյացիաներ»։ «Իհարկե, Արևմուտքում բոլոր այդ սպեկուլյացիաները գալիս են կոնկրետ անկյունից։ Այդ ամենը բացարձակ սուտ է»,- հայտարարել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը կոչ է արել «հիմնվել փաստերի վրա», որոնք, նրա խոսքով, դեռ շատ չեն։ «Դրանք դեռևս պետք է պարզել քննչական գործողությունների ընթացքում, որոնք հիմա իրականացվում են»,- ընդգծել է նա։
Պեսկովը հիշեցրել է, որ երկու օր առաջ Պուտինը խոսել է Տվերի մոտ ինքնաթիռի կործանման մասին։ «Նախագահն ասել է, որ սպասում է քննության արդյունքններին, որոնք կավարտվեն տեսանելի ապագայում»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Եվգենի Պրիգոժինին պատկանող ինքնաթիռը կործանվել էր օգոստոսի 23-ի երեկոյան Տվերի մարզի Կուժենկինո գյուղի մոտ։ Այն տեղի էր ունեցել Պրիգոժինի ապստամբության տապալված փորձից ուղիղ երկու ամիս անց։ Վարձկանների հետ կապ ունեցող Grey Zone տելեգրամյան ալիքը հայտնել էր, որ Պրիգոժինն ու Ուտկինը զոհվել են։ Դեռ պաշտոնապես նրանց մահը չի հայտարարվել։ Ավելին, նույն տելեգրամյան ալիքը պնդում է, որ ինքնաթիռը խոցվել է ՌԴ ՊՆ ՀՕՊ ուժերի կողմից։
ԱՄՆ-ում, արևմտյան պարբերականների փոխանցմամբ, հավանական են համարում, որ Պրիգոժինի մասնավոր ինքնաթիռում ռումբ է տեղադրված եղել։ Արևմտյան երկրների պաշտոնյաները կարծում են, որ ինքնաթիռի ոչնչացման հրամանն անձամբ տվել է Վլադիմիր Պուտինը։
Կոլաժը՝ realtribune.ru-ից
Մեկնաբանել