HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Մի մուկ մարտնչել էր օձի դեմ ու հաղթել». Վիլյամ Սարոյանի 115-ամյակի առթիվ

115 տարի առաջ այս օրը՝ օգոստոսի 31-ին, Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում ծնվել է Վիլյամ Արմենակի Սարոյանը։ Նա ընտանիքի չորրորդ զավակն էր, առաջին երեքը ծնվել էին հայրենի Բիթլիսում (Արևմտյան Հայաստան), որի կարոտը ապագա աշխարհահռչակ գրողի գրականության գլխավոր թեմաներից էր դառնալու։ Սարոյանի հայրը՝ Արմենակը, Բիթլիսից Միացյալ Նահանգներ էր տեղափոխել ընտանիքին՝ ապահով, լավ կյանքի հույսով։ Չգտնելով իրեն ամերիկյան իրականության մեջ՝ ընտանիքը հայտնվում է ծայրահեղ չքավորության մեջ։ 1911թ․-ին 37տարեկան հասակում մահանում է Վիլյամ Սարոյանի հայրը։ Երեքամյա Վիլյամը եղբոր և քույրերի հետ տեղափոխվում է մանկատուն, որտեղ ապրում են հինգ տարի։ Ընտանիքի ծանր վիճակը ստիպել է Սարոյանին վաղ տարիքից աշխատել, իսկ կանոնավոր ուսման բացերը լրացնել անհագ ընթերցանությամբ։ Ծանր կյանքի հուշերը գրողին հատուկ՝ սարոյանական ոճով արտացոլվել են համաշխարհային դասական դարձած նրա պատվածքներում։

Սարոյանն առաջին անգամ տպագրվել է 25 տարեկանում (1933թ․)՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ, Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում: Նրա պատմվածքների անդրանիկ ժողովածուն՝ «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա...» անվանումով, լույս է տեսել 1934թ.-ին և մեծ ճանաչում է բերել գրողին: 1939թ. «Քո կյանքի ժամերը» պիեսի համար Սարոյանն արժանացել է Նյու Յորքի քննադատների և Պուլիցերյան մրցանակի:

Սարոյանը գրում է պարզ ու հասկանալի լեզվով, իր բնորոշմամբ՝ «մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է և նույնն է բոլորի համար ողջ աշխարհում»:

Սարոյանի պատմվածքներում մանուկների ու պատանիների տպավորիչ կերպարները համաշխարհային գրականություն են մտել որպես հոգու մաքրության և անկեղծության խորհրդանիշներ: Նրա գրականության մեջ կան նաև այլաբանական, նուրբ հումորով պատմվածք-առակներ, որոնցից է «Հայ մուկը»։ Ներկայացնում ենք այդ պատմվածքից մի հատված․

«Հայ մուկը»

 (․․)Մկները քաջատեղյակ են, որ ամեն մուկ մուկ է: Յուրաքանչյուր մուկ ինքն է եւ ոչ այլ մուկ: Այս գիտակցությունն էլ հիանալի բան է:

Մկներն ընդհանրապես միտված են մոռանալու իրենց պատահած անախորժ բաները, քանզի գիտեն, որ նմանատիպ բաներ հիշելն անօգուտ է: Մկան համար գերագույն հաճույք է անդորրավետ, ապահով, մութ ու չոր վայրում ապրելը`բազում այլ մկներով ու ճոխ ուտելիքով շրջապատված:

Մկան համար ամենաչարաբաստիկ բանը կատվին դեմ հանդիման գալն է, տեսնելն ու սարսելն ու սարսափի մատնվելն է այն բանից, թե ինչպես է ազատվելու նրա ճիրաններից:

Վախենալը շատ վատ բան է, սակայն մկները մշտապես սարսափել են կատուներից, քանի որ նրանք մուկ բռնելու եւ ուտելու համար հոգի են տալիս: Սա ամենաբիրտ արարքն է, որ մեկը կարող է թույլ տալ մյուսի հանդեպ, բայց կատուների համար մուկ բռնելը եւ ուտելը գերագույն հաճույք է:

Անշուշտ, եղածը լավ բան չէ, սակայն, ըստ երեւույթին, կատուն դրանից հաճույք է ապրում: Բայց, ի վերջո, ի՞նչ է կատուն: Կատուն հանդարտաբարո է ու հեզահամբույր, կես ժպտում ու բան չի ասում, սակայն, երբ մուկը մեջքը ծռում է, հանկարծ թաթով մի հարված է իջեցնում եւ սկսում է նրան վեր նետել ու վար սուրալիս բռնել:

Կատուն կատու է` մկան սարսափը: Բայց կատվի վախից առավել սարսռազդու բան էլ կա: Դա էլ օձի վախն է: Օձն ունի մի այնպիսի բան, որ մկանն այնչափ սարսափի է մատնում, որ նա քարացած, տեղից շարժվելու ուժ էլ չի ունենում: Չի կարողանում վազել ու փախչել, մնում է իր ողորմելի վիճակում՝ ուր որ է, եւ օձը հանդարտորեն սողալով կլլում է նրան` բացարձակապես անարգելով նրա արժանապատվությունը:

Մկան համար ամենաչարագույժ կենդանին օձն է: Իրապես օձն էլ այլ կենդանիների պես լավ արարած է, սակայն մկան երջանկության ակը սմքեցնող փորձանք: Նախ եւ առաջ, օձը տարօրինակ երեւույթ ունի: Նա ունի գեղեցիկ գույներ, հիանալի գլուխ ու հրապուրիչ աչքեր, որոնց նայող մուկն ակնթարթաբար դյութվում է:

Անտարակույս օձերը միշտ այնտեղ են` մկների եղած վայրում: Վաղնջական ժամանակներից ի վեր մկները երկնչում են կատուներից ու սարսում օձերից: Մկան պես զգայուն կենդանու համար կատուն անբաղդատելի խոշոր թշնամի է, եւ օձն էլ՝ անհունորեն սահմռկելի կենդանի:

Ուրեմն, եթե պատահեց, որ ուրախ ու զվարթ մի մուկ դժբախտություն ունենա հանդիպելու գեղեցիկ, կարմիր ու կանաչորակ գծավոր մի օձի, կորցնում է իր բարձր տրամադրությունը, անմիջապես դադարում է զվարճանալ, այլեւս չի վազում, տեղում քարանում ու ահից դողում է: Այս պատեհ առիթից օգտվելով, օձը մոտենում է մկանն ու կլլում նրան: Մուկը գլխին եկածը ոչ հասկանում է եւ ոչ էլ զորու է հիշել:

Ժամանակին կար մի մուկ: Նա ապրում էր անհոգ ու զվարթ: Մի օր էլ քույրերի, եղբայրների, ազգականների, բարեկամների ու մի քանի թշնամիների հետ ընկավ մկնորսի թակարդը:

Այս մուկն անուն չուներ, սակայն զորեղ անհատականության տեր էր: Թեպետ անուն չուներ, բայց երբեմն հանդուգն ու կորովի վերաբերմունք էր ցուցաբերում մի շարք հարցերի նկատմամբ: Մյուս մկները նրան ճանաչում էին Արտաշ անունով: Ոչ ոք չգիտեր, թե ինչու էր նա այդ անունը կրում:

Եթե կամենում եք իրողությունն իմանալ, Արտաշը մյուս մկներից որեւէ մեկին նման չէր: Նա հայ մուկ էր:

Այս մկները հենց այնպես չէին բռնվել: Կենդանաբանական այգին նրանց կարիքն ուներ, իբրեւ օձի կեր: Ամեն գիշեր յուրաքանչյուր օձի, որպես կեր, հրամցվում էր մուկ, քանի որ օձը սիրում է ողջ մուկ ուտել: Երբ իր վանդակի մեջ զետեղված մուկը սրսփում ու սրտաճմլիկ ճղրտոցներ է արձակում ու գթություն հայցում, օձը լավ է տրամադրվում, զգում է իր օձությունն ու հասկանում է, որ աշխարհն իր բնական հունով է ընթանում, եւ ամեն ինչ կարգին է:

Ամեն գիշեր օձի վանդակի մեջ ողջ մուկ էր դրվում` նրա ախորժակը սրելու եւ ընթրիքը ճոխացնելու համար: Մկները գաղափար չունեին, թե ինչու են գտնվում կենդանաբանական այգում: Հիմա շատ ուշ էր որեւէ բան անելու համար, քանի որ նրանցից ոչ մեկին չէր հաջողվել փախչել եւ տեղեկացնել այլոց:

Վերջապես, մի երեկո, մեր Արտաշ մուկը զետեղվեց կենդանաբանական այգու Ռալֆ կոչեցյալ ամենագեղեցիկ օձի վանդակում: Բնականաբար, դա նրա գիտական անունը չէր: Եթե կամենում եք որեւէ գիտական բան իմանալ նրա անվան վերաբերյալ, պետք է դիմեք մասնագետին:

Այդ երեկոյին նախորդող ողջ տարվա ընթացքում Ռալֆն ամեն երեկո հաճույքով դիտել էր զանազան մկների դողը, ճղրտոցն ու գթություն հայցելը, եւ հետո, առանց որեւէ մխիթարական խոսքի, «Աստծո բարինի» կամ «Գնաս բարովի», եւ կամ թեկուզ որեւէ գնահատիչ խոսքի` մկանը կուլ էր տվել:

Այս իրիկուն, երբ Ռալֆը տեսավ Արտաշին, պռատ քմծիծաղով ինքնիրեն ժպտաց, ակնկալելով, որ Արտաշն էլ մյուս մկների պես սրսփար, ճղրտար ու գթություն հայցեր: Արտաշն իսկույն հասկացավ կացությունը, հասկացավ, թե ինչ էր պատահելու, եւ թե ինչ էր սպասում իրեն, այն օրից ի վեր, որ բերվել էր կենդանաբանական այգի:

Արտաշն ընդվզեց, անարգված զգաց: Այնքան նվաստացած զգաց, որ մոռացավ, որ, ի վերջո, ինքն էլ այլոց պես մի մուկ էր: Նա հայացքը սեւեռեց օձին` մեկենումեկ անխարդախ ատելությամբ ու ատելությունից առավել անզուսպ մոլեգնությամբ: Այս ինչ ամբարտավան օձ էր, որ Արտաշի՝ իր անմիտ ու կամահաճ ընթրիքը լինելուն էր սպասում:

Արտաշն այլ ծրագրեր ուներ, եւ ամենից առաջ ուզում էր իմանալ օձի հասակի չափը: Մինչեւ ո՞ւր էր հասնում նրա հասակը, մարդու հասակից բա՞րձր էր, թե՞ ցածր: Դա շատ կարեւոր էր, սրանից զատ, վեց թե յոթ բաներ եւս: Արտաշի համար անընդունելի էր, որ օձը հեգնական ժպիտով նայեր իրեն, եւ սպասեր, որ ինքը սրսփար:

Արտաշը հարձակվեց Ռալֆի վրա մի այնպիսի հուժկու թափով, որ օձը հանկարծակիի գալով շնչահատ եղավ: Հետո Արտաշն ուժերի ներածին չափով վեր ցատկեց: Բարձրությունը, ինչպես հիշում եք, նրան հետաքրքրող ամենակարեւոր հարցերից մեկն էր, եւ հետեւաբար կարողացավ ակնկալածից ավելի բարձր ցատկել, քան այլ մկները: Արտաշը օձի վրա խոյանալուց հետո ճարպկորեն Ռալֆի գլխի ետեւի կողմն անցավ, եւ չորս ոտքերն ի մի բերելով վեր ցատկեց ու «թախկ» մի հարված հասցրեց նրա գլխին, հարվածները`«թախկ», «թուխկ», կանոնավոր հաջորդականությամբ շարունակվեցին:

Ահ, դա շատ նսեմացուցիչ էր օձի համար` թախկ:

Ո՞վ էր այս խենթ մուկը` թուխկ:

Կամ, հավանաբար, մկից տարբեր մի բան էր`թախկ:

Թերեւս, միայն արտաքուստ էր մկան նման մի բան`թուխկ:

Հավանաբար, օձերի իսկական թշնամին էր, եւ շուտով ապացուցելու էր, որ ինքն ի վիճակի էր ավերելու երկրի երեսին գտնվող որեւէ օձի`թախկ:

Արտաշը դարձյալ ու դարձյալ ցատկեց ու թախկ, թուխկ ահարկու հարվածներ հասցրեց օձի գլխին:

Այժմ օձին հետաքրքրող միակ բանը լավ ընթրիքն էր: Պատահածն ամենեւին անսպասելի էր` թախկ, թուխկ:

Ռալֆի գլուխը սկսեց ցավել: Հարվածները` թախկ, թուխկ շարունակվեցին: Ամենից վատն այն էր, որ երբ գլուխը թեքում էր, ճշտելու համար, թե Արտաշն ուր է, նոր հարված էր իջնում: Ռալֆին այնպես էր թվում, թե իր գլուխը ջախջախում էր մկից անհամեմատ մեծ մի կենդանի`թախկ:

Ամեն պահին զգում էր, որ մի շատ ճարպիկ թշնամու հարձակման տակ էր` թախկ, թուխկ:

Տասնինը փառավոր հարվածներ իջան Ռալֆի տանջահար գլխին: Սրանից ավելիին չէր դիմանա, ուստի որոշեց հնարավորինս շուտ մի ապահով տեղ ճողոպրել: Այդպես էլ արեց, կարելվույն չափ արագ իր խուցը սողոսկեց եւ դուռն էլ ամրապինդ շրխկացրեց:

Հետո սկսեց գաղտուկ դուրս նայել` վայրենաբարո ու խոշոր մի գազան տեսնելու ակնկալիքով, բայց, ով զարմանք, այնտեղ Արտաշն էր, որ նույն հասակն ու չափը ուներ, ինչ-որ մնացյալ այլազան մկները:

Ավելին, Ռալֆը լսեց նաեւ Արտաշի խոսքերը, որոնք մկան մեղմ ճղրտոց կամ գթություն հայցող պաղատանքներ չէին, այլ անարգալի հանդուգն արտահայտություններ եւ հիշոցներ, որ չեմ ուզում վերարտադրել այս էջերում:

Պատահաբար այս դեպքին ականատես եղավ կենդանաբանական այգու ծառայողներից մեկը, որ ափիբերան մնաց, ապշահար, կարկամած ու հիացած: Ինքը, որպես մասնագետ, նման երեւույթի չէր հանդիպել իր ողջ կյանքի ընթացքում:

Մի մուկ մարտնչել էր օձի դեմ ու հաղթել:

Այնուհետեւ Արտաշը ցուցադրվեց կենդանաբանական այգի այցելող ժողովրդին: Կենդանաբանական այգիները մուկ չեն ցուցադրում, քանի որ մուկը սովորական կենդանի է:

Արտաշը ցուցադրվեց՝ որպես Արտաշ, հանց հանճար մկների աշխարհից:

Թող որ սա դաս լինի յուրաքանչյուրին, թերեւս, սիրելի ընթերցողին, գիտես, որ քեզ նկատի ունեմ, ակնարկս քեզ է:

Պատմվածքի թարգմանիչ՝ Վարդան Ֆերեշեթյան 

Գլխավոր լուսանկարը՝ asbarez.com-ի, Վիլյամ Սարոյանը Հայաստանում (Թալին)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter