HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Որդուս պատերազմից հետո ադրբեջանցիները գնդակահարել են». դատարանում պատմում է զոհվածի հայրը

Սամվել Գրիգորյանի՝ շրջափակման մեջ հայտնված որդուն՝ Գրիշա Գրիգորյանին, 44-օրյա պատերազմի ավարտից մոտ 1,5 ամիս անց՝ 2020թ․ դեկտեմբերի 27-ին, ադրբեջանցի զինծառայողները հայտնաբերել ու գնդակահարել են։ 

Գրիշայի հետ եղել է ևս 5 զինծառայող։ Ալբերտ Ստեփանյանին, Սասուն Պետրոսյանին, Հայկ Հարությունյանին, Սամվել Սամբատովին, Կարեն Ներսիսյանին նույնպես այդ օրը սպանել են։

Այսօր՝ օգոստոսի 29-ին, Սամվելը Վարդենիսից եկել էր Երևան՝ դատարանում որդու՝ շրջափակման մեջ հայտնվելու վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու համար։

Գրիշա Գրիգորյանը 2020թ. օգոստոսի 30-ին է զորակոչվել բանակ, եղել է Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի զինծառայող։

2020թ. հոկտեմբերի 10-ին գումարտակը հրաման է ստացել տեղակայվել Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա։

Գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը, ըստ մեղադրանքի, ադրբեջանցիների հարձակման ժամանակ, թողնելով նորակոչիկներին միայնակ, իջել է սարից և հեռացել՝ պատճառաբանելով, թե վիրավոր է։

Մնալով առանց գումարտակի հրամանատարի և տալով կորուստներ՝ զինծառայողներն իջել են սարից։ Նրանց մի մասը անտեղյակ, որ Հադրութ քաղաքը գրավված է, գնացել է հենց այդ ուղղությամբ, զոհվել, հայտնվել շրջափակման մեջ կամ գերեվարվել։

Իշխան Վահանյանը մեղադրվում է Խուռհատ սարի վրա պատերազմի ժամանակ նորակոչիկներին միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ։ Առաջադրված մեղադրանքը նա չի ընդունում։ 

 

Նահանջելիս զինծառայողները գնացել են տարբեր ուղղություններով։ 21 զինծառայող Վանք գյուղում շրջափակման մեջ է հայտնվել։ Հետագայում նրանք ևս բաժանվել են խմբերի, մի մասին հաջողվել է շրջափակումից դուրս գալ, մի մասը գերեվարվել է, մյուսներին սպանել են։

Գրիշայի հայրը՝ Սամվելը, դատարանին հայտնեց, որ վերջին անգամ որդու հետ հոկտեմբերի 15-ին է խոսել, ընկերոջ հեռախոսով էր զանգել, դրանից հետո որդուց զանգեր չի ստացել։

«Ասել է՝ պոստերում եմ, նորմալ ա, բան չկա, հանգիստ եղի»,- հայտնեց տուժողի իրավահաջորդը։

Դատախազ Գևորգ Ավետիսյանն էլ նշեց, որ ըստ տվյալների՝ Գրիշան հոկտեմբերի 10-ից հետո Վանք գյուղում շրջափակման մեջ է եղել։ Դատախազը հարցրեց՝ հնարավո՞ր էր, որ ավելի շուտ է եղել խոսակցությունը։

«15-ին է խոսել։ Ասեց՝ մեզ ոչ մի բան չեն թողնում ասենք հեռախոսներով, շրջափակման մասին բան չի ասել»,- նշեց Սամվելը։

Տուժողի իրավահաջորդի խոսքով՝ հետագայում այլ զինծառայողների ծնողներ զանգել են, հայտնել որդու զոհվելու մասին։

«Ծնոնղներն ասացին՝ Տող գյուղում են եղել շրջափակման մեջ։ Ասել են կամանդիրները թողել, գնացել են, տղերքը մենակ են մնացել»,- պատմեց Սամվելը։

Դատավոր Ջոն Հայրապետյանը հարցրեց. «Ձեր տղան ինչի՞ց է զոհվել»։

«Գլխից կրակել են»,- պատասխանեց Գրիշայի հայրը։

Դատական նիստին վկաներ չէին ներկայացել։ Հաջորդ դատական նիստին կներկայանա նաև դատաբժշկական փորձագետ Արշակ Ալեքսանյանը։

Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին։

Գլխավոր լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter