HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Մի քանի անգամ ես իմ մահը տեսել եմ». Գառնիկը 14 օր փնտրել է վերադարձի ճանապարհը

Գառնիկ Ավանեսյանը 2020թ. հոկտեմբերի 14-ին Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում վիրավորվել է։ Տեղանքում չկողմնորոշվելով՝ 14 օր նա փնտրել է այդտեղից դուրս գալու ճանապարհը: Հոկտեմբերի 27-ին հասել է Արցախի Մարտունու շրջանի Շեխեր գյուղի մոտ խրամատավորված հայ դիրքապահներին: 30-ամյա Գառնիկ Ավանեսյանը ռազմաճակատ է մեկնել պատերազմի 3-րդ օրը՝ սեպտեմբերի 29-ին՝ որպես պահեստազորային։

Հոկտեմբերի 6-ի երեկոյան մեր դասակը Ստեփանակերտից տարել են Հադրութ քաղաքի ուղղությամբ, որտեղ պետք է մասնակցեինք ինչ-որ գործողության։ Մեր ստորաբաժանումը Հադրութի շրջանի Տող գյուղում լիցքավորել է զինտեխնիկան ու շարժվել առաջ։

Հոկտեմբերի 7-ի առավոտյան հասել ենք Հադրութ քաղաքից հարավ գտնվող «9-րդ կմ» կոչվող տարածք, որտեղից էլ շարունակել ենք ճանապարհը դեպի հարավ-արևելք։ Ճանապարհին մեր շարասյան վրա հարձակվել են արդբեջանցիները։ Մարտի դաշտում թողնելով տասնյակ դիակներ՝ նահանջել ենք:

Դրանից հետո մոտ 2 կմ առաջ ենք գնացել, ու նորից վերադարձել «9-րդ կմ»՝ տեխնիկան լիցքավորելու համար։

Ստորաբաժանումը ունեցել է հետևակի 6 մարտական մեքենա (БМП) և 3 տանկ, որոնցից մեկը խոցվել է, մյուսն ընկել է ձորը, իսկ 3-րդը ճանապարհին փչացել է։ Մենք կապի որևէ միջոց չենք ունեցել, քարտեզ նույնպես չունեինք, դասակի հրամանատարը չի իմացել, թե որ ուղղությամբ պետք է առաջ գնանք։

Մեր դասակի հրամանատարը մյուս հրամանատարներին հարցրել է, թե որտեղ են պատրաստվում տանել մեզ, ասել են՝ զենքերը լիցքավորել ենք, որպեսզի գնանք ու Ջրականի (Ջաբրայիլ) մեկ այլ հատվածում մարտական գործողության մասնակցենք, մինչև էդ մենք չենք իմացել, որ էլի ինչ-որ գործողության ենք գնում:

Հոկտեբերի 8-ին ՄՈԲ-ի տղաները՝ մոտ 40 հոգի, որոնց մեջ ես էի, հրամանատարին ասել ենք, որ տեղանքին ծանոթ չենք ու չենք ուզում գնալ Ջրականի (Ջաբրայիլ) մեկ այլ հատվածում տեղակայվել։

Հրամանատարը հրահանգել է գնալ, դիրքավորվել Ֆիզուլու ուղղությամբ: Չեմ հիշում, թե քանի մարտական մեքենայով ենք գնացել դիրքավորվելու։

Չնայած, որ Վարանդայի (Ֆիզուլի) տեղանքին նույնպես ծանոթ չենք եղել, շարժվել ենք այդ ուղղությամբ։

Ասել են գնացեք Արա լեռ։ Ճանապարհին փորձել ենք կապ հաստատել հրամանատարական կազմից որևէ մեկի հետ՝ պարզելու, թե որ ուղղությամբ թեքվենք: Ոչ ոք կապի դուրս չի եկել։

Ճանապարհին ԲՄՊ-ից մեկը պայթել է: Չգիտեմ խփել են, թե՞ ականի վրա է պայթել: ԲՄՊ-ի վրա գտնվողներից ահագին մարդ վիրավորվել է, բայց զոհ չենք ունեցել: Դրանից հետո մեր 40 հոգանոց ստորաբաժանումը շրջել ու վերադարձել ենք «9-րդ կմ»: Այնտեղից մեզ ասացին, որ ոտքով գնում ենք դեպի Վարանդա։

Մենք 10 հոգանոց խմբերով, իրարից որոշակի հեռավորությամբ, սկսեցինք շարժվել։

Ճանապարհին անընդհատ հրետակոծության տակ էինք հայտնվում։ Հրետանին երբ խփում էր, պառկում էինք: Հասնում ենք ինչ-որ կամրջի մոտ, 40 հոգիս էլ մտել ենք կամրջի տակ, այդտեղ թեժ մարտ է սկսվել։

Կամուրջը միշտ նշանառության տակ էր։ Այդտեղ մոտ 2 ժամ մնացել ենք, հետո որոշել՝ 5 րոպե տարբերությամբ զույգերով առաջ շարժվենք, մտածել ենք, որ դեպի Ֆիզուլի դուրս կգանք: Ու հասանք Ֆիզուլի:

Ֆիզուլիում 4 օր մնացել ենք տանկային զորամասում: Այդ ընթացքում զինամթերք ենք բարձել մեքենաները, զենքեր լիցքավորել ու կատարել սպաների տված հանձնարարությունները։ Երբ սպաներին հարցրել ենք, թե ինչ պիտի անենք, ոչ ոք հստակ պատասխան չի տվել: Ասել են, որ իրավիճակը լարված է, դեռ պետք է զորամասում մնանք: Ասում էին, որ վերադասներից ոչ ոքի հետ կապի դուրս գալ չի հաջողվում, չեն կարողանում ճշտել, թե ինչ պետք է անեն ՄՈԲ-ի տղաները։

Մեզ ոչ մեկը ոչ մի բան չէր ասում, սպաներն էլ չգիտեին, թե ինչ պիտի անենք, հիմա իրենցից ոչ մեկի անունն էլ չեմ հիշում, էդ խառը ժամանակ ոչ մեկը ոչ մեկի անունը չգիտեր, մենակ ուզում էինք հասկանալ, թե ինչ պիտի անենք, ուր պետք է գնանք:

Հոկտեմբերի 12-ին մեզ տարան դիրքեր, ճանապարհը մեքենայով ենք գնացել, չեմ կարողանում հիշել, թե դիրքերը որտեղ էին տեղակայված։ Ենթադրում եմ, որ դրանք կարող էին լինել Ջրականի (Ջաբրայիլ) մարտական դիրքերը։

Նահանջ

Երկու օր այնտեղ մնալուց հետո նահանջի հրաման են տվել։ Նահանջի ընթացքում մեր դիրքերն ու զինտեխնիկան թշնամին ակտիվ հրետակոծում էր։ Նահանջը շատ անկազմակերպ էր, ոչ ոք մեզ չի ասել, թե որ ուղղությամբ պետք է նահանջենք։

Այդ ժամանակ մեզ հետ էին նաև Արցախի ԱԱԾ-ից մի խումբ ծառայողներ ու Սիսիանի գնդի պահեստազորայինները՝ մոտ 60 հոգի։

Հասել ենք «9-րդ կմ» տեղամասից դեպի Վարանդա (Ֆիզուլի) տանող ասֆալտապատ ճանապարհ։

Այնտեղ հասնելուց հետո, պիտի որոշեին, թե որ ուղղությամբ պիտի նահանջենք։ Մոտ 200 մետր այդ ճանապահով գնալուց հետո ճանապարհի աջ ու ձախ կողմերում գտնվող բլուրներից մեզ վրա սկսեցին կրակել։ Սկսեցինք փախչել հակառակ ուղղությամբ, բայց կրակահերթը շարունակվեց՝ արդեն ավելի ինտենսիվ, ցրվեցինք տարբեր ուղղություններով, փորձում էինք ինչ-որ կերպ պատսպարվել։

Հոկտեմբերի 14, օր առաջին

6 հոգով ճանապարհի աջ մասում գտնվող փոսով առաջ էինք շարժվում։ Մոտ 100 մետր գնալուց հետո մեր առջեւ փոքր բլուր կար, սկսեցինք բարձրանալ բլրի վրա, ուզում էինք գնալ հակառակ կողմը՝ մտածելով, որ հակառակորդը մեզ այնտեղ չի տեսնի։ Մեր պատկերացմամբ գնում էինք դեպի Հադրութի շրջանի «Ղարղա բազար» կոչվող տեղամաս։ Կրակոցները սկսվեցին մեր ուղղությամբ, տղաներից մեկը զոհվեց (նրա մարինը մինչ օրս չի հայտնաբերվել, թեև Գառնիկը ԱԻՊԾ փրկարարներին բացատրել էր տեղանքը, ու նրանք մի քանի անգամ գնացել են որոնողական աշխատանքների․ խմբ․)։ Բլրի վրա բարձրանալիս աջ ոտքից վիրավորվեցի։

Պառկել էի ու սպասում էի, թե երբ եմ մեռնելու, փամփուշտները գլխիս վրայով գալիս-գնում էին: Մտածում էի, որ դրանցից մեկն էլ հաստատ ինձ ա կպնելու: Կրակոցները դադարեցին մի պահ, պառկած ձայն եմ հանում, տեսնեմ ինձնից բացի ինչ-որ մեկը կենդանի մնացել է, թե ոչ, արձագանք չեղավ։

Հետո հետևիցս ձայն լսեցի, շրջվեցի, տեսա մի քանի մետր էն կողմ մեկը կա: 6 հոգուց ողջ էինք մնացել ես ու Սիսիանի պահեստազորայիններից Սամվելը: Նա մոտ 50 տարեկան էր։ Սամվելը ևս վիրավորվել էր:

Հարցրի՝ որտեղից է վիրավոր, ասաց՝ ոտքերս չեմ զգում։ Սողալով հասա Սամվելին: Նայեցի, տեսա մի վնասվածքը նստատեղի շրջանում է, մյուսը՝ ոտքի։ Դժվարությամբ էր շարժվում: Ասացի բուշլաթդ հանիր, որ ավելի թեթեւ սողանք: Որոշեցինք սողալով հասնել բլրի գագաթը, ճանապարհի մյուս հատվածից ադրբեջանցիների ձայներ էին լսվում։

Սողալիս տեսանք մեր հետ եղած տղաների աճյունները։ Նրանցից մեկը Սամվելի ընկերն էր։ Նրանց կողքով սողալով շարունակեցինք բարձրանալ: Մութն ընկնում էր, մի ծառ տեսանք, հասանք ու պառկեցինք ծառի տակ: էդտեղից ադրբեջանցիների տեղաշարժը երևում էր։

Հագուստներս պատռեցի, ուսիս և ոտքիս վերքերը կապեցի: Սամվելի վերքը կապել չհաջողվեց: Վնասվածքը նստատեղի շրջանում էր, ու կապելով ավելի անհնար կդառնար նրա տեղաշարժը։ Նրա վերքերից արյունը ավելի արագ էր հոսում։ Մի քիչ մնալուց հետո սկսեցինք շարժվել, մոշի թփեր էին, դանդաղ էինք առաջ գնում: Սամվելի մոտ դանակ կար, նա դանակը տվեց ինձ, մոշի ճյուղերը կտրտելով առաջ էինք գնում: Էդ գիշեր երեւի 100 մետր կարողացանք առաջ գնալ։

Հոկտեմբերի 15, օր երկրորդ

Լուսաբացին որոշեցինք մի քիչ հանգստանալ: Մոշի թփերի մեջ էինք: Լսում էինք ադրբեջանցիների ձայները: Նրանք ռուսերենով գոռում էին՝ «դուրս եկեք, մենք ձեզ ձեռք չենք տա»։ Ուզում էին հասկանալ տարածքում թաքնված զինվորներ կան, թե ոչ։

Արդեն 3-րդ օրն էր, որ բան չէինք կերել ու խմել: Երբ արևը դուրս էր գալիս, ծարավն ավելի էր սաստկանում, մոշի թփերի վրա չորացած մոշերն էինք քաղում, ուտում: Տերևների վրա առավոտյան ցող էր հավաքվում, դրանք էինք խմում, եթե կարելի ա խմել ասել, շուրթերը թրջում էինք էլի:

Ցավերս արդեն մոռացել էի, մոռացել էի, որ վիրավոր եմ ու միայն կտրուկ շարժում անելիս էի ցավ զգում, բայց Սամվելի վիճակը գնալով վատանում էր, նրա վերքերը բաց էին, ու շարժվելուց արյուն էր գալիս: Այդ ցերեկը գրեթե ճանապարհ չենք անցել։ Մնացել ենք մոշի թփերի մեջ թաքնված։ Երբ մութն ընկավ, շարժվեցինք։ Մոտ կես ժամից շան հաչոց լսեցինք, թփերի խշշոց եկավ ու ոտնաձայներ: Էդ ժամանակ զրուցում էինք, թվաց, թե ադրբեջանցիները լսել են մեր ձայները ու մոտենում են։ Մենք թփերի մեջ խորացանք ու լուռ սպասում էինք: Ձայները շատ մոտ էին, նրանք կանգնած զրուցում էին: Մտածում էի, անհնար է մեզ չնկատեն: Բայց մի քիչ մնալուց հետո նրանք գնացին:

Ադրբեջանցիների գնալուց հետո նորից սողալով առաջ շարժվեցինք: Ճանապարհին հանդիպեցինք մեր 6 հոգուն, մի քանիսը վիրավոր էին, նրանցից մեկը Արայիկ Լալայանն էր: Արայիկն ասում էր, որ ցերեկը վիրավորվել է, հիմա գնում են օգնություն բերելու, քանի որ իրենց հետ եղած տղաների մի մասն էլ ծանր վիրավոր են ու չեն կարողանում առաջ գնալ։ Արայիկին խնդրեցի, որ թող հայտնի նաեւ մեր տեղը, որ մեր հետեւից էլ օգնություն ուղարկեն։ Ինձ մոտ հեռախոս կար, բայց էդտեղ կապ չկար: Արայիկին տվեցի իմ հեռախոսի համարը, մտածում էի՝ կարող է կապ լինի, որ զանգեն ինձ:

Հոկտեմբերի 16, օր երրորդ

Լուսաբացին շարունակեցինք շարժվել։ Սամվելը մի քանի մետր գնալուց հետո, ասաց, որ էլ չի կարողանում շարժվել, ասում է՝ ուզում եմ քնել: Ասացի հանկարծ չքնես, ինչքան էլ ուժասպառ ես, չքնես, որ քնես, էլ չես արթնանա: Ամեն շարժումից հետո Սամվելը խորը հոգոց էր հանում ու կանգ առնում։ Ուժերը էլ չէին բավականացնում։ Այդ 2 օրվա ընթացքում, իմ պատկերացմամբ, մի 400 մետր էինք գնացել։ Սամվելն ասում էր՝ դու գնա, էլ չեմ կարողանում շարժվել, ուժ չունեմ: Ասում էի Սամո, չքնես, որ քնես, էլ չես զարթնի, մի կերպ քեզ ուժ տուր, արի, ես դանդաղ կգնամ, էնքան որ դու մի կանգնի, որ կանգնենք, կարող է նկատեն, արի գոնե ճանապարհից մի կողմ քաշվենք, բայց համ ասում էի, համ տեսնում, որ Սամոն արդեն ուժ չունի:

Մտածում էի, որ տարածքում կարող է էլի մերոնցից մարդ լինի, ու կկարողանան մեզ օգնել: Սամվելը ասում է՝ մի՛ սպասիր, գնա, օգնություն կբերես: Սկսեցի առաջ գնալ։ Անըդնհատ հետ էի նայում, Սամվելը շատ դանդաղ, գրեթե աննշան էր առաջ գալիս։ Որոշ ժամանակ անց հետ նայեցի, Սամվելին արդեն չէի տեսնում։

Մոտակա թումբը շրջանցելուց հետո տեսա, որ առջևի տարածքը արկերի պայթյունից ամբողջությամբ սևացած է, իսկ թումբի ներքևի մասում ադրբեջանցիներ են։ Մտածում էի ադրբեջանցիներին շրջանցեմ, որ այրված տարածքի վրա չերևամ, չնկատեն ինձ: Ուղղությունս փոխում եմ։ Սողալով շարժվում եմ, ողջ օրը սողալուց հետո հասկանում եմ, որ նույն տեղն եմ վերադարձել։ Մի ծառի տակ պառկում եմ, ուզում եմ հասկանալ, թե որտեղ եմ գտնվում, վերհիշում եմ՝ նահանջի ժամանակ շրջակայքում ինչ եմ տեսել։

Որոշում եմ հակառակ ուղղությամբ գնալ, մտածեցի, որ եթե այդպես շարժվեմ, կհասնեմ «Ղարղա բազար»: Նայում եմ դիմացի թմբի ուղղությամբ, ալեհավաք եմ տեսնում։ Հիշում եմ, որ նահանջելիս անցել ենք այդ կողմով, հիշեցի, որ հակառակ ուղղությամբ աղբյուր կար: Որոշեցի առաջ շարժվեմ, ինչքան ուժերս կհերիքեն: Ծառերի տակով եմ սողում, մտածում եմ կարող է ինչ-որ շիշ տեսնեմ, մեջը ջուր կամ հյութ լինի, խմեմ, հետո էդ շիշը վերցնեմ հետս, մինչև կհասնեմ աղբյուրին: Որոշ ժամանակ անց հասնում եմ մոշի մի մեծ թփի, վրան խոշոր մոշեր էին, կերա: Մի փոքր առաջ անցնելուց հետո զանգ ստացա, այդ տարածքում հեռախոսակապը վերականգնվել էր։

Կնոջս՝ Աննայի եղբայրն էր: Ասում եմ, որ վիրավոր եմ, բայց տեղանքը չեմ կարողանում հստակ բացատրել, կոնկրետ չգիտեի, թե որտեղ եմ։ Խոսում եմ նաև մորս ու կնոջս հետ։ Խոսելիս հեռախոսիս մարտկոցի լիցքավորումը վերջանում է, հեռախոսն անջատվում է։ Որոշ ժամանակ հետո նորից փորձում եմ միացնել։ Միանգամից զանգ եմ ստանում, կնոջս եղբայրն է, հարցնում է թե ինչ կա շրջակայքում։ Ասում եմ, որ ալեհավաք եմ տեսնում ու թումբ, բայց չգիտեմ, թե թմբի հետևում ինչ կա։ Կնոջս եղբայրն ասում է, որ պետք է թումբը շրջանցեմ, որպեսզի կարողանամ հասնել «Ղարղա բազար», այնտեղից էլ կարող եմ դուրս գալ։

Գառնիկը ոտնաձայներ է լսում, հեռախոսն անջատում ու թաքնվում է թփերի մեջ։ Մի ադրբեջանցի գալիս ու նստում է մոշի թփերի մոտ։ Հետո նրան են միանում ևս մի քանի ադրբեջանցիներ։ Նստում, սկսում են զրուցել։ Մինչև մութն ընկնելը ադրբեջանցի զինվորները մնում են այդտեղ։ Մինչև նրանց գնալը Գառնիկը շարունակում է թաքնված մնալ։ Երբ ձայները դադարում են, որոշում է դուրս գալ, շարունակել ճանապարհը։

Չորրորդ օրվանից՝ հոկտեմբերի 17-ից Գառնիկ Ավանեսյանը օրերն ու իր հետ կատարված իրադարձությունները հերթականությամբ չի հիշում, նաև չի մտաբերում, թե որտեղ է եղել։ Ամեն օրից ինչ-որ դրվագ է պատմում, բայց հստակ չի կարողանում հիշել, թե դա որ օրն է եղել։

Հաշիվս կորցրել էի, մեկ-մեկ չէի էլ հիշում, թե որ օրն ինչ ա եղել, հիմա որ հետ եմ նայում, մտածում եմ էս ինչի՞ց եմ պրծել ես:

Շատ էի ծարավել, այդ օրերին ջուր չէի խմել, որոշում եմ ամեն գնով գտնել այդ աղբյուրը: Ես մտածում էի, որ հասել եմ «Ղարղա բազարի» մոտակայք, ճանապարհին հանդիպում եմ կովերի մեծ նախիրի, կովերը մոտենում են ու սկսում են բառաչել։ Վախեցա, նորից մտա թփերի մեջ թաքնվեցի: Սպասեցի կովերն անցան, շարունակեցի ճանապարհս։ Գետնից փայտի կտոր էի գտել, հենվում էի դրան, քայլում: Որոշ ժամանակ անց հեռվից տեսնում եմ ադրբեջանական մեքենաների շարասյուն, նորից թաքնվում եմ թփերի մեջ:

Մեքենաները գալիս ու կանգնում են ինձնից ոչ շատ հեռու: Մի քանի անգամ ես իմ մահը տեսել եմ, զգում էի, որ վերջ, տարբերակ չկա, որ կարող է ողջ մնամ, բայց ամեն անգամ բախտս բերում էր:

Մի քիչ կանգնեցին, հետո շարասյունը շարժվեց: Ճանապարհս շարունակեցի, փորձեցի ջուր գտնել։ Մի քանի ժամ քայլում եմ, ընթացքում նստում, հանգստանում։ Տարածության մեջ չկողմնորոշվելով՝ երկրորդ անգամ հայտնվում եմ նույն տեղում՝ այնտեղ, որտեղ ադրբեջանական մեքենաների էի հանդիպել։ Հույսս կորցնում եմ, որ երբևէ դուրս կգամ այդտեղից։

Մի քիչ նստելուց հետո սկսում եմ լրիվ հակառակ ուղղությամբ գնալ։ Մութն ընկնում է, թփերի տակ փորձում եմ քնել։ Այդ օրերին երբեք լիարժեք չեմ քնել, միշտ գրեթե արթուն էի, մտածում էի՝ կարող է խորը քուն մտնեմ, թշնամին մոտենա, չեմ զգա ու չեմ կարողանա թաքնվել։ Լուսադեմին վեր եմ կենում, մի փոքր քայլում ու հասնում աղբյուրին, որ այդքան երկար փնտրում էի, ինձնից մոտ 50 մետր հեռավորության վրա էր, այսինքն, եթե առաջին անգամ ադրբեջանական շարասյունը տեսնելուց հետո ճանապարհ ընկնելուց քայլեի հակառակ ուղղությամբ, նախորդ օրը արդեն հասած կլինեի աղբյուրին։

Աղբյուրի մոտ զինվորական մահճակալ էր դրված, վրան՝ զինվորի աճյուն: Հիշեցի, որ նահանջելիս նույն պատկերը տեսել էի, բայց այդ ժամանակ դեռ չէի հասկացել, որ զոհված զինվոր է, մտածել էի՝ ինչ-որ մեկը քնած է։ Հետո տղաները ասել էին, որ հայ զինծառայողի մարմին է։ Հիշում եմ, որ էդ տեղում էլի եմ եղել, բայց այս անգամ աճյունն արդեն այդտեղ չի լինում։

Հասնում եմ աղբյուրին, ջուր եմ խմում։ Աղբյուրի մոտ 2 շիշ է լինում ընկած, լցնում եմ շշերն ու առաջ շարժվում։

Հասնում եմ մի գյուղ, չեմ իմանում, թե որ գյուղն է: Այնտեղ ինչ-որ շենք կար մեծ, երեւի դպրոց էր, պահածոներ եմ գտնում, մի քանիսը բացում, ուտում եմ, մի քանի հատ էլ հետս եմ վերցնում, շարունակում ճանապարհը։

Գետ եմ տեսնում, գետի ուղղությամբ քայլում եմ ու նորից հայտնվում եմ գյուղի սկզբում, որտեղ գտնվում էր աղբյուրը։

Մտածում եմ գետն անցնելու մասին, բայց հասկանում եմ, որ ուժերս չեն ների, գետը խորն ու վարար էր, կարող է ինձ քշի։ Չեմ հիշում, թե ինչպես շրջանցեցի այդ հատվածը:

Հաջորդ օրը հասնում եմ մի բլրի, որոշում եմ զննել բոլոր կողմերը, որպեսզի հասկանամ, թե որ ուղղությամբ կարող եմ առաջ շարժվել։ Բլրի բոլոր կողմերը ստուգելը մի ամբողջ օր է տևում։ Բլրից ներքև տներ եմ տեսնում, գնում եմ այդ ուղղությամբ: Հասնում եմ, տեսնում, որ անասունների համար գոմեր են: Այդ օրը գիշերում եմ այդտեղ, լուսադեմին փորձում եմ առաջ շարժվել, ծառերի հետևից հեռվում եկեղեցի եմ տեսնում։ Անցնում եմ նաև այդ գյուղը։ Շրջանցում եմ անտառը, դուրս գալիս մեկ այլ գյուղ տանող ճանապարհի վրա։ 

Հոկտեմբերի 27, օր տասնչորսերորդ

Հասա մի գյուղի մոտակայք, հետո իմացա, որ Շեխերն է: Հայերեն ձայներ էի լսում: Գյուղի վերեւում փոքրիկ բլուր կար, բարձրանում եմ բլուրն ու ներքևում գետնին թափված արյունոտ հայկական զինվորական համազգեստներ եմ տեսնում։ Հասնում եմ խրամատների, շրջանցում եմ, մի ծառի տակ նստում, որպեսզի հանգստանամ։ Ներքև եմ նայում, տեսնում եմ մարդիկ կան։ Մտածում եմ, որ ադրբեջանցիներ են։ Հետո նրանք սկսում են խոսել։ Հասկանում եմ, որ հայեր են, սկսում եմ բղավել, որ հայ եմ, վիրավոր եմ: Դիրքում գտնվողները սկզբից չեն հավատում, որ ես հայ եմ։

Ասում են՝ ախպեր, կանգնի տեղդ, ասում եմ՝ արա, հայ եմ է, թուրք չեմ, ասում են՝ տեղդ կանգնի։ Հետո մեր բարբառով սկսեցի խոսել: Եկան, ինձ Շտապ օգնության մեքենայով տարան Խաչմաչի հոսպիտալ: Դիրքապահներից մեկն ասում է, որ ցույց տամ վերքերս, որ համոզվեն՝ իրոք վիրավոր եմ։ Ցույց եմ տալիս՝ իմանալով, որ Շեխեր գյուղում եմ, հիշում եմ, որ էդտեղ Գառնիկ անունով ծանոթ ունեմ, գյուղացիներին նրա մասին եմ պատմում: Նրանք համոզվում են, որ հայ եմ։ Տղաներից մեկը ինձ տանում է իրենց հրամանատարի մոտ, անունը չեմ հիշում, այնտեղ ջուր են տալիս, կերակրում, հեռախոս տալիս:

Զանգահարում եմ տնեցիներին, ասում եմ, որ Շեխերում եմ, տեղափոխելու են Կարմիր Շուկա:

Հագուստներս վրաս նեխել էին։ Շոր են տալիս, փոխվում եմ, ոտքերս լրիվ արյունոտ, թարախակալած, կապտած էին:

Գալիս ինձ Շտապ օգնության մեքենայով տանում են Խաչմաչի հոսպիտալ: Հետո եղբայրս է գալիս ու ինձ տանում են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն։ Հաջորդ օրը ինձ տանում են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ մոտ 1 ամիս բուժում եմ  ստանում, դուրս գրվում ու վերադառնում Արցախ։

Գառնիկը մոր՝ Անահիտի ու կնոջ՝ Աննայի հետ ապրում է Ստեփանակերտում։

Նկարազարդումը՝ Հարություն Թումաղյանի

Մեկնաբանություններ (1)

Արմեն
Դաժան պատմություն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter