HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

«Այդ ցույցը լացելով եմ լուսանկարել»․ արցախցի լուսանկարիչ

Անի Բալայանը լուսանկարիչ է։ Արցախի շրջափակման ութ ամիսների ընթացքում նա վավերագրել է Արցախում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները և մարդկանց առօրյան։ Անին դպրոցն ավարտել է այս տարի։ Ընդունվել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, զուգահեռաբար՝ նաև Հետք Մեդիա Գործարան։ Նա օգոստոսի 28-ին Արցախից Հայաստան տեղափոխված ուսանողներից մեկն էր։ «Հետքը» Անիի հետ զրուցել է նրա մեկնելուց մի քանի օր առաջ։

«Այսօր արթնանալու համար քնել էր պետք։ Գիշերվա ժամը մեկին գնացի, որ հա՛մ հաց գնեմ, հա՛մ հերթը նկարեմ, բայց պարզվեց՝ ո՛չ հաց կա, ո՛չ էլ հերթ, ասացին՝ ավելի ուշ կլինի։ Եկա տուն, էլ չկարողացա քնեի, ժամը հինգին նորից գնացի հացի ու հետո էլ եկա աշխատանքի»,- պատմում է Անի Բալայանը։ 

Նրա խոսքով՝ եթե առաջ շատ բաներ նախասիրությունների հարց էր, օրինակ՝ ուտելիքը, հիմա պետք է ուղղակի ինչ-որ բան ուտես, որ չուշաթափվես ու կարողանաս աշխատել։

«Քանի որ ընդհանրապես մեքենա չկա, ես ու իմ գործընկերներն ամեն օր ցույց լուսաբանելիս կամ որևէ մարդկային պատմություն անելիս վերցնում ենք մեր մեծ շտատիվը, տեսախցիկը ու ոտքով հասնում ենք քաղաքի մի ծայրից մյուսը: Էդ արևին, շոգին նկարահանում ենք անում, հետո էլի ոտքով հետ գալիս։ Բայց որ դրանից հետո գիշերը գնում ես տուն, պառկում քնելու, հասկանում ես, թե ինչի համար ես դա անում, էներգիայով ես լցվում ու գիտակցում, որ պիտի անես»,- ասում է լուսանկարիչը։

Անիի խոսքով, այս օրերին Արցախում լուսանկարելը շատ բարդ է։ Պատահում է, որ նույնիսկ հեռվից հացի հերթ նկարելիս մարդիկ մոտենում են, գոռգոռում ու թույլ չեն տալիս տեսախցիկը միացնել․ բոլորի նյարդերը լարված են։

«Արցախում առաջ էլ էր լուսանկարելը դժվար, բայց հիմա՝ էլ ավելի։ Մի փուռ կա էստեղ, միշտ մեծ հերթ ա լինում, անցնում էի կողքով, հեռախոսս հանեցի, որ հեռվից զում արած նկարեմ (դե, արդեն վախենում ենք շատ մոտենանք), մի կին եկավ ու սկսեց գոռգոռալ վրաս, ասում էր՝ ի՞նչ ես անում, ինչի՞ ես նկարում։ Ես էդ մարդկանց էլ եմ հասկանում, իրենք ասում են՝ արդեն ութ ամիս ա՝ նկարում եք, ի՞նչ եք փոխել էդ ձեր նկարածով, ի՞նչ առաջընթաց կա, մենք զուտ տեսնում ենք, որ մեր նկարը հայտնվել է Ֆեյսբուքում, հետո էդ նկարը ադրբեջանական տելեգրամյան ալիքները վերցնում են ու սկսում մեզ ծաղրել։ Այսինքն՝ ոչ մի ռեալ բան դրանից չի լինում»,- ասում է Անին։

Նա բացատրում է, որ դա մեծապես պայմանավորված է նրանով, որ մարդկանց հետ պետությունը աշխատանք չի կատարում, չի բացատրում, թե որքան կարևոր է այս իրավիճակում խոսելը, պատմելը կամ լուսանկարվելը։

«Մեկ-մեկ շատ եմ ջղայնանում, հանում եմ բեյջս եմ ցույց տալիս, դրանից մի քիչ հանգստանում են։ Բացատրում եմ, որ եթե դուք աշխատում եք խանութում, ու ձեր գործը ապրանք վաճառելն է, իմ գործն էլ սա ցույց տալն է, ու ես սա ինձ համար չեմ նկարում, այլ՝ բոլորիս, որ մի րոպե շուտ էս շրջափակումը վերջանա, որովհետև ես էլ ձեր նման հերթ եմ կանգնում, որ հաց առնեմ, ու օր է լինում, որ ձեզ պես ինձ էլ չի հասնում»,- պատմում է 17-ամյա լուսանկարիչը։

Նրա խոսքով՝ լրատվամիջոցների հետ փակ հանդիպումների ժամանակ պետական մարմիններն անընդհատ ընդգծում են մեդիայի դերը, խրախուսում անգլերեն լեզվով հրապարակումները, որպեսզի հնարավորինս լայն խմբեր տեղեկանան իրավիճակից։ Սակայն, երբ հերթը հասնում է, օրինակ, հիվանդանոցներ նկարելուն, որպեսզի ցույց տան դեղերի սղությունը կամ բացակայությունը, Առողջապահության նախարարությունից պատասխանում են, որ չի թույլատրվում։

«Անգամ պետական մակարդակով մարդիկ վախենում են խոսել, որ հանկարծ մի բան սխալ չասեն, ցույց չտան, բայց թե ինչից են վախենում, չեմ հասկանում։ Գործընկերս պատմում է, որ մի անգամ էլի տեսանյութ էին նկարում կաթնամթերքի հերթի մոտ, մարդիկ նորից բարկացել էին, ասել է՝ ով չի ուզում, թող ուղղակի դուրս գա կադրից։ Մարդկանց երբեմն էլ պետք է ստիպել նկարվել, խոսել, ասել, որ իրենք պիտի ցույց տան էս իրավիճակը»,- ասում է Անին։

«Սիվիլնեթի» արցախյան թիմը 4 աշխատակցից է բաղկացած, Անին միակ լուսանկարիչն է, հետևաբար մշտապես զբաղված է։ Ասում է, որ սկզբում ոգևորված էին, որ մի բան կանեն, կլուսաբանեն, ճանապարհը կբացվի, բայց հիմա հասկանում է, որ իրենցից որևէ բան կախված չէ, բայց, միևնույն է, պետք է շարունակել։

«Էս վերջին ցույցը, որ Վագիֆ Խաչատրյանի առևանգումից հետո կազմակերպվեց, լացելով եմ նկարել, որովհետև հա՛մ հարազատներն էին հուզված, հա՛մ մյուս մարդիկ։ Շատ կարևոր է մարդկանց նկարել, բայց կարևոր է նաև սահմանը պահել, որ, օրինակ, մարդը մոտենա քեզ, դու իրեն կարողանաս բացատրել, թե ինչու ես նկարում։ Ասես, որ հասկանում ես իրենց, բայց սա պետք է անել, անգամ եթե իրենք հարյուր անգամ էլ մոտենան քեզ, դու մեկ է՝ պիտի նկարես։ Նույնիսկ եթե հասկանում ես, որ դրանով որևէ գլոբալ հարց չես լուծում, շրջափակումը չես վերացնում, բայց այն տեսանելի ես դարձնում, ու հնարավոր է, որ դրանով մի քայլ ավելի ես մոտենում շրջափակման ավարտին, կամ գոնե քեզ հույս ես տալիս, որ էդպես է»,- պատմում է Անին։

Զբաղվածության պատճառով Անին չի կապվում միջազգային լրատվամիջոցների հետ, բայց իրեն գտնում են, ինքն էլ սիրով լուսանկարներ է տրամադրում։

«Այս ընթացքում աշխատել եմ BBC-ի, FrancePresse-ի, France24-ի և այլ լրատվամիջոցների հետ։ Չգիտեմ՝ ես ինձ շատ եմ մեղադրում, որ դրսում չգիտեն, թե ինչ ա կատարվում էստեղ։ Պարբերաբար միջազգային մամուլի հետ խոսում եմ, հարցազրույց տալիս, նկարներ տրամադրում, բայց լավ չի, որ 8 ամիս հետո նոր սկսում են հետաքրքրվել»,- ասում է Անին։

Գլխավոր լուսանկարում՝ Անի Բալայանը

Լուսանկարները՝ Անի Բալայանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter