HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կազմակերպված հանցավորությունը հետաքննելու ուղեցույց

Գլուխ 6. Զենքի ապօրինի առեւտուր

Զենքի ապօրինի առեւտրին նվիրված այս գլխի հեղինակը OCCRP-ի (անգլ.՝ Organized Crime and Corruption Reporting Project, հայ.՝ Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագիծ) Աֆրիկայի բաժնի ավագ խմբագիր Խադիջա Շարիֆեն է:

2005 թվականին «Զենքի բարոնը» ֆիլմի համար անհրաժեշտ պարագաներ գնելու փորձը ռեժիսոր Էնդրյու Նիքըլի վրա թանկ նստեց: Պարզվեց՝ իրական զենք գնելն ավելի էժան եւ հեշտ էր, քան մուլյաժ գնելը: Ինչպես կինոռեժիսորը բացատրեց ֆիլմի մեդիա արշավի ժամանակ, նա որոշեց գնել 3000 իրական Կալաշնիկով ինքնաձիգ եւ վարձակալել մարտական տանկ: Սակայն գլխավորը դեռ առջեւում էր։ Թեեւ նա զենքերի մի մասը ոչնչացրեց Հարավային Աֆրիկայում՝ կանխելու դրանց վերաօգտագործումը, սուղ բյուջեն ստիպեց նրան կես գնով վաճառել մնացածը, քանի որ շուկայում զենքը պարզապես, ինչպես ասում են, «ոտքի հետ գնում էր»։

Ռուսաստանցի Վիկտոր Բուտի նման զենքի իրական առեւտրականների կենսագրություններն ինչ-որ չափով իբրեւ ուղենիշ վերցնելով՝ «Զենքի բարոնը» ֆիլմը սկսվում է փամփուշտի պատրաստման գայթակղիչ եւ միեւնույն ժամանակ վտանգավոր գործընթացի պատկերմամբ՝ վառոդից մինչեւ պարկուճ, կոնվեյերից մինչեւ արկղեր: Ֆիլմն օգտագործում է Լիբերիայի բռնապետ Չարլզ Թեյլորի՝ իբրեւ գնորդի եւ Բուտի՝ իբրեւ մատակարարի օրինակները՝ ի ցույց դնելու կառավարությունների, լոբբիստների, զենքի առեւտրականների, ֆինանսիստների, հետախուզության գործակալների, փոխադրողների ու առաքիչների միջեւ բարդ եւ մութ համագործակցությունը՝ ապստամբներին, ահաբեկիչներին եւ աշխարհի տարբեր ծայրերում կռվող պաշտամունքային դաշտային հրամանատարներին զենքն արկղերով հասցնելուց մինչեւ դրանցով սպանությունների տեղատարափը։

Բուտին եւ Թեյլորին բռնեցին իրականացված հատուկ գործողությամբ: Առաջինը դատապարտվեց 25 տարվա ազատազրկման ԱՄՆ բանտերից մեկում, իսկ երկրորդին 50 տարվա ազատազրկման դատապարտեց Հաագայի՝ ռազմական հանցագործություններ քննող դատարանը: Այդ ժամանակից ի վեր՝ մինչեւ 2020 թվականը, համաշխարհային ռազմական ծախսերն աճել են մինչեւ գրեթե 2 տրիլիոն դոլար: Ռազմական ոլորտին ամենից շատ բյուջե հատկացնող 4 երկրները՝ Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ռուսաստանը եւ Մեծ Բրիտանիան, նաեւ սպառազինության ամենախոշոր մատակարարներն են աշխարհում: Զենքի համաշխարհային շուկան շաղկապում է առեւտրային եւ ֆինանսական գործարքները այն նույն բիզնես մոդելների շրջանակներում, որոնցով առաջնորդվում են անդրազգային կազմակերպված հանցավորությունը, պատերազմների հաշվին հարստացողները եւ ավտորիտար կամ հակամարտությունների վրա հիմնված տնտեսությունները:

Սրա պատճառն այն է, որ զենքի առեւտուրը կարգավորող ազգային օրենքները միանման չեն, հակասական են, կրում են կոռումպացված ղեկավարությունների ազդեցությունը եւ լի են դրանք շրջանցելուն նպաստող սողանցքներով: Զենքի առեւտրի բացահայտմանը խոչընդոտում են նաեւ մի շարք այլ հանգամանքներ՝ զենքի՝ ծովային եւ ավիացիոն եղանակներով փոխադրման գաղտնիությունը, դիլերներին եւ օպերատորներին պաշտպանող կորպորատիվ կազմակերպությունները, որպես միջնորդ հանդես եկող հարեւան երկրները, ինչպես նաեւ բարտերային համակարգը, որը թույլ է տալիս մեկ ապօրինի ապրանքը (օրինակ՝ փղոսկրը) փոխանակել մյուսի հետ:

Հենց հետաքննող լրագրողներն են հաճախ առաջինը բացահայտում զենքի հետ կապված արգելված, անօրինական կամ կոռուպցիոն գործողությունները: 

Քանի դեռ փաստաթղթերը կարգին են թվում, մաքսանենգ ապրանքները կարող են ազատորեն փոխադրվել, եւ միայն ծանրակշիռ ապացույցների դեպքում մաքսային կամ այլ պաշտոնական կառույցները կարող են խուզարկություն իրականացնել եւ առգրավել ապրանքը: Ինչպես ինձ ասաց մասնավոր օդանավակայանում աշխատող հարավաֆրիկյան մի պաշտոնյա. «Մենք ոչինչ չենք վաստակում եւ ոչինչ չունենք… Մենք ի վիճակի չենք դիմակայել եւ ո՛չ էլ ցանկանում ենք մեզ համար զորեղ թշնամիներ ստեղծել»:

Ի տարբերություն թմրանյութերի կամ մարդկանց թրաֆիքինգի, որն ամենուր է արգելված, երեք այլ՝ ֆինանսական, զենքի եւ շատ հաճախ բնապահպանական հանցագործությունների դեպքում (օրինակ՝ փայտանյութի առեւտրի կամ որսագողության) հնարավոր է տարատեսակ սողանցքներ գտնել: Ամեն ինչ կախված է տարբեր երկրներում գործող գաղտնիության մակարդակից, ինչպես նաեւ՝ համապատասխան իրավական, ֆինանսական եւ տրանսպորտային համակարգերից:

Բուտի ազատազրկումը, օրինակ, չխանգարեց նրա ցանցին շարունակել զենքի մատակարարումները Սուդանից Սիրիա՝ ներգրավելով հարավաֆրիկյան եւ ռուս մենեջերների, մավրիկյան դրածո ընկերությունների եւ օգտագործելով թռիչքներ իրականացնելու կեղծ թույլտվություններ ունեցող զենք տեղափոխող ինքնաթիռներ: Ասում են, թե այս ավիաընկերություններից մի քանիսը դեռ գործում են Մավրիկիայում եւ  պարծենում «մասնավոր ինքնաթիռներով» իրականացվող թռիչքներով: 

Միջազգային օդային տարածքում գտնվելիս կոմերցիոն ինքնաթիռները կարող են անջատել իրենց ընդունիչ-պատասխանիչները՝ տրանսպոնդերները՝ անտեսանելի դառնալով ավիադիսպետչերների համար: Սակայն Բուտի՝ փոքր ինքնաթիռներից բաղկացած ավիախումբը (եւ հատկապես հին մոդելի, առանց ներկառուցված GPS համակարգի ինքնաթիռները) գործնականում հնարավոր չէ հայտնաբերել, ինչի շնորհիվ դրանք կարող են պարզապես դուրս մնալ ռադարների հսկողությունից՝ թռչելով ինչպես երկրների ներսում, այնպես էլ երկրից երկիր: Մավրիկիայի կառավարությունն այն ժամանակ, ըստ էության, սահմանափակվեց ԶԼՄ-ների համար ապօրինությունները հերքող հայտարարություններով՝ չձեռնարկելով որեւէ լուրջ քայլ:

Այն երկրներում, որոնց կառավարությունները զենք են վաճառում կամ սուբսիդավորում են մասնավոր արդյունաբերությունը, ինչպես նաեւ գործարքների ծայրերը թաքցնելու հնարավորություն են տալիս՝ «հարկային դրախտներ» ստեղծելով, այնպիսի պաշտպանական վահան է գործում, որը թույլ է տալիս գրեթե ամբողջությամբ հանրության համար փակել դրա վերաբերյալ ցանկացած տեղեկություն:

Հենց հետաքննող լրագրողներն են հաճախ առաջինը բացահայտում զենքին առնչվող արգելված, անօրինական կամ կոռուպցիոն գործողությունները, որոնք հիմնականում կապված են շարունակվող կամ սպասվող հակամարտությունների, կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի եւ բնական ռեսուրսների շահագործման հետ:

Համաշխարհային ծավալներ

Զենքի արդյունաբերության նկատմամբ պարտադիր կիրառման միջազգային իրավական պահանջներն ավելի քիչ են, քան բանանի կամ սոյայի արդյունաբերության պարագայում, ինչը տարբեր ժամանակներում փորձագետներին թույլ է տվել պնդել, որ ոլորտին բաժին է ընկնում համաշխարհային կոռուպցիայի հայտնի դեպքերի առնվազն 40%-ը:

Ընդամենը 10 երկիր ապահովում է սպառազինության համաշխարհային մատակարարումների 90%-ը։ Վերջին տարիներին փաստաթղթավորված համաշխարհային մատակարարումների գրեթե 40%-ն իրականացվում էր ԱՄՆ-ից: ԱՄՆ-ից արտահանված զենքի գրեթե կեսն ուղարկվում էր Մերձավոր Արեւելք, հիմնականում՝ Սաուդյան Արաբիա, որը զենքի ամենամեծ ներկրողն է աշխարհում:

Դիվանագիտական կապերը եւ գործընկեր երկրների ճնշումները ստիպում են պետություններին հաշվետվություններ ներկայացնել զենքի տարեկան ներմուծման եւ արտահանման մասին: Օրինակ՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի ընդունած «Զենքի առեւտրի մասին» միջազգային պայմանագիրը (անգլ.՝ Arms Trade Treaty, ATT) զենքի առեւտուրը եւ հակամարտությունների, մարդու իրավունքների խախտումների եւ ահաբեկչության համար զենքի օգտագործումը սահմանափակելու բազմակողմ շրջանակ է սահմանում: Եվ չնայած ավելի քան 100 երկրներ վավերացրել են պայմանագիրը, զենք արտահանող այնպիսի խոշոր երկրներ, ինչպիսիք ԱՄՆ-ը եւ Ռուսաստանն են, չեն ստորագրել այն, իսկ վավերացրած որոշ երկրներ (օրինակ՝ Չինաստանը) չեն տրամադրում տարեկան հաշվետվությունները:

Այս հաշվետվությունները գործնականում սովորաբար չեն ներառում հաստատող տվյալներ՝ փոխարենը պարզապես տրամադրելով պնդումների մի ցանկ, որը ո՛չ հանրությունը, ո՛չ էլ օտարերկրյա կառավարությունները չեն կարող ստուգել: Բացի այդ, որոշ երկրներում, որոնք ամեն դեպքում ներկայացնում են զենքի առեւտրի մասին իրենց հաշվետվությունները, որեւէ ազդեցիկ հովանավոր կամ քաղաքական գործիչ կարող է նպաստել ապօրինի գործողությունների՝ օգտագործելով իրավական դաշտը: Իսկ այն երկրներում, որոնք կարգավորում են զենքի առեւտուրը, ապօրինի գործունեության իրավական սահմանումները երբեմն անորոշ կամ հակասական են:

Քանի դեռ որեւէ երկրի նկատմամբ էմբարգո կամ պատժամիջոցներ չեն կիրառվել, երկրների միջեւ զենքի առեւտուրը հիմնականում իրականացվում է մասնավոր բիզնեսի միջոցով, որտեղ զսպումների եւ հավասարակշռումների մեխանիզմները չնչին են:

Արտաքուստ օրինական թվացող գործարքներում պատահում են հետեւյալ դժվար բացահայտվող սխալները` պայմանագրերում կամ փոխադրվող բեռներում նշվածից ավելի շատ ապրանքների առկայություն, հաշվետվությունների տարբերություններ, որոնք տարիների կտրվածքով անհամապատասխանություններ են ստեղծում, եւ երկրներ, որոնք զենքերը տարբեր կերպ են դասակարգում: Հետեւաբար, դժվար է պատկերացում կազմել զենքի արտադրության, տարածման եւ առեւտրի հիմնավորման, ինչպես նաեւ համապատասխան պարտքերի, բարտերային գործարքների եւ փոխզիջումների մասին։

Եվ ուրեմն, ինչպե՞ս կարող եք ավելի խորը փորել եւ ամրապնդել ձեր հետաքննությունները փաստերով՝ օգտագործելով հանրամատչելի տվյալները:

Մասնավոր բիզնես

Քանի դեռ որեւէ երկրի նկատմամբ էմբարգո կամ պատժամիջոցներ չեն կիրառվել, երկրների միջեւ զենքի առեւտուրը հիմնականում իրականացվում է մասնավոր բիզնեսի միջոցով, որտեղ զսպումների եւ հավասարակշռումների մեխանիզմները չնչին են: Ձեր հետաքննությունը սկսելու համար, սակայն, օգտակար է հասկանալ զենքի առեւտրին առնչվող հիմնական գործընթացները.

  1. Ներմուծող երկրի կառավարությունը սովորաբար տենդեր է հայտարարում կամ անմիջականորեն դիմում է մասնավորին: Պատահում է նաեւ, որ օտարերկրյա ընկերությունները եւ կառավարություններն իրենք են լոբբինգ իրականացնում՝ ձգտելով վաճառել նրանց իրենց ապրանքը:
  2. Այնուհետեւ արտահանող կառավարությունը թույլատրում է զենքի, ինչպես նաեւ ծառայությունների եւ տեխնոլոգիական համակարգերի միջազգային վաճառքը ներմուծող կողմին։ (Յուրաքանչյուր երկիր ունի հաստատման իր ներքին գործընթացը)։
  3. Զենքերը կարող են արտադրել եւ վաճառել մասնավոր ընկերությունները, կամ պետության սեփականություն հանդիսացող, կամ նրա վերահսկողության տակ գտնվող կազմակերպությունները:
  4. Ծանոթագրություն. զենքերը կարող է արտադրել եւ վաճառել հենց արտահանող երկրի կառավարությունը (որպես «պետական ռազմական առեւտուր») կամ այդ արտահանող երկրի պաշտպանության մասնավոր հատվածը («կոմերցիոն» գործարք):

Արտահանող երկրների հիմնական մասը սուբսիդավորում եւ պաշտպանում է իրենց մասնավոր պաշտպանական ոլորտը՝ իբրեւ ազգային անվտանգության կարեւոր հատված, ինչպես նաեւ՝ աշխարհաքաղաքական դաշինքներ ստեղծելու գործիք: Վերջնական օգտագործողի հավաստագրերում՝  ներմուծող կառավարության ստորագրած հիմնական փաստաթղթերում, թվարկվում են ձեռք բերված ապրանքները, եւ հայտարարվում է, որ զենքն օգտագործվելու է միայն հատուկ նպատակներով, օրինակ՝ «ուսուցումը, հակաահաբեկչական, անվտանգության եւ կայունության միջոցառումները»: Վերջնական օգտագործողի հավաստագրերի նպատակն է կանխել զենքի կիրառումը դաժան հանցագործությունների նպատակով կամ մարդու իրավունքները ոտնահարող գործողություններում, ինչպես նաեւ՝ վերավաճառքը կամ «նվիրելը» «իզգոյ» պետություններին կամ հանցավոր կազմակերպություններին:

Սակայն իրականությունն այն է, որ մեկ գնորդի վաճառվող շատ զենքեր (հատկապես հրաձգային զենքերը) կարող են հայտնվել մեկ ուրիշի մոտ: Լիբիայի դեմ ՄԱԿ-ի զենքի էմբարգոն, օրինակ, էական ազդեցություն չի ունեցել այդ երկիր զենքի հոսքերի վրա։ Կեղծ դրոշների օգտագործումը, կորպորատիվ գաղտնիությունը եւ ծովային «հարկային դրախտներով» (Բահամյան կղզիները, Լիբերիան եւ Մարշալյան կղզիները) բեռնափոխադրումները թույլ են տվել այդ երկրին ապահովել անօրինական կամ արգելված մատակարարումներ՝ խախտելով էմբարգոն: Դրածո ընկերությունների միջոցով Լիբիան հնարավորություն է ստացել ձեռք բերելու զրահապատ ռազմական մեքենաներ, զենքեր եւ ռումբեր Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) մատակարարներից, ինչպես նաեւ՝ ռուսական մասնավոր ռազմականացված ընկերություններից:

Միշտ չէ, որ երկրները վճարում են դրամական միջոցներով: Հաճախ մեծ դեր է խաղում մատակարարումների համար այլ ապրանքներով վճարումը:

Սուդանի պարագայում ոսկին հակամարտությամբ բռնկված Դարֆուրում գտնվող Աֆրիկայի խոշորագույն ոսկու հանքերից մեկից՝ Ջեբել Ամիրից արտահանվում էր ԱՄԷ: Փոխարենը՝ Պարսից ծոցի այդ երկրում գրանցված դրածո ընկերությունները տրամադրում էին զրահակիրներ եւ այլ ապրանքներ։

Զենքի ապօրինի առեւտուրը հետաքննողներն ընդգծում են, որ զենքի մատչելիությունը ոչ միայն նպաստում է կազմակերպված հանցավորությանը, ավտորիտարիզմին եւ հակամարտություններին, այլեւ սնում է այդ երեւույթները: 2020 թվականին, երբ COVID-19-ը տապալեց տնտեսությունները՝ կառավարություններին զգալիորեն զրկելով դրամական միջոցներից, Հարավային Աֆրիկան Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի ճնշման ներքո թուլացրեց իր վերջնական օգտագործողի հավաստագրերի կարգավորումները: Ռազմական տեսուչների միջոցով փոխանցումների օրինականությունը գնահատելու փոխարեն, գործարքներն այժմ իրականացվում են ոչ այնքան խիստ «դիվանագիտական գործընթացներով»:

Այնուամենայնիվ, այն հետաքննող լրագրողների համար, որոնք կարող են միջազգային սահմաններ հատել, առկա է բավականաչափ տեղեկություն՝ առանցքային կողմերը բացահայտելու, ստուգելու եւ հաստատելու համար: Դա կարելի է անել՝ հետեւելով զենքի առեւտրականների գործունեությանը եւ գործարքներ իրականացնելու համար նրանց ներդրած համակարգերին: Նույնիսկ այն դեպքում, երբ զենքի առեւտրականները փորձում են խախտել վարքային մոդելները, դարձնել դրանք ավելի արդյունավետ կամ գաղտնի, նրանք անխուսափելիորեն նոր մոդել են ստեղծում. դե նրանք էլ մարդ են…

Պրակտիկ օրինակներ

Մահ վաճառողը

Ռուս ձեռնարկատեր Վիկտոր Բուտը, հավանաբար, աշխարհում անօրինական զենքի ամենախոշոր առեւտրականն էր: Բոլոր տեսակի բեռների եւ հատկապես անօրինական զենքի փոխադրումների համար նրան անվանում էին աշխարհի «ամենաարդյունավետ փոստատար»: Նրա` զենք գնելու պատրաստ հաճախորդների ցուցակը բազմազան էր: Նրա ընկերությունը, որը հաճախ փոխում էր անունն ու հասցեները, զենք էր մատակարարում այնպիսի հաճախորդների, ինչպիսին Աֆղանստանում Հյուսիսային դաշինքի առաջնորդ Ահմադ Շահ Մասուդն էր, եւ միաժամանակ՝ զենք էր վաճառում Թալիբանին՝ Մասուդի թշնամիներին: Նրա հաճախորդների թվում էին Անգոլայի կառավարությունը, ինչպես նաեւ այն ապստամբները, որոնք ձգտում էին տապալել այդ կառավարությունը։ Նա ինքնաթիռ ուղարկեց եւ՛ Զաիրի բռնապետ Մոբուտու Սեսե Սեկոյին փրկելու, եւ՛ նրա դեմ կռվող ապստամբների համար։ Նա, ի թիվս շատ ուրիշների, աշխատել է նաեւ Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի (FARC) եւ Լիբիայի տխրահռչակ բռնապետ Մուամար Քադաֆիի հետ:

Բուտը հայտնի էր ապօրինի զենքի իր բիզնեսով, սակայն զբաղվում էր նաեւ օրինական ավիաբեռնափոխադրումներով: Այս բիզնեսի շրջանակում հարյուրավոր թռիչքներ էին իրականացվում ՄԱԿ-ի եւ այլ մարդասիրական կազմակերպությունների համար: Նա բիզնես էր վարում արեւմտյան կառավարությունների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի հետ: Պենտագոնը եւ նրա կապալառուները նրան միլիոնավոր դոլարներ են վճարել հետպատերազմյան վերականգնման աշխատանքներին աջակցելու համար:

Հետաքննող լրագրողներ Դուգլաս Ֆարան եւ Սթիվեն Բրաունը, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների եւ Բուտի գործունեությանը, Բուտի անձնական կապերին եւ անձամբ Բուտին  հետեւած անձանց հետ հարցազրույցների հիման վրա նրա մասին գիրք են գրել՝ «Մահ վաճառողը. փող, զենքեր, ինքնաթիռներ եւ մարդ, որը հնարավոր է դարձնում պատերազմը»:

Ինքնաթիռների գրանցման համարին հետամուտ լինելը

Ավիացիոն տվյալները, ներառյալ պոչային ծածկագրերը (կամ ինքնաթիռների գրանցման համարները) կարող են շատ բան հուշել: Դիտարկենք Կոնգոյի Հանրապետությունը (որ երբեմն անվանում են Կոնգո-Բրազավիլ). երկիրը զենքի ներմուծման մասին ավելի քան երեք տասնամյակ որեւէ տեղեկություն չի տրամադրում, ու քանի որ երկրի նկատմամբ զենքի էմբարգո չի գործում, որեւէ միջազգային կառույց, օրինակ՝ ՄԱԿ-ը, նրանից չի պահանջում բացահայտել զենքի իր գործարքները: Այնուամենայնիվ, կան ապացույցներ, որ վերջերս ավելի քան 500 տոննա զենք է ներկրվել Ադրբեջանից, ընդ որում՝ խոշոր մատակարարումները հաճախ իրականացվում են ընտրություններից առաջ, օրինակ՝ 2016 եւ 2021 թվականներին: Ինչպես պարզել է OCCRP-ի մեր հետաքննությունը, այդ զենքն այնուհետեւ օգտագործվել է ընտրություններից հետո բողոքի ալիքները ճնշելու համար: Զենքի մեծ մասը, այդ թվում՝ ականանետային արկերը, հրթիռները, նռնակները եւ խոշոր տրամաչափի գնդացիրները հիմնականում արտադրվել են Բուլղարիայում եւ Սերբիայում, կամ այդ երկրներից դրանք գնել է Ադրբեջանի կառավարությունը։

Փաստաթղթերի ուսումնասիրությամբ երեւում է, որ որոշ գործարքներում իբրեւ «հովանավորող կողմ» նշված է Սաուդյան Արաբիայի կառավարությունը: Սաուդյան Արաբիայի այս հովանավորության արդյունքում նավթ արդյունահանող Կոնգոյի Հանրապետությունը մուտք է գործել ՕՊԵԿ կարտել, որտեղ գերիշխում է Սաուդյան Արաբիան, եւ որը վերահսկում է նավթի համաշխարհային մատակարարումների չորս հինգերորդը: Ե՛վ Ադրբեջանը, եւ՛ Կոնգոյի Հանրապետությունը փաստացի մեկ ընտանիքի կողմից կառավարվող բռնապետություններ են, մինչդեռ Սաուդյան Արաբիան ընտանիքի կողմից ղեկավարվող միապետություն է: Թռիչքային տվյալների մշտադիտարկումը ցույց տվեց, որ սկզբնական շրջանում զենքերը փոխադրում էին ադրբեջանական ռազմաօդային ուժերը, սակայն 2017 թվականից սկսած՝ դա սկսեց անել մասնավոր ավիափոխադրող Silk Way Airlines-ը: Որպես մասնավոր փոխադրող՝ Silk Way-ը (որը սերտորեն կապված է Ադրբեջանի իշխող ընտանիքի հետ) հավանաբար ավելի քիչ զննության կենթարկվեր, քան ռազմական գերատեսչությունից իրենց գործընկերները:

Միջնորդը Նիգերից

Նիգերում՝ աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկում, 2011-2019 թվականներին զենքի վրա ծախսվել է գրեթե 1 միլիարդ ԱՄՆ դոլար, ընդ որում՝ առնվազն 137 միլիոն դոլար ենթադրաբար գրպանել են կոռումպացված պաշտոնյաները՝ ուռճացված գներով գործարքներ իրականացնելով: 2016 թվականին Նիգերի պաշտպանության նախարարությունը ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ»-ից՝ ռազմական տեխնիկա արտահանող պետական կառույցից, ձեռք է բերել երկու ռազմական տրանսպորտային եւ գրոհային ուղղաթիռ: Գնումը, որում աստղաբաշխական գումարներ էին հատկացված նաեւ սպասարկման եւ զինամթերքի համար, Նիգերին արժեցել է 54,8 միլիոն դոլար. գերավճարը կազմել է մոտ 19,7 միլիոն դոլար, որը չի նշվել եւ չի կարող արդարացվել: Ռուսաստանի կառավարությունը վճարումը ստացել է ՎՏԲ բանկի մասնաճյուղի միջոցով, որի վերահսկիչ փաթեթը պատկանում է Ռուսաստանի կառավարությանը:

Պաշտպանության նախարարությունը Նիգերի անունից լիազորագիր է տրամադրել մեկ միջնորդի՝ Աբուբաքար Հիմային՝ թույլատրելով նրան պայմանագրեր կնքել սեփական դրածո ընկերությունների հետ եւ այնպես մանիպուլացնել գործարքները, որ հնարավոր լինի շրջանցել օրենսդրությունը եւ վերահսկող հանձնաժողովները: Նույնանման գործարքներում նա հանդես է եկել նաեւ որպես ռուսական, ուկրաինական եւ նույնիսկ չինական ընկերությունների ներկայացուցիչ՝ արդյունավետ կերպով վերահսկելով կողմերի միջեւ եղած բոլոր տեղեկությունները: Այդ ժամանակ Հիման հետախուզվում էր Արեւմտյան Աֆրիկայի մեկ այլ երկրի՝ Նիգերիայի կառավարության կողմից, որի քաղաքացին էր, եւ արդեն ցուցմունք էր տվել ԱՄՆ դատարաններում՝ կապված զենքի անօրինական առուվաճառքի հետ:

Զենքի վաճառքի համադրելի կամ հայտնի քանակների գնի վերաբերյալ տեղեկության աղբյուր կարող են լինել դատական փաստաթղթերը, գովազդային բրոշյուրները եւ ընկերությունների կայքերը: Անգամ դոմենների անունների IP հասցեները կարող են անգնահատելի հուշումներ պարունակել:

Լավագույն գործիքը, որ լրագրողը կարող է կիրառել՝ փորձել հասկանալ, թե ինչու են զենքերն առանցքային դեր խաղում աշխարհում եւ մեր շուրջը տեղի ունեցող անարդարությունների համար:

Խորհուրդներ եւ գործիքներ

Ինչպես ցանկացած այլ ապրանքի հետ կապված գործարքում, զենքը պետք է պատվիրվի, արտադրվի, փաստաթղթավորվի, գնվի, վաճառվի կամ փոխանակվի եւ փոխադրվի ուղարկողից ստացողին: Դիտարկեք տեղեկությունները փնտրելու հնարավորությունը։

Զենքի ռեգիստրներ. Միավորված ազգերի կազմակերպության Սովորական սպառազինությունների ռեգիստրը (անգլ.՝ United Nations Register of Conventional Arms, UNROCA) ստեղծվել է 1991 թվականին՝ երկրների միջեւ զենքի պաշտոնական առեւտուրը կամավոր բացահայտումների միջոցով փաստաթղթավորելու համար: Այդ տվյալները հասանելի են հանրությանը եւ կարող են բացահայտել որեւէ կառավարության կողմից գործարքը գաղտնի պահելու մտայնությունը, երբ նա չի հայտնում զենքի վաճառքի այն գործարքի մասին, որը հայտնել է իր գործընկեր երկիրը: Ռեգիստրը ներառում է այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են խոշոր տրամաչափի գնդացիրները եւ հրթիռային կայանքները, ինչպես նաեւ հիմնական սպառազինության համակարգեր՝ զրահապատ մարտական մեքենաներ, հարվածային ուղղաթիռներ եւ մեծ հեռահարության հրթիռներ: Նմանօրինակ տեղեկատվական ռեսուրս է Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հետազոտական ինստիտուտը (անգլ.՝ Stockholm International Peace Research Institute, SIPRI), որն ընդգրկում է ըստ երկրների հաշվետվություններ, ռազմական ծախսերի, սպառազինությունների փոխադրումների, զենքի էմբարգոների վերաբերյալ տվյալներ եւ հետեւում է անգամ երկրների ռազմական փոխօգնությանը:

Տրանսպորտային ռեգիստրներ. Ավիացիոն տվյալների շտեմարանները, օրինակ՝ FlightRadar24-ը եւ FlightAware-ը, կարող են տեղեկություններ տրամադրել ինքնաթիռների մասին՝ ներառյալ պոչային ծածկագրերը, գրանցման երկիրը եւ վերջին տեղաշարժերը, իսկ ավիացիոն ֆորումները, ինչպիսիք են Reddit-ի r/aviation-ը կամ Airliners.net-ը, տրամադրում են եզակի տեղեկություններ ողջ աշխարհի զանազան օդաչուների եւ տեխնիկական անձնակազմների կողմից: Անպայման ծանոթացեք նաեւ GIJN-ի ինքնաթիռների հայտնաբերման ուղեցույցին եւ C4ADS-ի թռիչքներին հետեւելու Icarus հարթակին: Ծովային բեռնափոխադրումների համար սկսեք GIJN-ի՝ ծովում նավերի ընթացքին հետեւելու ուղեցույցից եւ անցեք տվյալների այնպիսի ծառայությունների, ինչպիսիք են Marine Traffic-ը, Import Genius-ը եւ Panjiva-ն՝ երթուղիների, ապրանքների, ուղարկողների, ստացողների, ամսաթվերի եւ հասցեների մասին տեղեկություններ ստանալու համար: Ինքնաթիռների նման, նավերը եւս պետք է գրանցված լինեն որեւէ երկրում եւ պատկանեն կառավարությանը, որեւէ ընկերության կամ անձի: Բեռնափոխադրումների ոլորտում հատուկ ուշադրության  արժանի են ծովային եւ ավիացիոն գաղտնիության հարցերում մասնագիտացած եւ հարկային արտոնություններով այնպիսի երկրներ, ինչպիսիք են Մարշալյան կղզիները, Բերմուդյան կղզիները եւ Լիբերիան, որոնք օրենքով պաշտպանել եւ առեւտրայնացրել են այդ ռեգիստրները:

Կորպորատիվ կառույցներ. տվյալների բազաների միջոցով ընկերությունների սեփականատերերին եւ կառավարիչներին բացահայտելուց զատ, փնտրեք ներգրավված խաղացողների իրավական եւ ֆինանսական վերնաշերտը: Դա ներառում է ընկերության գործունեության նպատակը, երկրները, որտեղ ընկերությունը գործունեություն է ծավալում, շաղկապված կամ նրա հետ առնչվող ընկերությունների տվյալները եւ ծավալվող աշխատանքային գործունեությունը: Կարեւոր է նաեւ համադրել ակտիվների եւ եկամուտների ծագումը, ինչ տեսակի հարկեր, վնասներ եւ շահույթներ են գրանցված եւ որտեղ, ինչպես նաեւ՝ ընկերության ֆինանսական ենթակառուցվածքը, եւ արդյոք ընկերությունն անցնում է որեւէ դատական գործով, որը կարող է տվյալների օրինական բացահայտում պարտադրել: Այդ նպատակով անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել հանրամատչելի տվյալները, օրինակ՝ դատական եւ հարկային ռեեստրները, ինչպես նաեւ հասկանալ յուրաքանչյուր օրենքի իրավազորությունը եւ դրա կոնկրետ առավելությունները:

Բայց, թերեւս, լավագույն գործիքը, որ լրագրողը կարող է կիրառել՝ փորձել հասկանալ, թե ինչու են զենքերն առանցքային դեր խաղում աշխարհում եւ մեր շուրջ տեղի ունեցող անարդարությունների համար: Զենքի մատչելիությունը այն մեխանիզմն է, որի շնորհիվ պահպանվում են Կոնգոյի Հանրապետության, Գաբոնի եւ Հասարակածային Գվինեայի նման ավտորիտար ռեժիմները: Զենքի մատչելիությունը թույլ է տալիս կազմակերպված հանցավոր կարտելներին թմրանյութերի, վայրի կենդանիների մաքսանենգության եւ մարդկանց թրաֆիքինգի միջոցով խարխլել ժողովրդավարությունները եւ պատանդ պահել հասարակություններին: Քանի դեռ այդ կապերը հստակ եւ վճռականորեն չեն վերհանվել ապացույցների, այլ ոչ թե վերացական արշավների միջոցով, զենքերը դիտարկվելու են որպես առանձին երեւույթ եւ ոչ իբրեւ համաշխարհային արժույթ, որն օգտագործվում է մոլորակի ապագան որոշող մոլախաղում:

Նկարազարդումը՝ Էն Քիրնանի, GIJN-ի համար

Ծանոթացեք նաև

Այս նյութը պատրաստվել և թարգմանվել է Գլոբալ հետաքննական լրագրության ցանցի կողմից՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ։ Բնօրինակ նյութը՝ հղումով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter