HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտի խանութներում միայն ալկոհոլային խմիչք է մնացել

Ստեփանակերտի խանութների դարակները հիմնականում դատարկ են։ Այդ հատվածներում լույսերն անջատված են: Բազմաթիվ խանութներ փակվել են, քանի որ վաճառելու ապրանք չկա: Դեռեւս գործող խանութները բաց են միայն օրվա որոշակի ժամերի: Բոլոր տեսակի ապրանքներից մնացել է միայն ալկոհոլային խմիչքը, հիմնականում՝ օղի: 43 օր է՝ որևէ ապրանքատեսակ չի ներկրվում: 

«Տիտան» խանութի աշխատակից Նովելա Ղազարյանի խոսքով՝ երբեմն տեղական արտադրության որոշ ապրանքներ են ստանում՝ լոլիկ, կարտոֆիլ, խաղող: 

«Բերում, առաջարկում են, հիմնականում՝ գյուղացիները: Իսկ խանութը դրանք վերավաճառում է: Սովորաբար քիչ քանակով ենք ստանում՝ 2-3 արկղ, դա էլ շատ արագ վերջանում է: 2 օր առաջ խաղող էինք ստացել: Այսօր արկղերը գրեթե դատարկ են: Ամենաարագը լոլիկն է վերջանում: Իսկ խանութում միայն ալկոհոլային խմիչքներ են մնացել»,- ասում է Նովելա Ղազարյանը: 

«Ֆրեշ» խանութում առավոտները կարտոֆիլով կարկանդակներ են վաճառում: Խանութի աշխատողն ասում է, որ կարկանդակները ոչ թե տապակում են ձեթի մեջ, այլ ջեռոցում են թխում, քանի որ ձեթ չկա: Ստանում են շատ քիչ քանակով, որը տեղում վերջանում է: Խանութում մի քանի տեսակի ալկոհոլային խմիչքից ու համեմունքներից բացի այլ ապրանք չկա: 

«Ամ Մարկետ» միրգ-բանջարեղենի խանութի կեսը լցված է իրար վրա կոկիկ շարված դատարկ արկղերով: Խանութում միայն լոլիկ է վաճառվում: Սեփականատիրոջ խոսքով՝ մի քանի օր առաջ են ստացել: Արկղի մեջ մնացած լոլիկը մարդիկ արդեն չեն գնում, քանի որ տաք եղանակից այն գրեթե ամբողջությամբ փչացել է: 

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախը շրջափակման մեջ է՝ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը։ 2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանը փակեց նաեւ Հակարիի կամուրջը, որը Արցախի ու Հայաստանի սահմանագծին է: Իսկ 2023 թվականի հունիսի 15-ից Ադրբեջանը արգելափակել է հումանիտար բեռների ներկրումը Արցախ։ Շրջափակման 259 օրվա ընթացքում Ստեփանակերտ-Գորիս մայրուղով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 731 բուժառու՝ համապատասխան բուժում ստանալու նպատակով: Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 192 օր ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումն ամբողջությամբ խափանված է արդեն 230 օր շարունակ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter