HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Ռիդլի Սքոթի «Նապոլեոնը»

«Որքան մեծանում եմ, այնքան փորձում եմ խուսափել ձանձրալի ֆիլմերից: Փորձում եմ, որ յուրաքանչյուր հաջորդ նախագիծ ավելի արժեքավոր լինի»,- խոստովանել է 85-ամյա բրիտանացի ռեժիսոր Ռիդլի Սքոթը: Նրա հերթական մեծ նախագիծը՝ «Նապոլեոն» պատմական ֆիլմը, մեծ էկրան կբարձրանա այս տարվա նոյեմբերի 22-ին:

Ռեժիսորն իր առաջին լիամետրաժ ֆիլմը նկարահանել է 40 տարեկանում։ Հետաքրքիր է, որ այն նույնպես նապոլեոնյան պատերազմների շրջանի մասին էր՝ «Դուլյանտները» (The Duellists): Ջոզեֆ Կոնրադի վեպի հիման վրա նկարահանված այդ ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացել է լավագույն դեբյուտ մրցանակին:

Մինչ մեծ կինո մտնելը, Ռիդլի Սքոթը աշխատել է BBC-ում որպես դիզայներ, բեմադրող նկարիչ, հետո հիմնել է սեփական գովազդային ընկերությունը, նկարահանել է 2000-ից ավելի գովազդային հոլովակ։ Լիամետրաժ ֆիլմեր սկսել է նկարել 1977թ․-ից։

Ռիդլի Սքոթը հայտնի է որպես բազմաժանր, հետաքրքրությունների լայն շրջանակ ունեցող ռեժիսոր՝ գիտաֆանտաստիկականից («Օտարը», 1979 թ․) մինչև պատմական ֆիլմեր («Գլադիատոր» 2000թ․), ռոմանտիկ կատակերգությունից («Լավ տարի» 2006թ․) մինչև քրեական դրամա («Ամերիկյան գանգստերը» 2007թ․)։ Իր բոլոր ֆիլմերում ռեժիսորը մեծ ուշադրություն է դարձնում տեսարանին, պատկերին, լույսին և ստվերին, դեկորացիաներին։

Սքոթը իր նոր ֆիլմի մասին պատմել է Empire ամսագրին։ Ֆիլմը պատմում է ֆրանսիացի պետական և ռազմական ​​գործիչ Նապոլեոն Բոնապարտի մասին՝ նրա ծնունդից մինչև կայսր հռչակվելը: Կենսագրական ֆիլմում ռեժիսորը մեծ տեղ է տվել զորավարի սիրո՝ կնոջ՝ Ժոզեֆինայի հետ փոխհարաբերություններին։

Ֆիլմը կներկայացնի Նապոլեոնի հայտնի մարտերը, ցույց կտա նրա հավակնությունները, զարմանալի ռազմավարական միտքն ու զորավարի տաղանդը:

«Ոչ մի րոպե չեմ կասկածել, թե ով պետք է լինի Նապոլեոնի դերում։ Խոակին Ֆենիքսը ամենահաճելի տպավորություններն էր թողել «Գլադիատոր»-ի նկարահանման հրապարակում (Ֆենիքսը մարմնավորել է գլխավոր հերոսներից հռոմեական կայսեր Կոմոդուսին, հեղ․), իսկ նրա «Ջոքերի» դերից հետո հասկացա՝ այդ փոքրիկ դևը Նապոլեոնն է: Նա նույնիսկ նույն տեսքն ունի»,- պատմում է ռեժիսորը։

Ժոզեֆինայի դերը ֆիլմում մարմնավորել է Վանեսա Քիրբին։ «Նապոլեոն»-ի նկարահանումները տևել են 62 օր՝ Անգլիայում և Մալթայում։ Ֆիլմի վերջնական տարբերակը տևում է գրեթե երեք ժամ, սակայն Ռիդլին ունի չորսուկես ժամանոց տարբերակը, որտեղ պատմվում է նաև Ժոզեֆինայի կյանքի մասին՝ մինչև Բոնապարտի հետ հանդիպելը:

Սքոթը այս ֆիլմի վրա աշխատել է սցենարիստ Դեյվիդ Սկարպայի հետ։ Իր խոսքով՝ շատ բարդ գործընթաց է եղել:

«Հեշտ էր տարվել Նապոլեոնի մարտերով, բայց ես ուզում էի խոսել Նապոլեոնի մասին։ Այսպիսով, ես ինձ ստիպեցի վերադառնալ Ժոզեֆինայի մոտ»,- պատմում է Ռիդլի Սքոթը։

Պատմության մեջ ամենանշանավոր ու հակասական կերպար Նապոլեոն Բոնապարտին անդրադարձել են տարբեր ռեժիսորներ, նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր։ Արդեն պատկառելի տարիքում աշխարհահռչակ Ռիդլի Սքոթը որոշել է ավելացնել այդ շարքը ևս մեկ ֆիլմով և թողնել կինոյի պատմության մեջ իր «Նապոլեոնին», որի ականատեսը կինոսերները կլինեն շուտով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter