«Վայլդբերրիզը» 2023-ի առաջին կիսամյակում 175 մլն դրամի տույժ ու տուգանք է վճարել պետական բյուջե
ՀՀ ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության կողմից իրականացրած վերլուծական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ «ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ» ՍՊ ընկերության մոտ ներմուծման ԱԱՀ-ի մասով առկա են չհաշվարկված և պետական բյուջե չվճարված հարկեր` ԵԱՏՄ անդամ պետություններից իրականացված ներմուծման գործարքների մասով: Հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Մայիս-հուլիս ամիսների ընթացքում ՊԵԿ-ի կողմից անհամապատասխանությունները ներկայացվել են ընկերությանը, և շուրջ 20-օրյա բազմաթիվ քննարկումների և բացատրական աշխատանքների արդյունքում, ընկերությունն ընդունել է թերհայտարարագրման փաստը: Հաշվի առնելով մեծածավալ տվյալների մշակման և դրանց մասով հայտարարագրերի ներկայացման աշխատատար գործընթացը՝ վարչությունը, գործընկերային հարաբերություններից ելնելով, ընկերությանը ցուցաբերել է տեղեկատվության տրամադրում և այլ ընթացիկ հարցերում օժանդակություն` ռիսկերը չեզոքացնելու համար, որից հետո ներկայացվել են ճշտումներ:
Կատարված համատեղ աշխատանքների արդյունքում ընկերությունն օգոստոս ամսվա ընթացքում նախորդ` հունվար-հունիս ամիսների ներմուծման գործարքների մասով հայտարարագրել և պետական բյուջե է վճարել լրացուցիչ 3594,2 մլն դրամ հարկային պարտավորություն, որից 175 մլն դրամ` տույժեր և տուգանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ «Վայլդբերրիզ» ընկերությունը 2023 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի 28-րդ խոշոր հարկատուն է։ Ընկերությունը հունվար-հունիս ժամանակահատվածում Հայաստանի պետական բյուջե է վճարել 4.7 մլրդ դրամի հարկեր։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել