HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Վերամակագրման թերթիկը չի հասել Աջափնյակ-1 նստավայր. կալանավորված դատավորի գործով ապացույցներն ուսումնասիրվում են

Հակակոռուպցիոն դատարանում սեպտեմբերի 1-ին շարունակվեց նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործի քննությունը: Նախագահող դատավորն էր Վահե Դոլմազյանը:

Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը` փոխելով Սերգեյ Գրիգորյանի խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատելով կալանքից։ Ըստ մեղադրող կողմի` Սերգեյ Գրիգորյանը Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է: 

Իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Արուսյակ Ալեքսանյանն արդեն 10 ամիս է` կալանավորված է: Էրիկ Ալեքսանյանն ազատ է արձակվել կալանքից: 

Այսօրվա դատական նիստին ներկա էին՝ հանրային մեղադրող Արմեն Գևորգյանը, ամբաստանյալներ՝ Արուսյակ Ալեքսանյանն ու Էրիկ Ալեքսանյանը և վերջիններիս պաշտպաններ՝ Անդրանիկ Մանուկյանն ու Գայանե Պապոյանը: Նիստին շարունակվեց գործում առկա գրավոր ապացույցների ուսումնասիրությունը: Մեղադրող դատախազ Արմեն Գևորգյանը ընթերցեց Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանի աշխատասենյակի խուզարկության արձանագրությունը, ինչպես նաև թվային խուզարկությունների արձանագրություններ, որոնց թվում՝ Թամարա Պետրոսյանի համակարգչի, հեռախոսի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի աշխատակիցների համակարգիչների խուզարկությունների արձանագրությունները: 

Էրիկ Ալեքսանյանը 2022-ի սեպտեմբերի 17-ին միջնորդություն է ներկայացրել դատարան՝ փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանի միջոցով Սերգեյ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու մասին: Դատարանի նախագահի պաշտոնակատար Գագիկ Պողոսյանն այն մակագրել է Արուսյակ Ալեքսայանին, սակայն նույն օրը Պողոսյանն այն վերամակագրել է Արմեն Շիրոյանին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սերգեյ Գրիգորյանի վերաբերյալ նախորդ միջնորդությունները Շիրոյանն է քննել:

Հանրային մեղադրող Արմեն Գևորգյանը հրապարակեց Մարիա Պետրոսյանի հեռախոսազանգերի ուսումնասիրությունների արձանագրությունը: Մարիա Պետրոսյանը Գագիկ Պողոսյանի հանձնարարությամբ 17:51-ին զանգել է Աջափնյակ-1 նստավայրի աշխատակիցներից մեկին և ասել, որ միջնորդության քննությունը մակագրվել է Արուսյակ Ալեքսանյանին, այնուհետև 17:57-ին Գագիկ Պողոսյանը զանգել է Մարիա Պետրոսյանին և հայտնել, որ Արուսյակ Ալեքսանյանին միջնորդությունները մակագրելու ընթացքում սխալ է թույլ տվել և հանձնարարել է հետ պահանջել միջնորդությունն ու ուղարկել վերամակագրման: Մարիա Պետրոսյանը կրկին զանգել է Աջափնյակ-1 նստավայրի աշխատակցին և փոխանցել Գագիկ Պողոսյանի ասածը:

Սակայն ինչպես նախորդ դատական նիստից պարզ դարձավ, Գագիկ Պողոսյանի գրության մեջ նշված է, թե աշխատակիցը, որը ունեցել է պարտականություն վերամակագրման թերթիկը համապատասխան դատարան ուղարկելու, հայտնել է, որ այդ թերթիկը ծանրաբեռնվածության պատճառով չի հասել: Իսկ ամբաստանյալների համոզմամբ՝ դատարանի նախագահը լիազորություն չուներ հեռախոսազանգի միջոցով հետ պահանջելու միջնորդությունը, Արուսյակ Ալեքսանյանն էլ նման պարտականություն չուներ վերադարձնելու:

Այսօր խուզարկությունների վերաբերյալ արձանագրությունների ընթերցմամբ էլ պարզ դարձավ, որ Սերգեյ Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդության քննության վերամակագրման թերթիկը չի հասել դատավոր Արմեն Շիրոյանի և Արուսյակ Ալեքսանյանի աշխատակազմեր:

Դատավոր Վահե Դոլմազյանը հանրային մեղադրող Արմեն Գևորգյանին հարցրեց, թե վերամակագրման թերթիկը Աջափնյակ-1 նստավայր չհասնելու կապակցությամբ որևէ մեկնաբանություն ունի՞: Գևորգյանն ասաց, որ ունի մեկնաբանություն, սակայն նախընտրեց այս փուլում զերծ մնալ հրապարակված ապացույցները գնահատելուց: «Մեկնաբանությունները ես կթողնեմ գրասենյակի համապատասխան մասնագետների և դատարանի նախագահի պաշտոնակատարի հարցաքննության ընթացքում կամ հարցաքննության ավարտին, որովհետև մեղսագրվող արարքը առերևույթ կապված է նաև գրասենյակի՝ դեռևս ինքնությունը չպարզված աշխատակցի հետ նախնական համաձայնությամբ որոշակի գործողություններ կատարելուն»,- ասաց Գևորգյանը:

Դատական նիստին միջնորդություն ներկայացրեց ամբաստանյալ Էրիկ Ալեքսանյանը, նա դատարանին խնդրեց թույլատրել հանգստի նպատակով այլ տեղանք մեկնել՝ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում: Միջնորդության քննությունը որոշվեց թողնել հաջորդ նիստին, քանի որ հանրային մեղադրող Արմեն Գևորգյանը ժամանակ խնդրեց միջնորդությանը ծանոթանալու համար:

Գործով հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 6-ին՝ 12:00-ին:

Գլխավոր լուսանկարում՝ Արուսյակ Ալեքսանյանն ու Անդրանիկ Մանուկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter