HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հնդկաստանը Արեգակի ուսումնասիրության տիեզերական կայան է արձակել

Հնդկաստանը հաջողությամբ իրականացրել է Արեգակի ուսումնասիրության Aditya-L1 ավտոմատ կայանի արձակումը։ Տիեզերական հետազոտությունների հնդկական կազմակերպությունը հայտարարել է, որ PSLV C57 (Polar Satellite Launch Vehicle) հրթիռ-կրիչը, որը տեղափոխում է ավտոմատ կայանը, արձակվել է Բենգալյան ծոցում գտնվող Շրիհարիկոտա կղզու վրա գտնվող ազգային տիեզերակայանից։ 

«Սարքավորումը արբանյակը հանել է ուղիղ նշված ուղեծիր։ Հնդկաստանի արեգակնային առաջին աստղադիտարանը իր ուղին է սկսել դեպի Արեգակ-Երկիր համակարգի L1 կետ»,- ասված է հաղորդագրության մեջ։

L1-ը Երկրագնդից գտնվում է մոտ 1,5 միլիոն կիլոմետր հեռավորության վրա։ Կայանը մերձերկրային ուղեծրում պետք է մնա 16 օր, իսկ դրանից հետո, ևս 110 օր, շարժվի դեպի L1 կետ։ Եթե առաքելությունը հաջողվի, ապա կայանը կստանա Արեգակի անխափան ուսումնասիրության հնարավորություն։

Aditya-L1-ը Արեգակի ուսումնասիրության հնդկական առաջին առաքելությունն է։ Դրա հիմնական նպատակներն են Արեգակի քրոմոսֆերայի ու արևապսակի ուսումնասիրությունը, մագնիսական դաշտի ու մասնիկների հոսքի չափումը։ Ընդհանուր առմամբ՝ դրա վրա յոթ սարքավորում կա, որից չորսը նախատեսված են հեռազննման, իսկ երեքը՝ տեղում ուսումնասիրության համար։ 

Այս տարվա ընթացքում սա Հնդկաստանի երկրորդ տիեզերական առաքելությունն է։ Հուլիսի 14-ին դեպի Լուսին էր արձակվել «Չանդրայան-3» կայանը, որը կրում էր «Պրագյան» լուսնագնացը։ Օգոստոսի սկզբին այն դուրս էր եկել Լուսնի ուղեծիր։ Օգոստոսի 23-ին «Վիքրամ» վայրէջքի մոդուլը, որը կրում էր «Պրագյան» լուսնագնացը, հաջողությամբ վայրէջք կատարեց Լուսնի մակերևույթի վրա։ Վայրէջքը տեղի էր ունեցել Լուսնի հարավային բևեռի հատվածում, որը քիչ է ուսումնասիրված։

Լուսանկարը՝ economictimes.indiatimes.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter