
Ռուսաստանը Ուկրաինայում պատերազմին մասնակցելու համար փորձում է հավաքագրել նաև Հայաստանի քաղաքացիներին. բրիտանական հետախուզություն
Ռուսաստանը հունիսի վերջին տարբեր միջոցներով դիմում է հարևան երկրների քաղաքացիներին ու Կենտրոնական Ասիայի երկրներից միգրանտներին, որպեսզի հավաքագրի նրանց՝ Ուկրաինայում մարտական գործողություններին մասնակցելու համար։ Այդ մասին իր կիրակնօրյա տեղեկագրում գրել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ռազմական հետախուզությունը։ Ի թիվս այլ երկրների` նշվում է նաև Հայաստանը։
«Հայաստանում և Ղազախստանում նկատվել են ինտերնետում հայտարարություններ, որոնք առաջարկում են 5140 դոլար նախնական դրամական ապահովում և աշխատավարձ` 1973 դոլարից սկսած: Ղազախստանի հյուսիսում գտնվող Կոստանայի մարզում տեղի են ունենում հավաքագրման փորձեր, որոնք հիմնականում տեղի էթնիկ ռուսների շրջանում են»,- նշվում է բրիտանական հետախուզության տեղեկագրում։
Latest Defence Intelligence update on the situation in Ukraine – 03 September 2023
— Ministry of Defence 🇬🇧 (@DefenceHQ) September 3, 2023
Find out more about Defence Intelligence's use of language: https://t.co/vWtgS987MP
🇺🇦 #StandWithUkraine 🇺🇦 pic.twitter.com/uUofSsu6hU
Բրիտանական կողմը պնդում է, որ առնվազն 2023 թվականի մայիսից Ռուսաստանը Ուկրաինայում մարտական գործողություններին ներգրավում է Կենտրոնական Ասիայից միգրանտներին՝ նրանց խոստանալով քաղաքացիության արագ տրամադրում և մինչև 4160 դոլար աշխատավարձ։
Առկա տվյալների համաձայն, ինչպես փոխանցում է բրիտանական հետախուզությունը, Մարիուպոլում ուզբեկ միգրանտ շինարարներից ժամանելուն պես հավաքել են անձնագրերն ու ստիպել անցնել ռուսական բանակի շարքերը։ Ռուսաստանում Կենտրոնական Ասիայից առնվազն 6 միլիոն միգրանտ կա, որոնց, Լոնդոնի կարծիքով, Կրեմլը դիտարկում է որպես պոտենցիալ ռեսուրս։
Բրիտանական հետախուզությունն այն կարծիքին է, որ նման գործողություններով Ռուսաստանը, հավանաբար, փորձում է խուսափել ներքին զորահավաքից։ Ընդ որում, Ռուսաստանում 2024 թվականին նախագահական ընտրություններ են կայանալու, իսկ հերթական զորահավաքը կարող է ներքաղաքական խնդիրների պատճառ դառնալ ու ազդել Պուտինի վարկանիշի վրա։
«Օտարերկրյա քաղաքացիների ներգրավումը Կրեմլին թույլ է տալիս լրացուցիչ անձնակազմ ստանալ ռազմական գործողությունների համար՝ աճող կորուստների պայմաններում»,- նշում է բրիտանական հետախուզությունը։
Լուսանկարը՝ Alexander Ermochenko/Reuters
Մեկնաբանել