Դանիան պահանջում է կրճատել Կոպենհագենում ռուսական դեսպանության աշխատակիցների թիվը
Դանիայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Բարբինին հայտնել է, որ Կոպենհագենում ռուսական դիվանագիտական առաքելության աշխատակիցների թիվը պետք է կրճատվի այն մակարդակի, ինչը համապատասխանում է Մոսկվայում Դանիայի դեսպանության աշխատակիցների թվաքանակին։
Այսպիսով, սեպտեմբերի 29-ի դրությամբ Դանիայում ռուսական դեսպանատանը պետք է մնա 5 դիվանագետ և 20 վարչատեխնիկական աշխատակից։
Դանիական արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Դանիան ու Ռուսաստանը բանակցություններ են վարել դանիացի դիվանագետներին վիզայի տրամադրման շուրջ՝ Մոսկվայում այդ երկրի դեսպանության աշխատանքին աջակցելու համար։
«Բանակցությունները չեն հանգեցրել որևէ արդյունքի, քանի որ ռուսական կողմը մշտապես փորձել է բանակցությունների օրակարգ մտցնել ռուսական հետախուզության սպաներին վիզայի տրամադրման հարցը»,- հայտարարել է դանիական կողմը՝ չներկայացնելով որևէ այլ մանրամասնություն։
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո արևմտյան երկրները արտաքսել են ռուսաստանցի հարյուրավոր դիվանագետների։ Մասնավորապես, 2022 թվականի ապրիլին Դանիան հայտարարել էր այդ երկրից ռուսաստանցի 15 դիվանագետի արտաքսման մասին։ Ի պատասխան` Ռուսաստանը պերսոնա նոն գրատա էր հայտարարել Դանիայի դեսպանության 7 աշխատակցի։ Դանիացի ևս մեկ դիվանագետի էլ ռուսական կողմը հրաժարվել էր մուտքի արտոնագիր տալ։
Լուսանկարը՝ Wikimedia Commons/Thomas Dahlstrøm Nielsen
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել