HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կազմակերպված հանցավորությունը հետաքննելու ուղեցույց

Գլուխ 5. Մարդկանց թրաֆիքինգ

Այս գլխի հեղինակը Associated Press-ի լրագրող, Պուլիցերյան մրցանակակիր Մարթա Մենդոզան է։ Ներկայում նա Կալիֆոռնիայի Սիլիկոնյան հովտից հրատապ լուրեր է հաղորդում, գրում ձեռնարկատիրության մասին և հետաքննական պատմություններ պատրաստում: Նա ընդգրկված է եղել այն թիմում, որը 2015 թվականին բացահայտեց Հարավարևելյան Ասիայում ձկնորսական արդյունաբերության մեջ հարկադիր աշխատանքի դեպքերը, ինչի շնորհիվ 2000 ստրուկ ազատագրվեց:

Մարդկանց թրաֆիքինգը (առևտուրը) հանցագործության կայուն և ողջ աշխարհում լայնորեն տարածվող տեսակ է, միևնույն ժամանակ՝ չափազանց կարևոր և ազդեցիկ ոլորտ լրագրողական հետաքննությունների համար: Ժամանակակից ստրկությունը չարիք է, որը շատ հաճախ աննկատ է մնում՝ լինելով մեր աչքի առաջ՝ մոտակա մերսման սրահում կամ տեղական նավահանգստում խարսխված ձկնորսական նավի վրա: Թրաֆիքինգը երկու հիմնական տեսակի է լինում՝ սեռական շահագործում, որը կազմում է թրաֆիքինգի դեպքերի գրեթե կեսը, և հարկադիր աշխատանք: Համաձայն Միավորված ազգերի կազմակերպության տվյալների՝ յուրաքանչյուր օրվա դրությամբ ժամանակակից ստրկության զոհերի թիվը գնահատվում է 40 միլիոն մարդ, որոնց գերակշիռ մասը կանայք են, սակայն շահագործվում են նաև տղամարդիկ և երեխաներ: Ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալների՝ հանցագործների, այսպես կոչված՝ ստրկավաճառների (անգլ.՝ traffickers) և ստրկատերերի տարեկան ընդհանուր անօրինական շահույթը հասնում է շուրջ 150 միլիարդ դոլարի:

Թրաֆիքինգ հետաքննելը կարող է մի շարք բարդություններ առաջացնել: Զոհերը, լրագրողների հետ խոսելով, լրջորեն վտանգում են իրենց կյանքը: Նրանք ենթակա են հոգեբանական տրավմաների, հաճախ սարսափում են իրենց ստրկացնողներից, որոնցից հատուկ զգուշացում են ստանում, որ ոչ մեկից, առավել ևս լրագրողներից, օգնություն չխնդրել: Լրագրողների հետ խոսելը վտանգում է նրանց կյանքը, ուստի նման աշխատանքին պետք է զգուշորեն մոտենալ: Նրանց ստրկացնողները հանցագործներ են, որոնք ցանկանում են շահագործել այլ մարդկանց ևս: Նրանք կարող են անողոք լինել իրենց շահերը պաշտպանելիս:

Աղբյուրներ

Սա հաշվի առնելով՝ հարկ է առանձնացնել մի քանի աղբյուր, որոնք կօգնեն լրագրողներին հետաքննելու թրաֆիքինգի դեպքերը: Կարելի է սկսել այն ոչ կառավարական կազմակերպություններից (ՀԿ-ներից), որոնց ջանքերն ուղղված են ժամանակակից ստրկությունն արմատախիլ անելուն: Այնպիսի համաշխարհային կազմակերպություններ, ինչպիսիք են Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, Minderoo (Walk Free) հիմնադրամը, Polaris նախագիծը և Catholic Charities-ը, տարբեր երկրներում ունեն ներկայացուցիչներ, որոնք հաճախ կարողանում են հանգամանորեն ներկայացնել կոնկրետ տարածաշրջաններին բնորոշ խնդիրները:

Մարդկանց առևտուրը լուսաբանող լրագրողներին կարող է մեծապես օգտակար լինել փողի և մատակարարման շղթաներին հետևելը:

Որոշները, ինչպես օրինակ՝ International Justice Mission-ը, սերտորեն համագործակցում են իրավապահ մարմինների հետ՝ հանցագործներին բացահայտելու, ձերբակալելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Մյուսները, ինչպես օրինակ՝ Իսարա ինստիտուտը, աշխատում են միգրանտների համայնքային խմբերի և ձեռնարկությունների հետ՝ աուդիտներ անցկացնելով և աշխատավորների ձայնը հանրությանը լսելի դարձնելով: Եվ կան խմբեր, օրինակ՝ Free the Slaves-ը (հայ.՝ «Ազատություն ստրուկներին»), որոնց նպատակն է փոխել այն պայմանները, որոնք հնարավոր են դարձնում ժամանակակից ստրկության գոյությունը: Հասարակական կազմակերպությունների շրջանում շատ են կրոնական կազմակերպությունները, որոշները պետական կազմակերպություններ են, հանդիպում են նաև կոնկրետ թեմայի կամ երկրի վրա կենտրոնացած ՀԿ-ներ:

Թրաֆիքինգի հետաքննման առաջին քայլը տարածաշրջանի հնարավորինս շատ կազմակերպությունների հետ զրուցելն է. այդ թիվն առնվազն մեկ տասնյակից պակաս չպետք է լինի: Նրանք կարող են ծանոթացնել նախկինում ստրկություն վերապրածների հետ, ներկայացնել նախկին քրեական գործերը և մատնանշել կոնկրետ ոլորտներ, որտեղ լրագրողները, մեծ հավանականությամբ, կարող են թրաֆիքինգի դեպքեր հայտնաբերել:

Օրինակ` տարիներ շարունակ արձանագրվել է, որ Մալայզիայում ռետինե ձեռնոցների գործարանները շահագործում են աշխատանքային միգրանտներին, որոնք այնտեղ աշխատանքի անցնելու համար հաճախ վճարում են ապօրինի հավաքագրողներին: Արդեն մի քանի սերունդ է, ինչ սեքս-առևտուրը ծաղկում է մերձավորարևելյան այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Դուբայը և Աբու Դաբին. օտարերկրյա կանանց գայթակղում են այնտեղ տնային սպասուհու աշխատանքի պատրվակով և ստիպում աշխատել սեքս-ինդուստրիայում: Առևտրային ձկնորսության ոլորտում ստրկության վերաբերյալ նույնպես մի շարք փաստեր են հայտնի. այս աշխատանքը սովորաբար կատարվում է բաց ծովում, առանց հսկողության, աշխատանքային միգրանտների կողմից, որոնք թակարդում հայտնվելու և շահագործվելու խոցելի թիրախներ են:

Մարդկային աղբյուրներից զատ, շատ կառավարություններ, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպությունը, հրապարակում են տարեկան զեկույցներ, որոնք կոնկրետ, շոշափելի տեղեկություններ են տրամադրում ժամանակակից ստրկության մասին: Դրանց թվում են ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի՝ Մարդկանց թրաֆիքինգի մասին գլոբալ զեկույցը, ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցը և Եվրոպական միության «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» փաստաթուղթը: ԱՄՆ աշխատանքի նախարարությունն ամեն տարի հրապարակում է նաև այն ապրանքների ցանկը, որոնց արտադրությունում օգտագործվել է երեխաների աշխատանք կամ հարկադիր աշխատանք։ Ցանկը ներառում է 155 կասկածելի ապրանք, օրինակ՝ տեքստիլը Կամբոջայից, ֆուտբոլի գնդակները Հնդկաստանից կամ ածուխը Ուկրաինայից, որտեղ մատակարարման շղթայում կարող են թույլ տրված լինել չարաշահումներ: 

Մարդկանց առևտուրը լուսաբանող լրագրողներին մեծապես կարող է օգտակար լինել փողի և մատակարարման շղթաներին հետևելը: Իրավիճակին անմիջականորեն հետևելը դա անելու լավագույն միջոցն է: Հնարավորության դեպքում ուսումնասիրեք պիտակները և ապրանքանիշերը, հետևեք ապրանքներին կամ զոհերին՝ գտնելու նրանց շահագործման հաշվին հարստացողներին: Աշխատուժի մատակարարման շղթաների բացահայտման համար լրագրողները կարող են օգտվել արտաքին առևտրի տվյալներից, որոնք թույլ են տալիս հետևել որոշակի գործարաններից այլ երկրի գնորդներին առաքվող ապրանքների ընթացքին:

Գումարների շարժին հետևելու մեկ այլ օգտակար աղբյուր է կորպորատիվ հաշվետվությունը, որում արտացոլվում են տարեկան եկամուտները, բիզնես գործընկերները և ընկերության կապերը: Դատական վճիռների ռեեստրները նույնպես կարող են օգտակար լինել՝ մանրամասներ տրամադրելով մարդկանց թրաֆիքինգի համար ձերբակալված անձանց և այլ կազմակերպությունների հետ նրանց կապերի վերաբերյալ:

Պրակտիկ օրինակներ

Մեծ Բրիտանիան անհատական պաշտպանության միջոցներ (ԱՊՄ) էր ձեռք բերում այն գործարաններից, որոնք գաղտնի օգտագործում էին հյուսիսկորեացիների ստրկական աշխատանքը

COVID-19-ի համավարակի՝ աշխարհով մեկ տարածվելուն զուգընթաց, բժշկական դիմակների, ձեռնոցների, քսուք վերցնելու հատուկ փայտիկների և բժշկական խալաթների պահանջարկը շեշտակի աճեց՝ ահռելի բեռ դառնալով Չինաստանում տեղակայված գործարանների համար, որտեղ սովորաբար արտադրվում էր այդ իրերի գերակշիռ մասը: 2020 թվականի նոյեմբերին The Guardian-ը հրապարակեց մի բացառիկ հետաքննություն այն մասին, թե ինչպես էր Մեծ Բրիտանիայի կառավարությունը անհատական պաշտպանիչ միջոցներ գնում չինական ընկերություններից, որոնց գործարանները գաղտնի համալրվում էին հյուսիսկորեացի հարկադիր աշխատողներով: Եռամսյա հետաքննությամբ պարզվել է, որ ստրկական պայմաններում պահվող այդ մարդիկ՝ հիմնականում կանայք, մշտական հսկողության տակ են եղել, չեն կարողացել հեռանալ՝ աշխատավայրում անցկացնելով օրական մինչև 18 ժամ: Հյուսիսային Կորեայի ռեժիմը պարբերաբար իր քաղաքացիներին ուղարկում է արտագնա աշխատանքի, այնուհետև հավաքում նրանց աշխատավարձերը։ Այս պրակտիկան ՄԱԿ-ը և ԱՄՆ-ը ճանաչել են իբրև հանցագործություն: Ի պատասխան՝ ՄԲ կառավարությունը խոստացավ ավելի թափանցիկ լինել պետական գնումների հարցում՝ դատապարտելով մատակարարման այդ շղթաներում աշխատանքի շահագործումը և նշելով դրանք վերջ դնելու ուղղությամբ կատարվող գործողությունները:

Պղտոր ջրեր. երեխաների՝ ստրկության վաճառքը ներսից

Երեխաներին գնում են մոտ 250 դոլարով։ Նրանց օրերն անցնում են ձկնորսական ցանցերը քանդելով։ Եվ նրանց երբեք չեն վճարում: 2019 թվականի փետրվարին CNN-ի ռեպորտաժը վեր հանեց մի բան, որի մասին տարիներ շարունակ խոսում էին տեղական ԶԼՄ-ները և իրավապաշտպանները. մոտ 20,000 աֆրիկացի երեխա ստրկական պայմաններում է Գանայի Վոլտա լճի ափերին: Երեխաների ծնողները նրանց վաճառում են ձկնորսներին կամ փոխանակում կովի հետ: Աշխատանքը չափազանց վտանգավոր է։ Այս պրակտիկայի վրա լույս սփռելու համար CNN-ի լրագրողները աշխատում էին տեղացի մի ակտիվիստի հետ, որը փրկում, օթևան է տրամադրում ու կրթում նախկինում ստրկության մեջ ապրած երեխաներին: Վիզուալ առումով գրավիչ նյութում CNN-ը հետևում էր երեխաներին աշխատելիս և հարցազրույցներ անում նրանց ընտանիքների, ստրկացնողների և փրկարարների հետ: Այս աշխատանքին նախորդել էր Joy News-ի 2017 թվականի «Վոլտայի ստրուկները» վավերագրական ֆիլմը, որի պատրաստման ընթացքում մեծ աշխատանք էր տարվել աղբյուրներ ներգրավելու համար, և որը ներկայացնում էր նախկինում ստրկացած երեխաների պատմություններն, ու թե ինչպես է դա ազդել նրանց հետագա կյանքի վրա:

Ծովամթերք ստրուկներից

Տասնութ ամիս տևած հետաքննության շնորհիվ Associated Press-ի լրագրողները պարզել են, որ մարդկանց վանդակներում են պահում, և հետևել են նրանց որսած և մշակած ծովամթերքին՝ նախատեսված ԱՄՆ սուպերմարկետներում վաճառքի եւ կենդանիների սննդի համար: 2016 թվականին այս աշխատանքն արժանացել է Պուլիցերյան մրցանակի՝ հասարակությանը ծառայելու համար և, ինչն ավելի կարևոր է, հանգեցրել է ավելի քան 2000 մարդու ազատագրման: Հետաքննությանը հաջորդեցին դատական գործեր, ֆինանսների առգրավում և ոլորտի ներկայացուցիչների՝ մատակարարման շղթաների բարելավման հանձնառություններ: Հետաքննությունը սկիզբ էր առել մի հոդվածաշարից հետո, որում ներկայացվում էին Թայլանդի ծովամթերքի բիզնեսի միգրանտ ձկնորսների՝ իրենց ստրկական պայմանները նկարագրող անեկդոտային պատմությունները։ Չնայած վրդովեցնող պատմություններին՝ դրանց ազդեցությունն այդքան էլ մեծ չէր եղել: AP-ի հետաքննությունը հայտնաբերել է այդ ժամանակ ստրկության մեջ պահվող մարդկանց՝ այնուհետև պատասխանատվության ենթարկելով ստրկատերերին և նրանց բիզնես գործընկերներին: Այս աշխատանքն առաջինն էր մատակարարման շղթայի թեմայով տասնյակ հետաքննություններից, որոնք վեր են հանել աշխատուժի շահագործման դեպքերը ողջ աշխարհում, և որոնց արդյունքում կիրառվել են պատժամիջոցներ և սահմանափակումներ:

Խորհուրդներ և գործիքներ

Այն լրագրողների համար, որոնք ցանկանում են ավելի լավ ուսումնասիրել այս թեման.

  1. Նախքան սեռական կամ աշխատանքային շահագործման զոհերի մասին նյութ պատրաստելը, ուսումնասիրեք տրավմա վերապրած անձանց հետ հարցազրույց վարելու առանձնահատկությունները: Լրագրության և տրավմայի Դարտ կենտրոնը (անգլ.՝ Dart Center for Journalism and Trauma), ինչպես նաև Հետաքննական լրագրության գլոբալ ցանցը (անգլ.՝ Global Investigative Journalism Network, GIJN) այս թեմայով մի շարք ռեսուրսներ ունեն: Դիմեք նաև ՀԿ-ներին՝ հասկանալու, թե ինչպես լավագույնս աշխատել աղբյուրների հետ և պաշտպանել նրանց: 
  2. Արտաքին առևտրի տվյալների Panjiva և Importgenius ագրեգատորները տրամադրում են ներմուծման-արտահանման տեղեկություններ, որոնք թույլ են տալիս լրագրողներին հետևել ապրանքի շարժին` նրա ծագման գործարանից մինչև այլ երկրում գտնվող գնորդ: Այն կարող է ներառել նաև կոնկրետ գործարանում արտադրված ապրանքանիշի իրեր:
  3. OpenCorporates-ը ընկերությունների ամենամեծ բաց տվյալների բազան է աշխարհում, որտեղ 130 երկրից մոտ 190 միլիոն ընկերություն է ներառված: Թեև այնտեղ երկար է պետք փորփրել, բայց լրագրողները կարող են բացահայտել ընկերությունների խորհուրդների անդամներին, տարեկան հաշվետվությունները, կազմակերպությունների կանոնադրությունները և այլն՝ այդպիսով բացահայտելով տարբեր ընկերությունների միջև կապը՝ ըստ մարդկանց և փողերի:
  4. Գործընկերներ գտնելու համար օգտվեք GIJN-ի նման ցանցերից կամ լրագրողական նախաձեռնություններից, ինչպիսին է Լրագրության հիմնադրամի վերջերս հայտարարած նախաձեռնությունը: Մարդկանց թրաֆիքինգի լուսաբանումը անասելի բարդ գործ է, սակայն այն երկրների լրագրողների հետ աշխատանքը, որտեղից մարդիկ մեկնել են և որտեղ ժամանել են, բավականին կհեշտացնի ձեր գործը։ 
  5. Վերանայեք հասարակական նորմերը. երբեմն պարզվում է, որ սովորական թվացող բանն իրականում ժամանակակից ստրկության դրսևորում է: Օրինակ՝ Մերձավոր Արևելքում «կաֆալան» կամ հովանավորչական համակարգը հաճախ հանգեցնում է այնտեղ ժամանակավոր աշխատանքով զբաղվող ասիացի աշխատողների պարտքային կախվածության: Հաիթիի «ռեստավեկ» երեխաները, որոնց ծնողներն ուղարկում են իբրև սպասավոր աշխատելու, մանկական ստրկության դրսևորման զոհեր են: ԱՄՆ-ում էլ AP-ն Հավայան ձկնորսական նավատորմում բացահայտել է վիզաների սխեմա, որի կիրառմամբ ամերիկյան աշխատանքային օրենսդրությունը որևէ կերպ չի տարածվում նավակներում աշխատանքի վերցված օտարերկրյա աշխատողների վրա:

Եղեք զգոն

Հետաքննող լրագրողների առաքելությունը ձայնազուրկներին ձայն տալն ու իշխանություն ունեցողներին պատասխանատվության ենթարկելն է։ Մարդկանց թրաֆիքինգի հետաքննությունն ու դրա մասին բարձրաձայնումը երկու նպատակին էլ ծառայում են: Հիրավի, հաշված թեմաներ կան, որոնց լուսաբանումը կարող է նման արագ դրական ազդեցություն ունենալ անհատի իրավիճակի վրա և հանգեցնել մարդկանց շահագործող բիզնեսների երկարաժամկետ բարեփոխումների:

Ուստի, եղեք զգույշ, համառ և միշտ հիշեք զոհերի անվտանգության մասին: 2016 թվականին AP-ի իմ գործընկերները վերադարձան և հարցազրույց վերցրին այն մարդկանցից, որոնք ազատագրվել էին «Ծովամթերք ստրուկներից» հետաքննության շնորհիվ: Որոշ զոհեր տառապում էին տրավմայի հետևանքներից և գիշերները մղձավանջներ էին տեսնում, ոմանք պայքարում էին ամոթի դեմ կամ վերադարձել էին կախյալ միջավայր, իսկ մյուսները գտել էին արժանապատիվ աշխատանք, իրենց բիզնեսն էին հիմնում, ընտանիք էին կազմում և նույնիսկ իրենց ստրկացնողներին բանտ էին ուղարկել: Շատերն ասում էին, որ ցավը ժամանակի ընթացքում թուլացել է, և որ իրենք երախտապարտ են ազատության համար: «Նրանք երախտապարտ են, որ տանն են և ապրում են իբրև ազատ մարդիկ»,- ասվում էր AP-ի նյութում: «Նրանք այլևս ստրուկներ չեն»:

Նկարազարդումը՝ Էն Քիրնանի, GIJN-ի համար

Ծանոթացեք նաև

Այս նյութը պատրաստվել և թարգմանվել է Գլոբալ հետաքննական լրագրության ցանցի կողմից՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ։ Բնօրինակ նյութը՝ հղումով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter