HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

Մոտ 40 րոպե Ucom-ի՝ ռոումինգին միացած բաժանորդների կապն ապահովել է «Թուրքսելը»

Այսօր «Յուքոմ» ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող ընկերության բաժանորդները մոտ 40 րոպե զրկված էին ֆիքսված և շարժական կապի ծառայություններից։ Այդ ընթացքում որոշ բաժանորդների հեռախոսներին հայտնվել էին «Թուրքսել»-ին՝ թուրքական կապի օպերատորին, միանալու մասին ծանուցումներ, ինչը բաժանորդներին մտահոգել էր։

«Յուքոմ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից «Հետք»-ին հայտնեցին, որ խոտանը եղել է տեխնիկական, և կարճ ժամանակում այն վերականգնվել է։

«Նման խափանումները կանխատեսելի չեն, քանի որ տեխնիկական ընկերություն է և, հնարավոր է, որ ապահովիչ վառվի անսպասելի, որի վերականգնման համար ժամանակ է պետք։ Ինչպես ցանկացած տեխնիկա, սա նույնպես կարող է երբեմն չաշխատել, բայց ընկերությունն ամեն ինչ անում է այն արագ վերականգնելու համար»,- տեղեկացնում են ընկերության մամուլի բաժնից։

Խափանումից որոշ ժամանակ անց «Յուքոմ»-ը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում տարածեց տեխնիկական խնդրի վերաբերյալ՝ անդրադառնալով նաև այլ երկրի օպերատորներին միանալու դեպքերին։ Ըստ ընկերության՝ նման բան տեղի է ունեցել միայն այն բաժանորդների հետ, որոնց հեռախոսներում ավտոմատ կերպով միացված է եղել ռոումինգի ծառայությունը։

«Քանի որ բաժանորդի հեռախոսը միացված է ռոումինգին, և այդ պահին մեր ցանցում խնդիր է առաջանում, և կապ չի լինում, ավտոմատ կերպով այն միանում է այլ երկրի ցանցին՝ այս դեպքում «Թուրքսել»-ին։ Հեռախոսը փնտրում է, և անպայման պետք է որևէ ցանցի միանա, եթե ռոումինգում է, կարող է միանալ նաև այլ երկրի ցանցին՝ կախված, թե որն է այդ պահին ավելի ուժեղ»,- հայտնում են ընկերությունից։

Հարևան երկրի օպերատորին միանալու դեպքը տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը համարում է շատ մտահոգիչ։

«Լավ չէ, որ նման մեծ ենթակառուցվածքում այդպիսի խափանումներ են տեղի ունենում։ Հստակ չեմ կարող ասել, թե ինչից կարող էր լինել, բայց տարբերակ է նաև, որ հենց թուրքական կողմից են այդ աշտարակները խլացվել, և քանի որ բազմաթիվ մարդկանց մոտ ռոումինգը ավտոմատ է թողնված, միացել են թուրքականին»,- ասում է Պապյանը։

Մասնագետի խոսքով՝ այսպիսի դեպքը մի քանի բացասական հետևանքներ կարող է ունենալ։

«Օրինակ, եթե մարդ ռոումինգով միացել է թուրքական ցանցին, ու իրեն զանգ գա, իրենից բավական գումար կտանի։ Մյուս դեպքում, թուրքական կողմից կարող են պարզել «Յուքոմ»-ի իրենց միացած բաժանորդների տեղադիրքը 160 մետրի ճշգրտությամբ։ Հնարավոր է անգամ նամակներ վերծանել, եթե դրանք գաղտնագրված չեն, այս դեպքերը չի կարելի ասել, որ 100 տոկոսով կպատահեն, բայց ամեն դեպքում ռիսկ կա, ու պետք է հենց «Յուքոմ»-ից պատասխանեն այս հարցերին»,- նշում է Արթուր Պապյանը։

«Յուքոմ»-ից տեղեկացնում են, որ խնդիրը բացառապես տեխնիկական է և ոչ մի կապ չունի թուրքական կողմի հետ, և եթե մասնավոր դեպքեր լինեն, որ մարդիկ տուժել են ռոումինգից, ընկերությունը պատրաստ է դրանք քննարկել բաժանորդների հետ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter